Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Սարգսյանի ուշագրավ հանդիպումն ԱՄՆ-ում. ինչ գիտե Փաշինյանն այդ մասին

Հայաստանի նախագահ աշխատակազմը հայտնել է, որ ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սարգսյանը կարող է քաղաքավարական հանդիպում ունենալ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Ինչ է նշանակում քաղաքավարական հանդիպումը զուտ ֆորմատի առումով, դեռեւս պարզ չէ՝ դա լինելու է այսպես ասած ոտքի վրա ձեռքսեղմում, թե ավելի բովանդակալից զրույց: Բոլոր դեպքերում, փաստն ինտրիգային է, ավելի շուտ այնպիսին, որ կարող է յուղ լցնել արդեն իսկ Հայաստանում շրջանառվող ինտրիգի վրա՝ նախագահ Սարգսյան-վարչապետ Փաշինյան շահերի բախման կամ դիմակայության ինտրիգի:

Այդ մասին մամուլում են եղել հրապարակումներ, կողմերը նաեւ որոշակի տարբեր կարծիքներ են արտահայտել Սահմանադրությամբ լիազորությունների վերաբաշխման մասին: Արմեն Սարգսյանի այցը Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ, մեկնաբանել էր նաեւ վարչապետի խոսնակը, ի պատասխան Արմենպրեսի հարցի, թե արդյոք Սարգսյանը վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցրել է հանդիպումը: Խոսնակը հղում էր կատարել Սահմանադրությանը, ասելով, որ ըստ դրա համաձայնությունը պարտադիր է եւ այցը պետք է դիտարկել այդ դրույթի շրջանակում:

Այդուհանդերձ չկար ուղիղ պատասխան, թե այո՝ նախագահ Սարգսյանը համաձայնեցրել է այցը վարչապետ Փաշինյանի հետ:

Ահա այդ «նախաբանի» պայմաններում տարածվում է տեղեկությունը գերտերության պետքարտուղարի հետ հանդիպման մասին, թեկուզ քաղաքավարական: Իսկ ըստ «սահմանադրության», վարչապետի հետ համաձայնեցվա՞ծ են այդ հանդիպումները, օրինակ պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպումը, որովհետեւ դրա մասին այցից առաջ կարծես թե հայտնի չէր:

Մյուս կողմից, արդյոք ամեն ինչ պետք է դիտարկել այս ինտրիգի շրջանակում: Թե՞ ի վերջո կա խնդիր, որտեղ բոլոր ինտրիգները պետք է դրվեն մի կողմ, համենայն դեպս բանականության եւ բարոյականության թելադրանքով, եւ պետք է մեկտեղվեն ու մեկ նպատակի ծառայեն ռեսուրսները: Այդ խնդիրը հայկական պետականության առանցքային հարցն է՝ Արցախն ու այդ համատեքստում անվտանգությունը, ինչը հայկական պետականության աշխարհքաղաքական ողնաշարն է, որտեղ որեւէ վնաս կարող է ունենալ ճակատագրական հետեւանք:

Այդ իմաստով Հայաստանի նոր իշխանության, ընդհանրապես նոր իրավիճակի պարագայում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Խոշոր հաշվով, Հայաստանը ներկայում պատմական փուլում է, ինչը նաեւ հնարավորություն է Արցախի խնդրում այն փոսից դուրս գալու համար, որտեղ հայտնվել է հայկական քաղաքականությունը նախորդ երկու տասնամյակում կիրառված մարտավարության եւ ռազմավարության հետեւանքով:

Միեւնույն ժամանակ, նոր մարդկանցով հանդերձ, կա իհարկե արտաքին քաղաքական ու անվտանգային այդ խնդրում փորձառության հարց: Այդ իմաստով հատկանշական է Արմեն Սարգսյանի արած մի հայտարարություն, երբ Հայաստանում դեռեւս նոր էր տեղի ունեցել նախագահի ընտրություն: Հեռուստահարցազրույցում հարցին, թե ո՞վ է բանակցելու Արցախի խնդրում (հետաքրքիր էր այդ հարցն ինքնին, երբ հասունանում էր Սերժ Սարգսյանի վարչապետությունը), Արմեն Սարգսյանը տվեց ուշագրավ պատասխան՝ թե երբ կավարտվի նոր կառավարության եւ իշխանության ձեւավորումը, «բոլորով միասին կնստեն ու կորոշեն» թե բանակցության ռազմավարությունը, թե բանակցողին: Ընդ որում, Սարգսյանն արեց մի հայտարարություն, թե անկախ ամեն ինչից, ու նաեւ անկախ, թե ինչ կստացվի բանակցությանը, իր կարծիքով բանակցության գնալ պետք է այն մոտեցմամբ, երբ Ադրբեջանի համար հստակ կլինի, որ Հայաստանը գնում է ամեն ինչ պահանջելու:

Արդյոք Հայաստանում նստել են «բոլորը միասին» եւ որոշել, թե ով պետք է բանակցի ու ինչ ռազմավարություն պետք է որդեգրել, թե՞ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքներն այդ հարցում տարբեր են եւ ներկայում նրանք փորձում են Մինսկի խմբի համանախագահ երկրներում պաշտպանել բանակցող լինելու «իրավունքը»:

Այդ մասին կան խոսակցություններ եւ հրապարակումներ մամուլում: Վերջին հաշվով, Հայաստանի Սահմանադրության համաձայն, նախագահը չունի արտաքին քաղաքականության հարցերում բանակցելու իրավասություն: Արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ վարչապետի եւ կառավարության տիրույթում է:

Մյուս կողմից, Արմեն Սարգսյանն ունի միջազգային կապերի, հարաբերությունների փորձառություն եւ արցախյան խնդրում դա ռեսուրս է, որից հրաժարվելը Հայաստանի համար թերեւս կլինի ճոխություն: Ավելին, ռեսուրսների բազմազանությունը՝ Արմեն Սարգսյանի թեկուզ առայժմ առավելությունը արտաքին կապերում, Նիկոլ Փաշինյանի գերազանցությունը ներքին լեգիտիմության հարցում կարող են արդյունավետ համադրվելու դեպքում հայկական պետականության առանցքային հարցում տալ բավական մեծ արդյունք:

Ըստ այդմ, անկախ անձնական կամ թիմային քաղաքական խնդիրներից, որ կարող են լինել Սարգսյան-Փաշինյան տիրույթում եւ որոնց անդրադարձել եմ նախորդ հոդվածներից մեկում, այդուհանդերձ ոչ միայն պետք չէ բացառել, այլ թերեւս երկու գործիչներն էլ ունեն մտածողության բավարար համարժեքություն՝ հիմնարար խնդրում համատեղ աշխատելու համար (նրանք դա դրսեւորեցին թավշյա հեղափոխության կրիտիկական պահին), քանի որ հակառակը հարվածելու է երկուսին էլ: Պոպեոյի հետ հանդիպումը հնարավոր է դիտարկել հենց այդ համատեքստում:

Դա կարեւոր է հատկապես ներկայիս «անցումային» փուլում, երբ նախկին համակարգն ու մեխանիզմները ապամոնտաժվում են, իսկ դա ենթադրում է նաեւ որոշակի ազդեցություն արտաքին հարաբերությունների մասով, իսկ նոր համակարգ դեռեւս չկա:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 45360 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են