Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ինչու է Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպանը դիմել Սերժ Սարգսյանին

1in.am -ը գրել է.Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Նիստի սկզբում նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Դատական դեպարտամենտից դատարանը ստացել է 2018 թվականի մարտի 14-ին հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նույնաբովանդակ դիմումներ՝ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանից և Նորատուսցի Ալիկի համակիր, «Slaq.am» կայքի լրագրող Աննա Սահակյանից:

Դիմումատուները նախկին նախագահի միջամտությունն են խնդրել՝ կալանքի տակ գտնվող Ալիկ Բանդուրյանի «անձնական անձեռնմխելիության շարունակական խախտումները վերացնելու հարցում»:

Նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանից ու որպես Ալիկ Բանդուրյանի հարազատը հանդես եկող Աննա Սահակյանից հետաքրքրվեցինք դիմումների բովանդակության վերաբերյալ:

Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն մոռացել էր հիշյալ դիմումի մասին: Իսկ ժամանակին դիմել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև Ալիկ Բանդուրյանի առողջական վիճակը կտրուկ վատանում էր, պաշտպանական կողմի միջնորդությունները՝ Բանդուրյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, անընդհատ մերժվում էին:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ քանի որ հանրապետության նախագահը ՀՀ քաղաքացների սահմանադրական իրավունքների երաշխավորն էր, իսկ Ալիկ Բանդուրյանի հենց սահմանադրական իրավունքները՝ ազատության, լիարժեք բուժում ստանալու իրավունքներն էին խախտվում, այդ պատճառով դիմել է «իրավունքների երաշխավորին»՝ Սերժ Սարգսյանին: Միաժամանակ փաստաբանը համաձայնեց, որ դատարանում քննվող գործի շրջանակներում ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության «բարձրագույն երաշխավորի» միջամտության որևէ օրինական մեխանիզմ չկար:

Փաստաբանը ակնարկեց, որ Սերժ Սարգսյանի ժամանակ հայտնի մեխանիզմի՝ «զանգ նախագահականից» միջամտության վրա են միգուցե հույս դրել…

Լրագրողուհի Աննա Սահակյանն էլ ասաց, որ ՀՀ երրորդ նախագահին է դիմել՝ Ալիկ Բանդուրյանին համարելով իր «հարազատը» և համոզված լինելով, որ կալանքի տակ մնալը Բանդուրյանի կյանքի համար կարող է վտանգավոր լինել: Աննա Սահակյանը մյուս լրագրողներին կոչ արեց երբեմն անդրադառնալ նաև Նորատուսցի Ալիկի «մարդ-տեսակին»՝ օրինակ՝ նա մարդկանց ապահովել է գերեզմանաքարերով, ինչպես նաև գումարներ է տվել հիվանդներին…

Մի ժամանակ խորհրդային մարդիկ իրենց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ դիմումներ էին գրում «Լենինի դամբարանին»՝ չգիտես ինչու՝ դա հիշեցի…

Վերադառնանք դատական նիստին: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը դատավարության կողմերին ու դահլիճում ներկաներին իրազեկելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված և ի վերջո դատարանին հանձնված ժամանակավրեպ ու անարդյունք դիմումների մասին, ասաց, որ դիմումները կցվում են քրեական գործին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 18324 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն