Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Նիկոլ Փաշինյանին ուղղված ամենավտանգավոր սպառնալիքը. վաղը կարող է ուշ լինել

1in.am-ը գրել է.
«Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի միջոցները, ճանապարհները փակված են, ոչ խաղաղ միջոցներով պայքար իրականացնելը ընդունելի է։ Ոչ խաղաղ պայքարը իր մեջ ներառում է բռնի միջոցներ, որը կարող է լինել նաև զինված պայքարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողությունների երկու տարվան և հարցին, թե Հայաստանում երբևէ նման իրավիճակի կրկնության դեպքում իրենք կրկին արդարացնելո՞ւ են զինված պայքարը, թե՞ ոչ։

«Ցանկացած երկրում, ցանկացած հասարակության համար այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ միջոցներով սեփական կյանքի, ճակատագրի տերը լինելու հնարավորությունը կա, չի ուզուրպացվել սեփական կյանքը տնօրինելու իրավունքը, կա խաղաղ միջոցներով այդ իրավունքները վերադարձնելու հնարավորություն, սակայն այն պահից, երբ ուզուրպացումը դառնում է այն աստիճան, որ խաղաղ ճանապարհով իրավունքների վերադարձը դառնում է անհնարին, այդ ժամանակ բռնությամբ իրավունքների վերադարձը դառնում է օրինաչափ, քանի որ մարդկանց իրավունքի ուզուրպացումը ինքը բռնություն է, և դրա դեմ պայքարը բռնությունից ազատագրման պայքար է, որը օրինաչափ է»,- ասում է Ենիգոմշյանը՝ շատ վտանգավոր զուգահեռներ անցկացնելով երկու տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման ու թավշյա հեղափոխության միջև։ Ավելի ճիշտ՝ նա ոչ թե զուգահեռներ է անցկացնում, այլ ՊՊԾ-ի գրավումը ներկայացնում է որպես այս տարվա թավշյա հեղափոխությանը նպաստած իրադարձություն։

Դա իրականության կոպիտ խեղաթյուրում է, որովհետև նախ՝ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ ՊՊԾ գնդի մերձակա տարածքում իր անձնական ներկայությամբ անում էր հնարավորը՝ գունդը գրավածներին զենքը վայր դնելու հարցում համոզելու, գնդի գրավումը հետագա զինված շարունակությունից զերծ պահելու համար։ Իսկ արդեն այս տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմքում դրվեց ոչ միայն զենքի, այլև պայքարի որևէ բռնի մեթոդի ամբողջական, անվերապահ մերժումը, համաժողովրդական շարժումը հաղթեց բացառապես խաղաղ մեթոդի շնորհիվ։

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժման և «Սասնա ծռերին» համակիր խմբավորումների, նույն «Հանուն Հայաստան պետության» ճակատի միավորումը տեղի չունեցավ հենց այն պատճառով, որ վերջինիս ներկայացուցիչները հրաժարվեցին հրապարակավ ու անվերապահ մերժել զինված պայքարի մեթոդը, ինչը Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ուներ։

Եվ այսօր՝ խաղաղ ճանապարհով իրականացված թավշյա հեղափոխությունից հետո, երեք ոստիկանների մահվան պատճառ դարձած ՊՊԾ գնդի գրավումը արդարացվում և հերոսացվում է այդ խմբակի ամենակարկառուն գաղափարական ներկայացուցիչը համարվող Ալեք Ենիգոմշյանի կողմից։ Առանց զղջման որևէ խոսքի, առանց մարդկանց կյանքի համար որևէ ափսոսանքի։ Ու այդ հերոսացումն ու արդարացումը իր մեջ ակնհայտ սպառնալիք են պարունակում։

Ենիգոմշյանն ասում է, որ այսօրվա Հայաստանում բացառում է իրավիճակի կրկնություն, բայց «եթե իրավիճակը կրկնվի, և, կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։ Սա ուղղակի սպառնալիք է պետությանը, իշխանությանն ու հասարակությանը։ Քանի որ քաղաքական հավակնություններ ներկայացնող զինված այս խմբավորման գաղափարական առաջամարտիկը ուղղակի ասում է՝ «եթե իրավիճակը կրկնվի», զինված պայքարը կրկին կդառնա ընդունելի։

Իրավիճակի կրկնությունը ընդամենը մեկնաբանության հարց է։ Ցանկացած իրավիճակ, գործողությունների ցանկացած ընթացք, իշխանության ցանկացած քայլ կամ նախաձեռնություն ցանկացած պահի այս խմբավորման կողմից կարող է որակվել որպես «իրավիճակի կրկնություն» ու դառնալ զինված պայքարը վերսկսելու պատճառ։ Ինչպես առիթ ունեցել ենք գրելու, «Սասնա ծռերի», «Հանուն Հայաստան պետության» ճակատի և զինված պայքարը չմերժող ցանկացած խմբավորման գոյությունը դանդաղ կամ ոչ այնքան դանդաղ գործողության ական է պետության ու հասարակության համար, որը կարող է պայթել ցանկացած պահի։

Հիմա այս խմբավորման անդամները, ՊՊԾ գունդը գրավածները ազատության մեջ են, ավելի ոգևորված ու խանդավառված և պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այսինքն՝ ցանկանում ենք զենքը տանել նաև Ազգային ժողով՝ այդ բառի գաղափարական և, Աստված մի արասցե, գուցե նաև ֆիզիկական, ուղիղ իմաստով։

Իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր են պաշտոնապես արձագանքել Ենիգոմշյանի այս հայտարարություններին՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Անցած շաբաթվա իր ֆեյսբուքյան ասուլիսում, խոսելով Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստների մի մասի կողմից հարցերը զենքի միջոցով լուծելու սպառնալիքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունը չի հանդուրժելու նման մեթոդով որևէ հարց լուծելու մոտեցում, և որ այդ հայտարարությամբ զբաղվում է ԱԱԾ-ն։ Նույնը պետք է տեղի ունենա Ալեք Ենիգոմշյանի հայտարարության պարագայում։ Պետությունը պետք է մինչև վերջին փամփուշտը զինաթափի այս խմբավորմանը, քանի որ նրանք շատ ավելի վտանգավոր են, քան ուղղակի զինված բանդան. նրանք ունեն նաև գաղափարական շղարշ, որը, ցավոք, աջակցություն է գտնում հասարակության որոշակի շերտերի շրջանակում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 64494 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են