Yelaket.am | Կաթողիկոսն անցավ վճռական քայլերի. Նա ձեռք բերեց ամենակարեւորը
Երևան
18 / Օգոստոս / 2018

Կաթողիկոսն անցավ վճռական քայլերի. Նա ձեռք բերեց ամենակարեւորը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար, հայտնում է Մայր Աթոռի հաղորդագրությունը:

Կորյուն Աբեղային գերագույն հոգեւոր խորհուրդը մեկ շաբաթ ժամանակ էր տվել զղջալու համար, սակայն դրա փոխարեն Կորյուն Աբեղան եւ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» անվանումը կրող նրա գլխավորած խմբի մյուս անդամները շրջափակել էին Գարեգին Երկրորդին Գնդեվանքի ճանապարհին: Այդ առիթով իրավապահները գործ են հարուցել: Իրավիճակը լարված էր այնքան, որ մի շարք հոգեւորականներ սոցցանցերում պարզապես տագնապ էին բարձրացրել, հայտարարելով, որ Վեհափառը վտանգված է:

Արդեն մի քանի շաբաթ մի խումբ հոգեւորականներ եւ քաղաքացիական անձինք պահանջում են Գարեգին Երկրորդի հրաժարումը: Աղմուկն ավելանում էր, իսկ պահանջին միացողների թիվը՝ ոչ:

Կա՞ արդյոք այդ ամենում որեւէ հետին, մութ հետք կամ պատվեր, դժվար է ասել միարժեք: Հնարավոր է ամեն ինչ, միաժամանակ կասկած չկա, որ Գարեգին Երկրորդի դեմ են նաեւ շատերը միանգամայն ազնիվ պատկերացումներով ու մղումներով, առավել եւս, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության եւ հենց Կաթողիկոսի գործունեությունը եւ կենցաղվարությունը տվել են դժգոհության բազմաթիվ առիթներ:

Բայց, դա նշանակու՞մ է արդյոք, որ արդարացվում են դժգոհությունն արտահայտելու բոլոր ձեւերն ու միջոցները: Միարժեք է, որ ոչ:

Իսկ ինչու՞ է տվյալ դեպքը եւս ոչերի «կատեգորիայից»: Նախ այն պարզ պատճառով, որ այն իբրեւ առիթ փորձում է օգտագործել Հայաստանում թավշյա հեղափոխությունը, դրանով իսկ կամա թե ակամա նենգափոխման եւ հարվածի ենթակա դարձնելով այդ հեղափոխությունն ինքնին, որովհետեւ դրա օրակարգում ամենեւին չի եղել բոլորը բոլորի դեմ դուրս գալու ազատության ապահովումը: Թավշյա հեղափոխության խնդիրը եղել է ու կա ապամոնտաժել բոլորի դեմ դուրս եկած համակարգը: Բայց, այստեղ կա նաեւ մեկ այլ լրջագույն խնդիր: Այդ համակարգը բոլորի դեմ դուրս է եկել հենց «բոլորին» օգտագործելու տրամաբանությամբ, եւ այստեղ է, որ առաջանում է համակարգի ապամոնտաժման նրբության անհրաժեշտությունը, որպեսզի դրա փլատակների տակ չմնա թավշյա հեղափոխության քաղաքացիական ձեռքբերումն ինքնին:

Համակարգը բոլորի դեմ օգտագործել է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին, եւ անկասկած ոչ առանց ՀԱԵ բարձրագույն ղեկավարության իմացության ու համաձայնության:

Բայց հենց այստեղ է, որ խնդիրների լուծումը պահանջում է առանձնահատուկ նրբություն ու նրբանկատություն, թավշյա հեղափոխությունն ամենաթողության կամ անիշխանության չհասցնելու համար:

Անհրաժեշտ է չափազանց մանրակրկիտ ախտորոշում, հին համակարգի ապամոնտաժման համար, որովհետեւ որոշ տեղերում դա կպահանջի վիրահատական, արմատական քայլեր, իսկ որոշ տեղերում չափազանց զգուշավորություն եւ նուրբ աշխատանք, նախկին համակարգի որեւէ դետալ դրանից զգուշորեն անջատելու եւ նոր համակարգի կառուցվածքում առավել արդյունավետ եւ ներդաշնակ տեղադրելու համար:

