Երևան
23 / Հուլիս / 2019

«Մենք բոլորս ունենք մեկ գլոբալ խնդիր, և դա հայկական հարցի լուծումն է». Լիլի Ավագյան

«Հարցազրույց Ելակետում»-ի հյուրն է ամերիկաբնակ հասարակական գործիչ, հեռուստահաղորդավարուհի Լիլի Ավագյանը:

Ապրելով, ստեղծագործելով, աշխատելով Ամերիկայում, հաճախ եք լինում Հայաստանում: Այս անգամ առիթը ո՞րն էր: Անկեղծ ասած՝ ես միշտ փնտրում ու գտնում եմ առիթներ հայրենիք այցելելու համար, չնայած առիթներ անկախ իրենցից ստեղծվում են, բայց եթե չէ, ես ինքս կստեղծեմ դրանք անպայման: Այս անգամ երկու առիթով էի այցելել: Առաջինը հայ-իրավաբանական միության պաշտոնական այցն էր Արցախ և հանդիպումը թե՛ պաշտոնատար անձնաց, թե՛ իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ: Ինձ թվում է՝ շատ արդյունավետ հանդիպում եղավ, փորձի փոխանակումներ եղան:

Երկրորդ պատճառը համաժողովն էր, որը լինում է երկու տարին մեկ անգամ և ես երկրորդ անգամն էի մասնակցում: Ինձ թվում է՝ դա նույնպես այն հետաքրքիր ծրագրերից է, որը որ կրկին նպաստում է փորձի փոխանակմանը, որը մեր երկրի համար շատ կարևոր է:

Ամերիկայում հայ համայնքը ի՞նչ խնդիրներ ունի:
Հայկական համայնքում խնդիրներ որպես այդպիսին առանձնացնել չեմ կարող, բայց մենք բոլորս ունենք մեկ գլոբալ խնդիր, և դա հայկական հարցի լուծումն է, հայոց ցեղասպանության ճանաչումն է, որին հնարավորինս փորձում ենք նպաստել: Շատ լուրջ աշխատանքներ են տարվում և այդ աշխատանքների արդյունքում 48 նահանգ արդեն ճանաչել է ցեղասպանությունը: Աշխատանքները շարունակվու մ են տարվել, հատկապես երիտասարդությունը շատ ակտիվ է:

Ամիսներ առաջ Հայաստանում շատ լարված իրավիճակ էր,տեղի ունեցավ հեղափոխություն: Որքանո՞վ օգնեց սփյուռքը այդ հեղափոխությանը, և գալով Հայաստան, տարբերություն տեսնում ե՞ք:

Սփյուռքի օգնությունը ավելի հոգեբանական սատարում կարող ենք կոչել, որովհետև ինձ համար գլոբալ խնդիր էր իմ հայրենակիցների անվտանգությունը:Եվ ես հպարտ եմ, որ ամբողջ աշխարհում մենք որպես օրինակ ունեցանք մեր հեղափոխությունը, որ իրոք, եղավ թավշյա հեղափոխություն, առանց որևէ զոհերի, խնդիրների: Ինչ վերաբերում է փոփոխություններին,ուզում եմ օբյեկտիվ լինել, փոփոխությունները միանգամից ակնհայտ չեն կարող լինել, ուրախ եմ, որ ղեկավարությունը երիտասարդացել է, ավելի թարմ մտքերով ու թարմ տեսանկյուններով է մոտենում հարցերին: Հուսամ, որ այդպես էլ կշարունակվի:

Բացի հասարակական գործունեությունից զբաղվում եք նաև հեռուստահաղորդավարությամբ, լրագրությամբ: Ըստ Ձեզ՝ ավելի բարդ է աշխատել սփյուռքում ապրող հայերի համար, թե՞ Հայաստանում ապրող հեռուստադիտողի համար:

Եթե այս հարցը ինձ հնչեր 10 տարի առաջ, ես կասեի՝ շատ բարդ է աշխատել Հայաստանում ապրող հեռուստադիտողի, ընթերցողի, քան սփյուռքի, որովհետև այնտեղ այնպիսի իրավիճակ էր ժամանակին, որ ցանկացած հայկական, հայերեն երևույթ դիտվում էր որպես մերը և ընդունելի էր: Հիմա մենք ավելի շատ ենք այնտեղ և այդ ամենի արդյունքում ավելի պահանջկոտ ենք, որովհետև մրցակցություն կա:
Մեդիադաշտը այսօր չի ծառայում նույն նպատակին, ինչ ծառայել է 20 տարի առաջ: Ամբողջ աշխարհում այսօր ամեն ինչ ավելի ժամանցային է, նորաոճ է, բայց դա էլ ունեցածի մեջ պիտի լինի լավագույնը, որպեսզի ժողովուրդը դա ընկալի թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Այնպես որ այդ տարբերությունը այստեղի ու այնտեղի արդեն վերացել է, որովհետև համարյա նույնացել է պահանջը հեռուստադիտողի ու ընթերցողի:

Ի՞նչն է պակասում ԱՄՆ-ում, որը կա Հայաստանում:
Ես կասեի ոչ թե ինչն է պակասում ԱՄՆ-ում, որ կա Հայաստանում, այլ ինչը կա այնտեղ, որ այստեղ չկա: Դա կարոտ զգացողությունն է,հեռու լինելու զգացողությունն է:Իսկ դա մինչև չապրես դրսում, իրականում չես զգա՝ ի՞նչ է իրենից ներկայացնում:
Ես շատ եմ սիրում այն երկիրը, որտեղ ես բնակվում եմ: Ես ուրացող մարդ չեմ: Այդ երկիրը ինձ տվել է կրթություն, հնարավորություն, ես բավականին շատ բարձունքներ եմ գրավել և այդ ամենը այդ երկրի՝ ինձ ընձեռնված հնարավորություններից է գալիս: Եվ ես ուրախ եմ, որ իմ կյանքի այդ ժամանակը՝ ուսանողական տարիները, անցկացրել եմ այնտեղ և ստացել եմ լավ կրթություն: Դրա համար հատկապես առանձնահատուկ շնորհակալ եմ այդ երկրից: Բայց, միևնույնն է, դա իմը չէ:

Ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան հիմնական բնակության:

Դա ինձ ամեն վայրկյան տանջող հարցն է: Ես անընդհատ ուզում եմ վերադառնալ Հայաստան, բայց ուզում եմ այդ որոշումը կայացնեմ ադեկվատ, ոչ թե էմոցիաներից դրդված: Ես այնտեղ ունեմ ընտանիք, ծնողներ: Եթե ես ի վիճակի լինեմ նրանց բոլորին վերադարձնեմ հայրենիք, այդ դեպքում ես մեկ վայրկյան անգամ չեմ մտածի: Կան նուրբ հարցեր, հատկապես ընտանիքի հետ կապված, պատասխանատվություն ընտանիքի հանդեպ, որովհետև ամեն դեպքում իմ ծնողները այստեղից տեղափոխվել են իմ, եղբորս ապագայի համար, և իրենք ժամանակին այդ դժվարությունով անցել են, ժամանակին նույն բանն են զգացել, և հաղթահարել են հանուն մեզ: Ու իրենցից հեռանալը ինձ համար, համենայնդեպս, շատ դժվար խնդիր է: Դա միակ բանն է, թերևս, որ ինձ պահում է այնտեղ, ուրիշ ոչինչ:

 

 

դիտվել է 23408 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է