Երևան
20 / Հուլիս / 2018

Լավրովի ակնարկն Ալիեւին. Մինսկի խումբը ճանաչում է Արցախը

«Կարգավորման ուղղությամբ մենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ զբաղվում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Բաքվի ու Երևանի լիարժեք համաձայնությամբ մենք աշխատում ենք, որպեսզի իրականացնենք խնդիրները, որոնք բոլորիս առջև կանգնած են: Որպեսզի դա տեղի ունենա՝ անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի կոնսենսուսը», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ եւ շարունակում է զբաղվել քաղաքական կարգավորման ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ուղղությամբ:

Լավրովը, որի խոսքը մեջբերել է Արմենպրեսը, անում է բավական հետաքրքիր հայտարարություն, որի տողատակում Արցախի որպես հակամարտության կողմ մատնանշումն է: Բանն այն է, որ Մինսկի խումբը ստեղծվել է ժամանակահատվածում, երբ Արցախը կողմ էր, ներգրավված էր բանակցային գործընթացում, ստորագրում էր 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը:

Լավրովը խոսում է այն մասին, որ աշխատում են Երեւանի եւ Բաքվի լիարժեք համաձայնությամբ, բայց միեւնույն ժամանակ նշում է, որ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի «կոնսենսուսը»: Փաստացի, ՌԴ արտգործնախարարը խոսում է Երեւանի եւ Բաքվի «լիարժեք համաձայնությամբ» աշխատանքի մասին, սակայն անհրաժեշտ համարում «բոլոր կողմերի կոնսենսուսը»:

Արդյոք Լավրովը ակնարկում է, որ չնայած Երեւանի եւ Բաքվի «լիարժեք համաձայնությանը», այդուհանդերձ դա «կոնսենսուս» չէ, որովհետեւ կա եւս մեկ կողմ էլ: Ահա այդ ֆոնին է հետաքրքիր նրա հիշեցումը, որ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ:

Մի քանի օր առաջ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի հետ ասուլիսում անդրադառնալով լրագրողների հարցին՝ Արցախը բանակցային կողմ դիտարկելու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության մասով, Լավրովը ասել էր, որ դա Երեւանի ու Բաքվի համաձայնության հարցն է, քանի որ Արցախը եղել է բանակցության կողմ ինչ որ ժամանակ, բայց հետո Երեւանի ու Բաքվի համաձայնությամբ դադարել է լինել բանակցության մասնակից: Լավրովը ասել էր, որ եթե Երեւանն ու Բաքուն որոշեն, որ Արցախը վերադառնա բանակցության, իրենք կհարգեն եւ կընդունեն այդ որոշումը:

Այժմ Լավրովը փաստորեն ասում է, որ մինչեւ Արցախը չվերադառնա որպես լիարժեք կողմ, չի կարող լինել քաղաքական արդյունավետ կարգավորում, հնարավոր չէ լուծել խնդիրներն առանց «կոնսենսուսի»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջացրեց շատ քննարկումներ, որոնց պարագայում ամենահետաքրքիրն այն է, որ հայտարարությունը բավական դժվար եւ լարված ընդունեցին Ադրբեջանը եւ Հայաստանի որոշ շրջանակներ, դա գնահատելով ապակառուցողական: Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը շատ ավելի հանգիստ էր:

Դա թերեւս հասկանալի է, որովհետեւ ի վերջո Մինսկի խումբը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգով ինքն է առաջարկում Արցախը ճանաչել կողմ, ճանաչել Արցախի սուբյեկտությունը: Հրադադարի պահպանման եւ հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը այլ բան չէ, քան Արցախի եւ Ադրբեջանի սահմանի յուրօրինակ ճանաչում, ըստ այդմ Արցախի սուբյեկտության ճանաչում:

Այլ խնդիր է, որ համանախագահ եռյակը գոնե առայժմ իր վրա չի վերցնի այդ մասին բարձրաձայն եւ ուղիղ հայտնելու պատասխանատվություն, քանի որ ռազմավարական իմաստով եռյակի խնդիրը իրավիճակի քաղաքական կառավարումն է: Իսկ այն արդեն իսկ զգալի փակուղում է, եւ Արցախի բանակցային կողմ դառնալու մասին համանախագահների հայտարարությունները ավելի կխորացնեն փակուղին:

Այլ հարց է, երբ հայկական կողմերն են այդ խնդիրը դնում քաղաքական օրակարգում եւ փորձում մղել առաջ, ստեղծելով նոր իրավիճակ, ըստ այդմ էլ Մինսկի խմբի համանախագահ եռյակի համար ստեղծելով իրավիճակի քաղաքական կառավարման ուղղությամբ աշխատանքի նոր դաշտ:

Ինքնին հասկանալի է, որ Արցախի բանակցություն վերադարձի հանգամանքը նրանց համար արդարության հարց չէ, այլ շահի, անվտանգության, եւ ըստ այդմ դա կարող է նրանց պետք լինել օրինակ Բաքվի հետ իրենց հարցերը լուծելու, Բաքվի հետ առեւտրի համար: Օրինակ, գուցե դրանով են պայմանավորված Լավրովի բազմիմաստ ակնարկները: Բայց դա քաղաքականություն է, այլ կերպ չի լինում, եւ եթե համանախագահները հարցը վերցնում են իրենց զինանոց, ուրեմն ստեղծվել է իրավիճակ, երբ չեն կարող անտեսել դրա գոյությունը: Ըստ այդմ, Հայաստանի խնդիրն է ստեղծած իրավիճակը պահելն ու առաջ տանելը, որպեսզի համանախագահները Բաքվի հետ հարցերում չկարողանան անտեսել նաեւ Հայաստանի ու Արցախի շահն ու անվտանգությունը՝ իհարկե իրենց շահից ելնելով:

Այստեղ է խնդիրը, որի լուծման համար հայկական կողմն ունի նոր հնարավորություններ, ելնելով այն նոր իրավիճակից, որ ձեւավորվել է Հայաստանում:

Ըստ այդմ, չպետք է օրինակ խուճապի կամ գլուխն ափերի մեջ առնելու պատճառ կամ առիթ դառնա այն, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մայիսին ասենք չորս անգամ տարբեր առիթներով շնորհավորել է Ալիեւին: Ավելին, դրանից գուցե Ալիեւը ունենա գլուխն ափերի մեջ առնելու պատճառ, որովհետեւ Թրամփը այդ շնորհավորանքների տողատակում շատ հստակ ակնարկել է, որ սպասում է Ադրբեջանի որոշակի զիջումների ԱՄՆ հետ հարաբերության հարցում: Դրա կողքին այժմ Լավրովն է ինչ որ բան հիշեցնում Ալիեւին: Այդ պարագայում Ադրբեջանի նախագահին չի մնում ոչինչ, քան իր երկրի ներսում աշխուժորեն բեմադրել Նախիջեւանում ինչ որ «ձեռքբերումներ», որովհետեւ իրական քաղաքականության ռեժիմում Ադրբեջանը շարունակում է լինել քառօրյայից հետո ռազմա-քաղաքական անկումային ռեժիմում, որն ուղղակի թե անուղղակի խորացնում է այն, որ Հայաստանն է խորքային առումով վերելքի ռեժիմում:

Իհարկե գլխավոր խնդիրը այն է, որ Հայաստանն իր այդ ռեժիմը կարողանա վերածել կամ շարունակի արդյունավետորեն վերածել անվտանգության եւ ռազմա-քաղաքական կապիտալի:

Նյուի աղբյուր՝  Lragir.am

դիտվել է 73300 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են