Հայ Առաքելական Եկեղեցին թերեւս այդ դետալներից է, իր պատմական եւ ընդհուպ ներկայիս դերի ամբողջ հակասականությամբ հանդերձ: Այն հազվագյուտ հայկական կառույց է, իր ուրույն թե կրոնական, թե սոցիալ-հոգեբանական, թե քաղաքական եւ աշխարհքաղաքական շերտերով:

Ըստ այդմ, խնդիրը պետք է լինի թերեւս ՀԱԵ-ն իբրեւ կառույց հին համակարգից զգուշորեն անջատելը, մաքրելը եւ նոր Հայաստանում ներդաշնակ տեղադրելը:

Գարեգին Երկրորդի դեմ ծավալված արմատական շարժումը գործնականում չլուծեց որեւէ խնդիր, փոխարենը սպառնաց այդ խնդրի լուծմանը, եկեղեցու բարեփոխման եւ վերափոխման կարեւորագույն հարցը տեղափոխելով Գարեգին Երկրորդի հետ հարաբերությունների պարզաբանման դաշտ:

Թավշյա հեղափոխությունից հետո եթե ՀԱԵ մասով պետք է ծավալվեր աշխույժ շարժում, ապա թերեւս բարեփոխման հայեցակարգային, լրջագույն ռազմավարական մշակումների, գաղափարների, առաջարկների տեսքով, որոնք կձեւավորեին հանրային մեծ հետաքրքրություն՝ ընդ որում ամենահաջողված տարբերակում նույնիսկ այն անձանց շրջանում, որոնք հավատացյալ չեն, որովհետեւ ՀԱԵ-ն ի վերջո իբրեւ կառույց անկասկած իր ներուժով ավելին է, քան զուտ կրոնական կառույցը, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել:

Գարեգին Երկրորդին պետք էր «շրջափակել» գաղափարներով, առաջարկներով, եկեղեցու բարեփոխման, նոր իրականության եւ ընդհանրապես նոր աշխարհակարգում տեղի ու դերի մասին առաջարկներով, բերելով նրան առարկայական, բովանդակային պատասխանատվության դաշտ: Բայց դա թերեւս պատասխանատվություն է ենթադրում առաջին հերթին այդ դաշտը ստեղծողների համար: Թերեւս դա է պատճառը, որ Հայաստանում ընդհանրապես որեւէ հարցում առկա է «ռազբորկաների» դաշտից դուրս չգալու միտում, քանի որ դրանից դուրս պատասխանատվությունն է մեծանում ու կոնկրետանում:

Գարեգին Երկրորդն անցավ վճռական քայլերի, կարգալույծ անելով Կորյուն Աբեղային: Այդ իրավունքը նրան տվեց հենց Կորյուն Աբեղան, փոխարենը նրան դուրս բերելով Եկեղեցու բերափոխման համար պատասխանատվությունից:

Միաժամանակ սակայն, անցնելով այդ ամենի միջով, Գարեգին Երկրորդը ձեռք բերեց մի բան, որը թերեւս չուներ նախկինում, կամ ոչ այն չափով, որը պետք է ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փշոտ ճանապարհով անցած որոշակի լեգիտիմություն:

Խորքային առումով այստեղ է նաեւ եղել հասարակության ու Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության խնդիրը, մարդիկ չէին հասկանում, թե ինչպես կարող է հավատացյալ հանրությունը անցնել իշխող համակարգի գծած ծանր ճանապարհը, իսկ ՀԱԵ ղեկավարությունը՝ ոչ, գնալ հարմարավետ ուղով: Սրա մեջ է խորքային խնդիրների մի մեծ ամբողջություն:

Գարեգին Երկրորդը գուցե նույնիսկ ակամա, կամ հենց Տիրոջ կամքով ձեռք է բերել այն, ինչ չուներ, այդպիսով նա միաժամանակ հայտնվել է իր դեմ պայքարի հետեւանքով վերափոխման մեծ գործընթաց սկսելու պատասխանատվությունից ազատ, եւ Տիրոջ կամքով ձեռք բերված որոշակի լեգիտիմության պատասխանատվության առաջ լինելու իրավիճակում:

Որը՞ կգերադասի Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am 

դիտվել է 48989 անգամ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են