Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը հանդես է եկել հայտարարությամբ (Video)

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են Մոսկվայում Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության դեպքը: Սպանվածի նախկին կինը՝ Աուրելիա Դունդուկը, տղամարդու հուղարկավորությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

«Հույս ունեմ, որ դատարանն աղջիկներիս կարդարացնի ու նվազագույն պատիժ կսահմանի»,- ասել է 39-ամյա կինը՝ հավելելով, որ նախկին ամուսինը միշտ էլ ստորացրել է իրեն, տնից վռնդել, իսկ իր գնալուց հետո ամբողջ բարկությունը թափել է աղջիկների վրա:

Ինչպես նշում է news.rambler.ru-ն, Դունդուկը նաև բողոքել է, որ չի կարողանում գնալ նախկին ամուսնու ու դուստրերի բնակարան, որպեսզի այնտեղից վերցնի աղջիկների անձնական իրերը:

Ծագումով մոլդովացի կինն ավելի վաղ պատմել էր, որ Խաչատուրյանն իրեն արգելել էր հանդիպել դուստրերին:

«Ես նրանց որպիսության մասին տեղեկանում էի Միշայի քույրերից, աղջիկներիս ընկերուհիներից: Նա անընդհատ հետևում էր երեխաների ամեն քայլին: Երբեմն, երբ Միշան տանը չէր լինում, նրանք շան հետ զբոսնելու պատրվակով տնից դուրս էին գալիս ու ինձ հետ հանդիպման գալիս: Բայց նրանք չէին պատմում, թե տանն իրականում ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ իմանայի, մի բան կմտածեի: Բայց աղջիկներս խղճում էին ինձ ու ոչինչ չէին պատմում»,- նշել է կինը:

Նա մանրամասնել է, որ Խաչատուրյանի հետ ապրելու տարիներին մշտապես բռնության է ենթարկվել նրա կողմից: Կնոջ խոսքով՝ ամուսինը կարող էր կռիվ սարքել ամեն մի մանրուքից ու ծեծել իրեն:

Հայտնի է, որ նրանք միասին են ապրել 20 տարի: Խաչատուրյանը սկսել է կնոջը ծեծել առաջնեկի՝ Սերգեյ Խաչատուրյանի ծնվելուց հետո: Դրան ականատես են եղել տղամարդու մայրն ու քույրերը: Ամուսնանալուց հետո նա 5 տարի կնոջը թույլ չի տվել բնակարանից դուրս գալ:

«Երեխաներիս զբոսնելու կամ մանկապարտեզ տանելու իրավունք ունեին միայն նրա քույրերը: Իսկ ես անգամ հեռախոսով չէի կարող խոսել առանց նրա թույլտվության»,- վերհիշել է Աուրելիան, որի պնդմամբ՝ ամուսինը ստիպում էր, որ նա ամեն տարի երեխա ունենար:

Նա նաև նշել է, որ իրենց տանն իսկական զինանոց կար, և որ Խաչատուրյանը կրակում էր տան մեջ, սպառնում սպանել նրանց բոլորին:

«Կտանեմ ձեզ անտառ, կսպանեմ, ու ոչ ոք չի իմանա»,- նախկին ամուսնու սպառնալիքները վերհիշել է կինը՝ հավելելով, որ տղամարդը հանգստացնող հաբեր էր ընդունում, սակայն դրանք չէին օգնում:

Աուրելիան պատմել է, որ Խաչատուրյանն իրենց առաջնեկին՝ Սերգեյին, տնից դուրս էր վռնդել, երբ նա դեռևս 16 տարեկան էր, քանի որ կասկածում էր, որ տղան իրենը չէ, մշտապես դաժանաբար ծեծում էր նրան ու մի անգամ նույնիսկ ատրճանակով կրակել էր ոտքին:

Ինչ վերաբերում է դուստրերին, ապա մայրը պատմել է, որ Խաչատուրյանը թույլ չէր տալիս, որ նրանք դպրոց հաճախեին, քանի որ նրան դուր չէր գալիս, որ աղջիկներն այնտեղ ազատ են, ունեն ընկերներ, շփվում են շրջապատի հետ:

«Նա երեկոյան կարգադրում էր՝ առավոտյան ոչ մեկը դպրոց չի գնալու: Իսկ ես արթնանում էի ու աղջիկներին թաքուն դպրոց ուղարկում: Միշան արթնանում էր, տեսնում, որ դուստրերը տանը չեն, սկսում էր ինձ ծեծել»,-պատմել է կինը:

Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:

Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող  էր ծեծել ամենաչնչին բանի համար:

դիտվել է 60908 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են