Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Որքա՞ն է կազմում հրեշտակ ձևացող Սեյրան Սարոյանի ունեցվածքը

Բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն մոռանում են, թե ինչ են հայտարարագրել տարիներ առաջ և հրաժարվում են իրենց իսկ գույքից: Այդպես եղավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գալիք ընտրություններին պատգամավորության թեկնածու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեպքում:
Նվեր ստացած հողամաս և չհայտարարագրած առանձնատուն
2010թ. Գաննա (Աննա) Օնիշչենկոն ՀՀ Աժ պատգամավոր Սեդրակ Սարոյանին անհատույց նվիրել է Օդեսայի նահանգի Օվիդեոպոլսկի շրջանի Միզիկևիչ գյուղում գտնվող իրար հարևանությամբ երկու հողատարածք, որի ընդհանուր մակերեսը 0.200 հեկտար է: Հողամասը նախատեսված է կառուցապատման համար, ինչն էլ իրականացվել է, սակայն շինարարությունը մնացել է անավարտ:

Օնիշչենկոն նշված տարածքի սեփականատեր է դարձել 2005թ.: Թեև հայաստանցի պատգամավորին է նվիրել նշված անշարժ գույքը, սակայն կոմունալ վճարները կատարվում են դեռ Օնիշչենկոյի անունով:

ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը իր սկզբնական հայտարարագրում նշել է նաև Միզիկևիչում գտնվող գույքի մասին, սակայն այժմ չի «հիշում», որ նման գույք ունի:

Բանն այն է, որ Ս. Սարոյանը Ուկրաինայում, մասնավոարապես՝ Օդեսայի նահանգում մի քանի անուն գույք ունի, որից միայն մեկն է հայտարարագրել: Քանի որ գույքը մեկից ավելին է, պատգամավորը շփոթվել և հայտարարագրել է Միզիկևիչ գյուղում գտնվող այն գույքը, որի մասին այժմ չի հիշում և իր անունով չէ: Փոխարենը չի հայտարարագրել այն գույքը, որի մասին խոսում է, թեև մեծ դժվարությամբ:

Մենք եղել ենք այդ հասցեում: Իրար հարևանությամբ գտնվող երկու հողամասերից մեկի վրա վեր էր խոյանում երկհարկանի մի շինություն: Թաղամասում բնակվում էին մեծամասամբ մեծահարուստներ, կային բավականին շքեղ առանձնատներ:

Հարևանները գիտեին, որ նշված տունը պատկանում է հայաստանցի գեներալի: Նրանք պատմում էին, որ գեներալը հաճախ է լինում Օդեսայում, սակայն իր շքեղ առանձնատանն է ապրում, որը գտնվում է այդ շինությունից քիչ հեռու՝ ծովին մոտ: Նշված թաղամասում ևս մեծահարուստներ են ապրում: Իսկ կիսատ մնացած շինությունն էլ պատգամավորը նպատակ է ունեցել դարձնել հյուրանոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը կիսատ է մնացել:

Թաղամասը, որտեղ ամռան ամիսներին ապրում են Սեդրակ Սարոյանն ու իր ընտանիքի անդամները, հսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից և այնտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելված էր: Դա էր պատճառը, որ չկարողացանք տեսնել այն: Միայն տան տերերի համաձայնությամբ կարող էինք մուտք գործել, իսկ այդ ժամանակ Սարոյաններն Ուկրաինայում չէին:

Կիսակառույցում պահվող խունացած ու տեղ-տեղ դեղնած հատակագծից, որի պատվիրատուն եղել է Սեդրակ Սարոյանը, պարզ դարձավ, որ կիսակառույց շենքն ունի նկուղային հարկ, որի մակերեսը մոտ 265քմ է, ևս երկու հարկ և ձեղնահարկ: Նկուղային հարկում կա մոտ 68քմ մակերեսով ընդհանուր հյուրասենյակ, գինու համար նախատեսված առանձին սենյակ, համտեսի սենյակ, մարզասրահ, որի մակերեսը մոտ 49քմ է, տնային կինոթատրոն և այլն: Մնացած հարկերը և ձեղնահարկը բնակելի հատվածն են:

Շինությունն ընդհանուր առմամբ ունի 58 սենյակ, որից 11-ը՝ ննջասենյակ, 17-ը՝ սանհանգույց, 3-ը՝ մեծ սրահ և այլն: Շինությանը պահակություն էին անում ուկրաինացի ամուսիններ, որոնք բնակվում էին տարածքում կառուցված տնակում:

Ուկրաինայի Օդեսայի նահանգում Սեյրան Սարոյանը վաղուց է բիզնես կապեր հաստատել: Նա ծովափին ունի վարձակալած լողափ, ժամանակին աշխատեցնում էր նաև «Դուդուկ» հայկական ռեստորանը, սակայն արդեն 3-4 տարի է հրաժարվել է «Դուդուկից» և այն «Արտ-Շար» անվանումով շահագործում են դարձյալ հայեր՝ Արտաշատ քաղաքից: «Տեսանք մեր բիզնեսը չի, մեր խելքի բանը չի, հետ տվեցինք»,-ասում է Սեդրակ Սարոյանը:

