Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Փաշինյանի կոնցեպտուալ սխալը

1in.am-ը գրել է.
«Ժամանակ» թերթը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում, սակայն տնտեսագետը դա պատրաստ է անել ոչ միայն ու ոչ այնքան հայրենասիրությունից դրդված, այլ որպես մասնագիտական ծառայություն. Աճեմօղլուն իր ծառայությունները գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։ Կգտնի՞ կառավարությունն այդ գումարը ու կհրավիրի՞ Աճեմօղլուին Հայաստան, կվճարի նրան բյուջետայի՞ն միջոցներից, թե՞ այլ աղբյուրներից՝ հարցի մյուս կողմն է։ Շատ ավելի կարևոր է այն մոտցումը, որ եղել է նախկինում ու փաստորեն շարունակվում է նաև այսօր. Սփյուռքին, հայտնի սփյուռքահայերին վերաբերվել որպես լեգենդների ու փրկիչների և նրանցով պայմանավորել Հայաստանի զարգացումը։

Այո, Տարոն Աճեմօղլուն մեծ համբավ ունեցող տնտեսագետ է, հեղինակել է ճանաչում ստացած գրքեր։ Բայց Աճեմօղլուն Հայաստանից չէ, ՀՀ քաղաքացի չէ, նա չի տիրապետում ու չի կարող տիրապետել Հայաստանին, Հայաստանի հանրային-քաղաքական, տնտեսական իրողություններին այնպես, ինչպես հայ մասնագետները, որոնց շարքում վստահաբար կան նույն Աճեմօղլուի տեսական իմացությունների չափ գիտելիքներ ունեցողներ։ Տարոն Աճեմօղլուն, սակայն, չտիրապետելով Հայաստանին, ինչի մասին, ի դեպ, նա ազնվորեն ասել է, կարող է տալ միայն տեսական երաշխավորություններ, խորհուրդներ, որոնց գործնական պիտանելիությունն ու օգտակար գործողության գործակիցը, մեղմ ասած, կասկածելի են։

Հայաստանի զարգացման, տնտեսական զարգացման ներուժը Հայաստանում է։ Հայաստանում են այն մանր, միջին ու խոշոր գործարարները, որոնց վրա՝ լավ, թե վատ, հիմնված է մեր տնտեսությունը, նրանք տասնամյակներ շարունակ գոյատևել են իրար հաջորդած երկու ռեպրեսիվ իշխանությունների պայմաններում, նրանք վճարել են հարկեր, որոնց շնորհիվ՝ բարեկեցիկ կամ ոչ, այդուհանդերձ գոյատևում է Հայաստանը։

Նույնը վերաբերում է նաև մասնագետներին, որոնց պակաս Հայաստանում բարեբախտաբար չկա։ Նրանց մի մասը բիզնեսում է, որոշները՝ ակադեմիական շրջանակներում, ոմանք հանդես են գալիս հրապարակային փորձագիտական գնահատականներով։ Նրանք կան, և նրանք մեր մեջ են. կառավարությունը կարող է և պետք է գտնի նրանց, ապահովի նրանց անհատական ու թիմային աշխատանքի պայմանները, և այդ աշխատանքը վտահաբար շատ ավելի արդյունավետ կլինի, քան համաշխարհային հռչակ ունեցողների խորհրդատվությունը։

Բայց կարևոր, չափազանց կարևոր է նաև այն, թե ինչ խնդիր կամ խնդիրներ է առաջադրելու իշխանությունը տնտեսական ռազմավարություն, ծրագրեր մշակողներին։ «Լավ երկիր» ունենալու ցանկությունը խնդիր չէ։ Տնտեսության հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարական հայեցակարգ, մոդել, տնտեսական գերակայությունների վրա հիմնված միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարություն։ Դա Հայաստանում առայժմ բացակայում է։ Բացակայում է ոչ թե այն պատճառով, որ չկան համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, այլ որովհետև իշխանությունը կոնցեպտուալ սխալ մոտեցում ունի տնտեսական կյանքի ու տնտեսության կառավարման ասպարեզում։

Տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու արդար դատական համակարգը՝ նախօրեին կայացած ասուլիում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրը հենց սա է, այս մոտեցումն ու այս հայեցակարգը։ Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես էլ արդար դատական համակարգերը տնտեսությանը սպասարկող գործիքներ, ենթակառուցվածքներ ու ինստիտուտներ են։ Այո, դրանք կարևոր են, բայց դրանք ոչ թե նպատակներ են, այլ միջոցներ։ Մինչդեռ նոր իշխանությունը դրանք հռչակել է որպես տնտեսության հիմնասյուներ ու նպատակներ։ Այսինքն՝ կա կոնցեպտուալ շեղում, խզում նպատակների ու միջոցների միջև։ Միջոցները հռչակվել են նպատակներ, նպատակները տակավին անորոշ են։ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնարավոր է հավաքագրել որոշակի գումար, ենթադրենք՝ տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարներ։ Բայց այդ աղբյուրը սահմանափակ է, մի օր վերջանալու է։ Բացի այդ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, դրա միջոցով հավաքագրված ու պետբյուջե վերադարձվող գումարները «չոր» փողեր են, որոնք լավագույն դեպքում կարող են դառնալ պետական ծախսեր կամ համայնքային սուբվենցիաներ, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 18099 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն