Երևան
19 / Հուլիս / 2018

Անսպասելի սկզբունքային քայլ. Մանե Թանդիլյանն ուղղեց սխալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունել սոցապնախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը եւ նրա հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Թանդիլյանը մնում է նախարարի պաշտոնում: Մանե Թանդիլյանն էլ ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ նշում է, թե չի փոխել իր կարծիքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, բայց մնում է համակարգը արագ բարեփոխելու նպատակով, ինչի ուղղությամբ պետք է մշակվի օրենսդրության նախագիծ: Թանդիլյանը միաժամանակ ասել է, որ չի կենտրոնանալու միայն այդ խնդրի վրա եւ լիարժեք աշխատելու է սոցապ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ:

Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց կառավարության արտահերթ նիստում հայտնի քվեարկությունից մի քանի ժամ անց: Կառավարությունը որոշեց, որ պետք է շարունակի կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը, որը մասնավոր սեկտորի համար ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Դա նախորդ կառավարությունների որոշումն էր, իսկ նոր կառավարությունը հայտարարեց, որ համակարգն առնվազն կիսով չափ ներդրված ու գործում է՝ պետական սեկտորի համար 2014 թվականից, ըստ այդմ կա լուրջ խնդիր դրանից հետ կանգնելու համար:

Այլ կերպ ասած, կառավարությունը կանգնած է փաստի առաջ եւ չի կարող այն հաշվի չառնել, քանի որ հետաձգումը հղի է ավելի մեծ խնդիրներով: Արծվիկ Մինասյանը հայտնեց իր հայտնի դիրքորոշումը, բայց կողմ քվեարկեց ու հայտարարեց, որ հրաժարական էլ չի տա: Մանե Թանդիլյանն էլ հայտարարել էր, որ դիրքորոշումը դեմն է, բայց հաշվի է առնում, որ փաստի առաջ պարտադրված են կողմ քվեարկել: Քվեարկեց ինքն էլ, իսկ մի քանի ժամ անց հայտնի դարձավ հրաժարականի մասին:

Ինչու՞ Մանե Թանդիլյանը չհրաժարվեց քվեարկելուց, այսինքն ինչու՞ հրաժարականի մասին չհայտարարեց քվեարկելուց առաջ: Ի՞նչ տեղի ունեցավ մի քան ի ժամ անց:

Բոլոր դեպքերում, հրաժարականից հետո Մանե Թանդիլյանը հերոս էր, շատ ֆեյսբուքյան օգտատերերի համար՝ սկզբունքայնության խորհրդանիշ:

Իրականում, Թանդիլյանի այդ քայլն ավելի շատ կարող էր լինել անպատասխանատվության խորհրդանիշ, քան սկզբունքայնության: Ըստ այդմ, Թանդիլյանը սկզբունքային եւ պատասխանատու որոշում կայացրել է մնալով նախարարի պաշտոնում:

Բանն այն է, որ ԴԵՄ ԵՄ շարժումը, որի աշխույժ եւ առաջատար մասնակիցներից էր այն ժամանակ դեռեւս քաղաքականություն չտմած Թանդիլյանը, իր պատասխանատվության մեծ բաժինն ունի ներկայիս իրավիճակի համար: Բանն այն է, որ շարժումը դեռեւս Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում սկսելով պայքարը պարտադիր կուտակային համակարգի դեմ, գործնականում հասավ ոչ թե հաջողության, այլ իրավիճակի նենգափոխման եւ խնդրի աղճատման: Միակ կոնկրետ արդյունքը այն էր, որ շարժումը օգտագործեց հայտնի ոչիշխանական քառյակը՝ Տիգրան Սարգսյանին հեռացնելու եւ նրա փոխարեն Հովիկ Աբրահամյանին բերելու համար:

Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո եղավ ԴԵՄ ԵՄ-ի հետ վտանգավոր եւ անպատասխանատու փոխզիջումը: Բանն այն է, որ կառավարությունը հեռաձգեց պարտադիր կուտակայինը մասնավոր սեկտորի համար՝ մինչեւ 2018-ի հուլիս, իսկ պարտադիրը կիրառեց պետական սեկտորի աշխատողների հանդեպ, բյուջետայինների հանդեպ: ԴԵՄ ԵՄ-ը, որ սկզբունքորեն դեմ էր պարտադիր կուտակայինին, դեմ չեղավ, որ մասնավորի մասով այն հետաձգվի՝ ընդ որում չչեղարկվի, այլ հետաձգվի, իսկ բյուջետային աշխատողների մասով պարտադիրը մտնի ուժի մեջ հենց 2014 թվականից:

Ինչու՞ ԴԵՄ ԵՄ շարժումը մինչեւ վերջ չկանգնեց ու չպնդեց պարտադիր կուտակայինը որեւէ տեսքով, որեւէ սեկտորի համար չեղարկելու պահանջը: Թե ինչու կառավարությունը գնաց այդօրինակ փոխզիջման, պարզ է՝ 2000 հազար աշխատողի դեպքում կուտակայինը պարտադիր մտավ ուժի մեջ, իսկ մնացյալի մասով էլ հարցը հետաձգվեց ընտրական 2017-18 փուլից հետո, երբ իշխանությունը կլիներ ավելի հանգիստ, գլխացավերից զերծ:

Այդպիսով, ԴԵՄ ԵՄ շարժումը, այսպես թե այնպես, հանգեցրեց ընդամենը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության եւ Հովիկ Աբրահամյանի վարչապետության, կուտակային պարտադիր համակարգի փաստացի «լատենտ» ներդրման, ինչի փաստի առաջ կանգնեց այժմ նոր կառավարությունը եւ այդ թվում դրա անդամ դարձած, ԴԵՄ ԵՄ-ից քաղաքականություն եկած Թանդիլյանը:

Այդ պատմական բեռով, հրաժարականը չէր կարող լինել սկզբունքային եւ պատասխանատու քայլ, որովհետեւ սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը պետք է լինի հակառակը՝ պատասխանատու լինել նաեւ սեփական կամա թե ակամա դերակատարման հետեւանքով ստեղծված վիճակի եւ դրա հաղթահարման համար, ոչ թե միավոր հավաքել կառավարության մյուս անդամների հաշվին եւ դառնալ հանրության հերոս:

Այդ տեսանկյունից, Թանդիլյանի հրաժարականը անպատասխանատու քայլ էր, ու հատկանշական է, որ արժանացավ հանրության գերակա հիացմունքին՝ Հայաստանի հանրությունը լայն իմաստով չունի անձնական պատասխանատվության մշակույթ, այլապես, օրինակ, այդ հանրության նյարդերի, առողջության ու ապագայի հաշվին տարիներ շարունակ չէին «մակաբուծի» վաղուց սպառված քաղաքական միավորներ եւ գործիչներ, որոնք անգամ այժմ հավակնում են նոր Հայաստանում վերարտադրության:

Ըստ այդմ, հրաժարականի անպատասխանատու քայլից հրաժարվելն ու աշխատանքի վերադառնալը՝ կուտակային համակարգում ստեղծված իրավիճակի վերափոխման հանձնառությամբ, արդեն գործնականում խորքային առումով պատասխանատու եւ սկզբունքային քաղաքական գործչի քայլ էր: Ըստ էության քայլ, որը Մանե Թանդիլյանին դարձրեց քաղաքական գործիչ:

Նյուի աղբյուր՝  Lragir.am

դիտվել է 32240 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են