Yelaket.am | Վարչապետը լուծում է հանելուկը
Երևան
19 / Օգոստոս / 2018

Վարչապետը լուծում է հանելուկը

Եվրամիությունը պատասխանատվության առաջ

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նախօրեին Ազատության հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում Եվրամիությանը հստակ առաջարկներ կներկայացնի «սոլիդ օժանդակության» համար:

Թեման ծագեց Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ավարտին, երբ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ԵՄ-ն չի փոխում Հայաստանի հետ իր հարաբերության ծավալը՝ երբ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով փոխվել է իշխանություն, ապա այդ դեպքում թող նվազեցնի այդ փոփոխության առիթով իր ոգեւորության տոնայնությունը:

Դրան հաջորդեց Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու ասուլիսն ու արձագանքը, թե Հայաստանում Եվրամիությանը վստահում է բնակչության 80 տոկոսը, իսկ եթե Հայաստանի կառավարությունն ուզում է փոփոխություն, ապա թող փոփոխություն կատարի իր քաղաքականության մեջ եւ թող ներկայացնի կոնկրետ գաղափարներ, թե ինչ է ուզում: Սվիտալսկին մատնացույց էր արել Հայաստան-ԵՄ շրջանակային փաստաթուղթը:

Եվրամիության դեսպանի արձագանքը այլ բան չէր, քան ինքնապաշտպանություն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գործնականում դնում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը նոր բովանդակության դաշտ բերելու խորքային խնդիրը: Որովհետեւ նախորդ հարաբերությունը կառուցվել է գերազանցապես Հայաստանի կոռումպացված իշխող բուրգի կամ համակարգի շահերի տրամաբանությամբ, ոչ մի քայլ դրանից դուրս:

Ահա այդ տեսանկյունից, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը նախորդ համակարգի պայմաններում բավական շատ էր, սակայն նոր Հայաստանի իրողություններում այն դառնում է բավական քիչ: Միաժամանակ հասկանալի է, որ բավական բարդ ընթացակարգ է պահանջվելու համաձայնագրի վերանայումների համար, եւ խորքային հաշվով պետք էլ չէ, համաձայնագիրը թող կատարվի իր ժամանակացույցով: Հայաստան-ԵՄ հարաբերությունը սակայն չի կարող սահմանափակվել համաձայնագրով, եթե իհարկե կողմերը չունեն սահմանափակելու ցանկություն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի նոր իշխանությունը չի ցանկանում սահմանափակվել այդքանով: Եվրամիությունն ասում է, թե առաջարկ ներկայացրեք: Սակայն հարց է առաջ գալիս, Եվրամիությունը նո՞ւյնպես չի ցանկանում սահմանափակվել եղածով: Եթե ԵՄ-ն էլ պատրաստ է ավելիին, ապա այդ դեպքում Եվրամիությունն էլ թող ներկայացնի ավելիի մասին իր պատկերացումը:

Եթե դա այն է, որ Հայաստանը «վերակողմնորոշվի» դեպի Եվրամիություն, ապա այստեղ արդեն կդրսեւորվի ԵՄ անհամարժեքությունը, ինչի պատճառով Հայաստան-ԵՄ հարաբերությունը մի անգամ արդեն իսկ հայտնվեց ծայրահեղ փակուղային, ճգնաժամային վիճակում՝ 2013 թվականին: Այո, դրա պատճառը Հայաստանի նախորդ իշխանությունն էր, սակայն արդյոք այդ իշխանությունը «հանելուկ» էր Եվրամիության համար, թե՞ «հանելուկը» երեք կամ չորս տարի այդ իշխանության հետ աշխատած եվրաչինովնիկներն էին՝ Բրյուսելից ու Երեւանից, որոնք նույն կերպ ինքնագոհ զեկուցագրեր էին հղում Բրյուսել ԵՄ քաղաքական ղեկավարությանը, թե ամեն ինչ շատ լավ է:

Հանկարծ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, եւ նույնիսկ շատ վատ է:

Ըստ այդմ, տարիներ շարունակ պատասխանատվությունը Հայաստանի եւ Ռուսաստանի կոռուպցիոն իշխանական բուրգերի վրա դնելուց բացի, Եվրամիությունը պատրա՞ստ է Հայաստանի մասով ստանձնել իր քայլերի եւ արդյունքի պատասխանատվություն, թե՞ հնարավոր է հայտարարել բնակչության 80 տոկոսի վստահության մասին այն դեպքում, երբ բնակչության 80 տոկոսն իր 24-ժամյա կյանքի նույնիսկ 24 րոպեն որեւէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի Եվրոպայի հետ: Այն դեպքում, երբ Հայաստանում դրա համար ծախսվել են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն, Հայաստանի առաջ կողմնորոշման փակուղային խնդիրներ դնելու եւ դրանով իսկ Ռուսաստանի ագրեսիվությունը սադրելու, իսկ այժմ արդեն Հայաստանի նոր իշխանւթյան հանդեպ Ռուսաստանի իշխանության անվստահություն առաջացնելու ուղղությամբ աշխատող բազմաթիվ ներքին ու արտաքին սուբյեկտներին ձեռքին խաղաքարտ տալու փոխարեն:

Նիկոլ Փաշինյանը գործնականում ասել է հենց դա՝ եթե մեր ձեռքին խաղաքարտեր չեք ավելացնում, գոնե մի ավելացրեք դրանք Կրեմլի մոտ մեր հանդեպ անվստահություն առաջացնելու ջանք եւ եռանդ չխնայողների մոտ, որովհետեւ այդ դեպքում արդեն ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերության ընդլայնումը կլինի վտանգի տակ, այլ նույնիսկ ներկա ծավալը ու նաեւ Հայաստանի ներքին վերափոխման գործընթացը, որովհետեւ դրա հաջողության առանցքային գրավականներից մեկը հենց «կողմնորոշման» թեմայից ապահովագրվելն է:

Նյութի աղբյուր՝  Lragir.am

դիտվել է 10188 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են