Երևան
22 / Մարտ / 2019

Գլոբալ հայերը կորե՞լ են. պատմական պահ եւ խորհրդավոր լռություն

Մի խումբ սփյուռքահայ գործարարներ օրերս հայտարարեցին Կառուցիր Հայաստան նախաձեռնության մասին, որի նպատակն է Հայաստանում իրականացնել ներդրումային ծրագրեր, որոնք կապահովեն հայրենադարձություն եւ Հայաստանի զարգացում:

Նախաձեռնության հեղինակները արտերկրում բիզնես գործունեության մեջ զգալի հաջողության հասած հայ գործարարներ են, որոնք մյուսներին էլ կոչ են անում միանալ իրենց:

Ավելորդ է ասել նախաձեռնության կարեւորության մասին, եւ ոչ միայն հայրենադարձության ապահովման տեսանկյունից: Միաժամանակ կարեւոր է, որ խոսքը ներդրումային տրամաբանության մասին է, ոչ թե զուտ բարեգործական, որովհետեւ դրանից է նաեւ կախված նախաձեռնության հետագա կենսունակությունը, վերարտադրողական ներուժը եւ հեռանկարը:

Կառուցիր Հայաստան նախաձեռնությունը հիշեցրեց մեկ այլ նախաձեռնության մասին՝ Գլոբալ հայերի:

Դարձյալ, Հայաստանում եւ հիմնականում արտերկրում իրենց բանագավառներում մեծ հաջողությունների հասած մի քանի տասնյակ հայեր մոտ երկու տարի առաջ հայտարարեցին Հայաստանի զարգացման հարցում իրենց նպատակադրության, համախմբվածության մասին, մյուսներին էլ կոչ անելով միանալ եւ Հայաստանը դարձնել այն երկիրը, որտեղ կցանկանա ապրել յուրաքանչյուր հայ եւ ընդհանրապես յուրաքանչյուր մարդ, որն իր կայուն տեղն ու դերն ունի զարգացող, արդիական աշխարհում:

Գլոբալ հայերի շարքում էին ոչ միայն գործարարներ, բայց մարդիկ, որոնք հասել էին մեծ հաջողության:

Ու՞ր են հիմա այդ մարդիկ: Այդ մարդիկ 2016-ի աշնանն արեցին իրենց հայտարարությունն ու կորան: Համենայն դեպս դրանից հետո որեւէ բան հայտնի չէ Գլոբալ հայեր նախաձեռնության մասին, այն կարծես թե վերածվել է Կորած հայեր նախաձեռնության: Կամ Լռած հայեր:

2016 թվականի այդ նախաձեռնությունը եղավ Հայաստանում կառավարության փոփոխությունից եւ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո: Գլոբալ հայերին Կարեն Կարապետյա՞նն էր ոգեւորել, որ լռեցին նրա հետ միասին: Թեեւ, նրանք խոշոր հաշվով լռեցին մինչեւ Կարապետյանի հեռանալը: Գլոբալ հայերի նախաձեռնությունը կամ գործունեությունը դադարեց կամ չսկսած կանգ առավ, երբ սկսեց նկատելի դառնալ, որ Սերժ Սարգսյանն այդքան էլ տրամադրված չէ 2018 թվականին վարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանին թողնելու հարցում:

Ըստ երեւույթին, Կարեն Կարապետյանը «Գլոբալ հայերին», ինչպես Հայաստանի ներդրողների ակումբին, հուշեց, որ պետք չէ ներդրում անել, եթե մնում է ոչ թե ինքը, այլ Սերժ Սարգսյանը:

Հնարավոր է իհարկե ներքաղաքական կամ ներիշխանական այլ դասավորություն, բայց փաստ է, որ Գլոբալ հայերը հայտարարեցին ու ըստ էության որպես այդպիսին ոչինչ չարեցին ու կորան: Նրանք լուռ էին նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն էր, որը հաղթեց, եւ փաստացի սկսվեց Հայաստանի համար պատմական նոր շրջան՝ ժողովրդական ոգեւորության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրինականության:

Դա չէ՞ր Գլոբալ հայերի ուզածը: Կա՞ Հայաստանի պատմա-քաղաքական եւ քաղաքակրթական դերի առավել գլոբալ հեռանկարով ու ընդգրկումով ժամանակաշրջան, քան ներկայիս պահը: Ո՞ւմ եւ ինչի՞ն են սպասում Գլոբալ հայերը, եթե նրանց նախաձեռնության կենտրոնում իսկապես Հայաստանն էր, ոչ թե Հայաստանի իշխանության որեւէ հավակնորդ:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 52766 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...