Yelaket.am | Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին
Երևան
19 / Օգոստոս / 2018

Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության աշխատանքն այս երկու ամիսների ընթացքում, ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում։ Շատերը նշում են, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան հարցում պայմանավորվածություն ուներ, այդ կոնտեքստում կարծում եք՝ նոր կառավարությունը կկարողանա՞ հաղթահարել արտաքին քաղաքական մարտահրավերները։

– Գնահատական տալու համար առայժմ շուտ է, ամենաքիչը 100 օր պետք է անցնի։ Իհարկե, կարող ենք ասել, որ անփորձ կադրեր են, բայց դա ինչ-որ տեղ նոր կառավարության առավելությունն է։ Ամեն դեպքում վերջնական գնահատական տալ պետք չէ, աշխատանքը շարունակվում է։ Զուգահեռ՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական գործընթացները շեշտակիորեն առաջ են գնում, ի դժբախտություն մեզ՝ ոչ միշտ մեր օգտին, այսօրվա դրությամբ նույնիսկ հայկական շահերի դեմ։

Բոլորը հասկանում են, որ այն պայմանավորվածությունները, որ կան Արցախյան հարցի շուրջ, ջրի երես են դուրս գալիս։ Իրավիճակը եկել հասել էր մի կետի, որ կոչվում է կոմպրոմիս։ Ժամանակին մենք պատերազմական իրավիճակից դուրս չեկանք, ընդհանուր, կայուն խաղաղության ծրագիր չկնքեցինք։ Այս հարցի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ է խոսել, արդար գնահատականներ տվել։ Այս ամենը ժամանակին չարեցինք ու, ինչպես ռուսներն են ասում, մնացինք կախյալ իրավիճակում՝ «между небом и землей»։ Հիմա իրենք հարց են դնում հայկական կողմի առաջ՝ դուք ուզո՞ւմ եք ձեր հարևան երկրի հետ ունենալ խաղաղության ծրագիր ու այդ մշտական լարվածությունը վերացնել։ Բոլորը՝ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, այդ հարցը դնում են, ասում են՝ իրավիճակին պետք է ինչ-որ լուծում տալ. կոնկրետ կոմպրոմիսների շրջանակներում Սերժ Սարգսյանի կառավարությունն ու բանագնացները համաձայնություն տվել են, ասեմ ավելի կոնկրետ՝ հինգ, հետո պլյուս երկու, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հումանիտար ծրագրեր։ Հիմա ինչ-որ տեղ Ադրբեջանը, Թուրքիան միջազգային հանրությանը շանտաժ են անում, ասում են՝ կան փակ արձանագրություններ, որտեղ այս համաձայնությունները տրվել են։ Բնական է, Ադրբեջանը, Թուրքիան, իրենց լոբբիստները երկու-երեք ուղղությամբ են աշխատում, մի կողմից՝ հարց են բարձրացնում, որ դուք համաձայնել եք, մյուս կողմից՝ պատերազմի շանտաժի քաղաքականություն իրականացնում. զուգահեռ մի քանի ուղղություններով աշխատում են։

– Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները այժմ դրված են Նիկոլ Փաշինյանի կառավարության ուսերի՞ն։

– Ուսերին դրված չեն, դրված է Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին։ Բնական է, նա իրավունք ունի այդ պայմանավորվածություններին ասելու՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանից սպասում են հետագա գործողությունների ծրագիր կամ պլան։ Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Բոլորը հասկանում են, որ նա Սերժ Սարգսյանն էր, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի կառավարությունը մի քանի սխալ կանի, գուցե նոր հեղաշրջում լինի՝ գան Պողոսն ու Պետրոսը, նրանք էլ կասեն՝ ես չեմ ասել, հող չենք տալիս, ժամանակ տվեք՝ գնանք նորից մտածենք։ Այս ամենը աշխարհում հասկանում են. լավ կլինի չմտնենք այդ շրջապտույտի մեջ։

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է մշակի արտաքին քաղաքական դոկտրինը։ Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, ամեն ինչ նորմալ է, ու գալիս հանդիպում են Անվտանգության խորհրդի, նախագահների մակարդակով. այս իրավիճակում դա արդեն ժամանակավրեպ է ու մանկամտություն։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք միջպետական հարաբերությունները վերածվել էին թյուրիմացության, հիմա, եթե այսպես է շարունակվելու, սա մի բառով կբնութագրվի՝ խայտառակություն։

Եթե նա թյուրիմացություն էր, սա խայտառակություն է։ Իհարկե, հույս ունեմ, որ այս 100 օրը կանցնի, մարդիկ կգան գիտակցության, բայց չի կարելի «Comedy club»-ի թյուրիմացությունը վերածել «Comedy club»-ի խայտառակության։ Ջայլամի քաղաքականությանը պետք է վերջ տրվի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 28112 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են