Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Ի՞նչ է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին, բացի հեղափոխությունից

1in.am-ը գրել է. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ նշված է, որ կազմակերպության անդամները ԱՄՆ և Հայաստանի ղեկավարների հանդիպման հույս ունեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Նյու Յորքում: Այս հանդիպումը կարող է հանգեցնել հայ-ամերիկյան երկխոսությանը և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:

«Մենք ոգևորված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ համագործակցության ամրապնդման բոլոր նոր հնարավորություններով և Կոնգրեսի մեր բարեկամներին ենք միանում երկկողմ կապերի ակտիվ ամրապնդմանը վարչակազմի աջակցության հարցում՝ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման հիմնական շեշտադրմամբ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Կարձագանքի՞ ԱՄՆ նախագահը կոնգրեսականների այս նամակին, թե ոչ, դժվար է ասել։ Մյուս կողմից նման նախաձեռնությունն ինքնին ինչ-որ իմաստով նվաստացուցիչ է Հայաստանի ու նրա ղեկավարության համար, քանի որ, ըստ էության, կարծես ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու խնդրագիր լինի։ Հասկանալի է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Հայաստանի՝ համաշխարհային քաղաքականության մեջ տարբերվող կշիռն ու դերակատարությունը, նրանք գտնվում են այսպես ասած տարբեր քաշային կատեգորիաներում։ Բայց դա ինքնին հիմք չէ երկրներից որևէ մեկի ղեկավարի հետ հանդիպման նման նախաձեռնմամբ հանդես գալու համար։

Այո, Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնվում է այնպիսի տարածաշրջանում ու աշխարհաքաղաքական զարգացումների ու շահերի հատումների այնպիսի կենտրոնում, որ իր փոքրությամբ հանդերձ բարձր կշիռ ունի միջազգային խաղացողների համար։ Հայաստանը, մեծ իմաստով, քրիստոնեության դարպասն է Արևելքի հետ սահմանին, և միայն այդ փաստը բավական է Հայաստանի կշիռն ըստ արժանվույն գնահատելու համար։ Բայց կա հարցի մյուս կողմը նաև․ ի՞նչ նպատակ է հետապնդում կամ հետապնդելու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ։ Ի՞նչ քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական օրակարգ, ուղերձ ու առաջարկ ունի Հայաստանը ներկայացնելու ԱՄՆ-ին, որի համար անհրաժեշտ է հանդիպումը այդ գերտերության ղեկավարի հետ։ Այս հարցերի պատասխանները տակավին անհայտ են, քանի որ հեղափոխությանը հաջորդած ավելի քան երկու ամիսների ընթացքում մենք Հայաստանի քաղաքական իշխանության կողմից չենք տեսել ու չենք լսել նոր գաղափարաներ, նոր նախաձեռնություններ ու նոր հավակնություններ ընդհանրապես, Արևմուտքի ու ԱՄՆ-ի ուղղությամբ՝ մասնավորաբար։

Ճիշտ հակառակը՝ Հայաստանի իշխանության երկամսյա, ըստ էության, միագիծ քաղաքականություը, միօրինակությունն ու ռազմավարական ծրագրերի բացակայությունը ստեղծել է որոշակի վակուում նույն հայ-ամերիկյան հարաբերություններում, ինչի վկայությունը պետք է համարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչադր Միլսի հայտարարությունն այն մասին, որ դեռևս շատ վաղ է խոսել Հայաստանում ամերիկյան նոր, խոշոր ներդրումների մասին։ Հայաստանն աշխարհին դեռևս ներկայանում է միայն թավշյա հեղափոխությամբ, թավշյա հեղափոխությունը դարձել է յուրահատուկ բրենդ, որը որքան էլ գրավիչ է էմոցիոնալ հարթությունում, այդուհանդերձ չի կարող փոխարինել քաղաքական օրակարգին ու քաղաքականությանն ընդհանրապես։

Այո, հեղափոխությունը պատմական ձեռնարկ էր, որը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ իրականացրեց հայ հասարակությունը, բայց դա իրականացրեց առաջին հերթին մեր, և ոչ թե աշխարհի համար։ Մենք պետք է դադարենք հեղափոխությունը աշխարհին վաճառելու փորձերը, ինչի նշանները նկատելի են միջազգային գործընկերների հետ Հայաստանի իշխանության հարաբերություններում։ Ընդ որում, հեղափոխությունը աշխարհին վաճառելու ու որպես հայկական բացառիկություն ներկայացնելու այդ փորձերին զուգահեռ արդեն Հայաստանում, երկրի ներսում շարունակվում է հակահեղափոխականության աննահանջ փնտրտուքը, ցանկացած այլակարծություն, այլ տեսակետ ու կարծիք որպես հակահեղափոխականություն որակելու մարմաջը, ինչն իր մեջ չունի որևէ պրոդուկտիվ բաղադրիչ, դա էներգիայի ամիաստ ու աննպատակ մսխում է այն պարզ պատճառով, որ պայքար է՝ առանց հակառակորդի ու թշնամու. հակահեղափոխությունը՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Իսկ ավելի լայն իմաստով, հակահեղափոխականությունը այն իներցիոն, կաղապարային միջակ մտածողությունն է, որով ապրում ենք բոլորս, այդ թվում՝ նոր Հայաստանի նոր իշխանությունները։ Ահա հենց այդ միջակությունն է, որ փակում է ճանապարհները ամենայն նորի, ամենայն ստեղծարարի առաջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 4087 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են