Հայտարարագրված, բայց իրականության հետ կապ չունեցող գույք

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
«Հիշատակված ողջ անշարժ գույքը նույնական է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արտացոլված անշարժ գույքի հետ: Ս. Սարոյանի կողմից ներկայացված 2012-2016թթ. տարեկան հայտարարագրերում արտացոլված տվյալների համաձայն՝ համապատասխան ժամանակահատվածում անշարժ գույք չի օտարվել»:

Այնուհանդերձ, պատգամավորը հրաժարվում է իր իսկ հայտարարագրած գույքից:

2011-2015թթ. էթիկայի հանձնաժողով ներկայացրած Սեդրակ Սարոյանի հայտարարագրերով նրա եկամուտները և դրամական միջոցները նվազել են: Իսկ Կինը՝ Լիանա Սարոյանը, առհասարակ եկամուտ չի ստանում:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանցից հայտարարագիր են ներկայացնում միայն ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:

Սեդրակ Սարոյանի չափահաս երկու որդիները՝ Զարզանդ և Աշոտ Սարոյանները, միայն 2011թ. են հայտարարագիր ներկայացրել են: Նրանք ամուսնացել են և այլևս հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չեն: Նշված տարում եկամուտ ցույց է տվել միայն ավագ որդին:

«Ես կսթրվե՞մ կվարտիրի մեջ»
Մինչ Սեդրակ Սարոյանից պարզաբանում ստանալը վերջինիս օգնական Գևորգ Ստեփանյանն ասաց, որ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, թե Սարոյանը Ուկրաինայում գույք ունի:

«Ուկրաինայում ոչ մի բան չունի, ես ձեզ կարամ ասեմ հստակ»,-ասաց պատգամավորի օգնականը:

Օրեր անց մեզ հաջողվեց պարզաբանում ստանալ նաև Սեյրան Սարոյանից: Նա էլ դժվարությամբ հիշեց, որ գույք ունի: Սկզբում ասաց, որ «էն վախտերին» է ունեցել, սակայն մոր անունով:

«Դաժե մորս անունով էլ չի եղել, վայթե մեր Օդեսայի Վանիկի անունով է եղել, մենք ընդեղի գրաժդանստվա չունենք: Իրա անունով ա եղել, ծախել ա»,-ասաց Սեդրակ Սարոյանը: Հարցին, թե այս պահին գույք չունի՞, նեղսրտեց. «Հո երեխա չեմ»:

Երբ հերթական անգամ հիշեցրինք, որ ինքն է իր հայտարարագրում նշել ուկրաինական տան ու հողամասի մասին, «հիշեց», որ ունի և ամեն տարի գնում այնտեղ ապրում են՝ ապրիլից մինչև սեպտեմբեր:

Ասաց, որ ընդամենը մեկ հողամաս ունի, որի վրա էլ գտնվում է սեփական առանձնատունը: «10 հատ առնում եմ ինչ անեմ, հլա ասա: Որ գնում ժամանակավոր մնում ենք, երեխեքի կեսն էլ չեն գալիս, 10 հատ տուն առնենք ի՞նչ անենք, մի տունը հերիք չի՞: Սեփական տուն ա, բա տունը հողի վրա ա սարքած, կվարտիրա հո չէ, ես կսթրվե՞մ կվարտիրի մեջ, շունչս կկտրվի»,-չհայտարարագրած գույքի մասին պարզաբանում տվեց Ս. Սարոյանը: Իսկ թե ինչու էր օգնականի բերանով պատասխանում, որ Ուկրաինայում ընդհանրապես անշարժ գույք չունի՝ չհստակեցրեց:

Պատգամավորը նաև հերքեց, որ հանգստյան գոտի ունի Օդեսայում. «Սաղ Օդեսան էլ մերն ա, Օդեսան սաղ հանգստի գոտի ա, որ ունենամ ումի՞ց եմ վախում, հլա ասա: Ես ումից կարամ վախենամ, գողցե՞լ եմ այս երկրից, փողային պաշտոնի՞ եմ եղել, որ վախենամ: Որ ունենամ, կասեմ, էլի»:

Սեդրակ Սարոյանը, ակնարկելով Արցախյան ազատամարտի տարիները, նշեց, որ 20 տարի օձ ու կարիճների մեջ է եղել և չէր կարող բիզնեսով զբաղվել: «Ես որտե՞ղ էի, որ մի հատ էլ բիզնես անեի: Ես ի՞նչ եմ հասկանում բիզնեսից, որ գնամ բիզնես անեմ: Կարա՞մ, իմ խելքի բանը չի: Զահլա ունե՞մ, թող տղերքս զբաղվեն»,-ավելացրեց Սեդրակ Սարոյանը:

Սարոյանը հրաժարվում է իր ունեցվածքից
Օդեսայում գտնվող գույքը Սարոյանի ու նրա ընտանիքի անդամների միակ ունեցվածքը չէ: Նրանք Հայաստանում էլ ունեն տներ, հողամասեր, գործարաններ: Սակայն Սեդրակ Սարոյանը դրանից էլ է հրաժարվում: Ասում է՝ կամ հորն է պատկանել, կամ՝ մորը, իսկ ինքը բիզնեսի հետ կապ չունի: Նշենք, որ Սեդրակ Սարոյանի հայրը՝ Ֆիրդուս Սարոյանը, մահացել է 2012թ. մայիսին:

Էջմիածին քաղաքի սկզբնամասում գտնվող երկհարկանի շքեղ առանձնատունը, որն ունի նաև մեծ լողավազան, խորհրդային տարիներին եղել է պետական շենք: Սարոյաններն այժմ այդ տանն են ապրում: Պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունները: Ասաց, որ ներկայիս առանձնատունը եղել է գյուղվարչության շենքը, իսկ հայրը եղել է գյուղվարչութան պետը:

«Դաժե ես չեմ էլ ուզել վերցնեմ, ասին՝ ամոթ ա, որ քո հոր աշխատատեղը ուրիշ մարդ վերցնի: Դրա խաթր վերցրինք, ընկանք ձեռը կրակ: Վերջում մտածեցի, որ կարելի է տուն սարքել ըտեղ»,-ասաց Ս. Սարոյանը՝ հավելելով, որ շենքը հին է եղել, փայտյա տանիքով: Նշենք, որ Սեդրակ Սարոյանն այդ առանձնատունը տարիներ առաջ հայտարարագրել է որպես սեփական գույք, սակայն մեզ հետ զրույցում հրաժարվեց և նշեց, որ դա իր հոր տունն է, նրա անունով է եղել:

Մեր տեղեկություններով՝ նման շքեղ առանձնատուն ունի Ազատություն պողոտայում, որը կառուցել է իրեն պատկանող հողատարածքի վրա: Սակայն պատգամավորը հրաժարվեց նաև դրանից: Փորձեցինք այդ տարածքում գտնել Սարոյանի տունը, սակայն մեզ չհաջողվեց առաջ գնալ՝ մեծահարուստ օլիգարխներին պատկանող առանձնատների անվտանգության աշխատակիցները պարզապես թույլ չտվեցին:

«Ա՜, ստից խոսում են: Այդ տունը ցույց տուր, գամ տամ քեզ նվեր: Երևու՞մ ա, որ ես վախեցող մարդ եմ: Հենց այդ տունը գտնես, պրյամոյ վերցրա քեզի»,-ասաց Սեդրակ Սարոյանը:

Սեդրակ Սարոյանին է պատկանում նաև Էջմիածնի «Սարկոպ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվել է գինու, օղու, կոնյակի, հյութերի արտադրությամբ:

«Սարկոպ»-ը Էջմիածնի «Վաղարշապատ» գինու գործարան ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Հիմնադրվել է 2007-ին: Հիմնադիրներից մեկը եղել է Սեդրակ Սարոյանի մայրը՝ Օֆիկ Սարոյանը: Վերջինս ընկերությունից դուրս է եկել 2009թ. և նույն թվականին ընկերության 50% սեփականատեր է դարձել Սեդրակ Սարոյանը: Մյուս 50%-ի սեփականատերը ռուս գործարար է՝ Յուրի Կոպտևը: Սեդրակ Սարոյանն ասաց, որ այս ընկերությամբ էլ է հայրը զբաղվել, իսկ այժմ որդիներն են զբաղվում, քանի որ «զահլա չունի»:

Նշենք, որ «Սարկոպ» ՍՊԸ-ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016թ. մարտ ամսին հարկադիր սնանկացման գործընթաց է սկսել, և գործն այժմ դատարանում է:

2003թ. Օֆիկ Սարոյանի կողմից հիմնադրվել է «Նիկ ընդ Վազգ» ՍՊԸ-ն: Ընկերությունը զբաղվել է օգտակար հանածոների արդյունահանմամբ: Մասնավորապես՝ արդյունահանել է Լուկաշինի տուֆը: Սակայն, ըստ պետռեգիստրի տվյալների՝ Օ. Սարոյանը ընկերությունից դուրս է եկել 2009թ. և այժմ սեփականատերն այլ մարդ է:

Պատգամավորի մորն է պատկանում նաև Երևանի Կենտրոնում գտնվող «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ն:

Սարոյաններին է պատկանում նաև 2005թ. ստեղծված «Ֆիրդուս Սարոյան» ՍՊԸ-ն: Ըստ պետական ռեգիստրի՝ ընկերության միակ սեփականատերը շարունակում է մնալ պատգամավորի հանգուցյալ հայրը՝ Ֆիրդուս Սարոյանը:

դիտվել է 225842 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են