Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Աղավնավանքի «Աղավնականչը». 30-ամյա գյուղը կանչում է հայրենիք (ֆոտոշարք)

Տավուշի մարզի Աղավնավանք գյուղն օգոստոսի 4-ին նշեց վերածննդի 30-ամյակը։ 1988 թվականին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով: Աղավնավանքի 30-ամյակի առթիվ օգոստոսի 4-ին և 5-ին իրականացվող միջոցառումների շարքը «Աղավնականչ» խորագիրն էր կրում: Սիրո ուխտագնացություն դեպի գյուղի Ախնաբաթի եկեղեցի, փառատոն ու համերգ. միջոցառումների շարքը Աղավնավանք էր բերել բազմաթիվ զբոսաշրջիկների:

««Աղավնականչ»-ի գաղափարը ծնվեց «Կանաչ արահետ» հ/կ-ի հետ համագործակցության ընթացքում: Որոշեցինք նախաձեռնել մի այնպիսի միջոցառում, որը շարունակական կլինի և կարթնացնի գյուղը: Գյուղում ապրում են գաղթածներ: Անցել են տարիներ, բայց մեծահասակները դեռ չեն հարմարվել իրենց նոր բնակավայրին: Իսկ մենք՝ երիտասարդ սերունդը, ծնվել ենք այստեղ, և մեր հայրենիքն այստեղ է: Ինչո՞ւ «Աղավնականչ». Աղավնավանքը շատ մեծ բնակչություն է ունեցել, բայց ելնելով պայմաններից՝ մարդիկ արտագաղթել են: Որոշեցինք «Աղավնականչով» արտագաղթածներին հետ կանչել: Չենք ուզում, որ տոնն ու խորհուրդը միայն աղավնավանքեցունն ու Աղավնավանքինը լինի: Ուզում ենք, որ այն համազգային բնույթ կրի, որով Հայաստան կկանչենք բոլոր գաղթածներին»,- լրագրողների հետ զրույցում պատմեց գյուղի երիտասարդ բնակիչ, միջոցառման նախաձեռնող խմբի անդամ Ալեքս Ներսիսյանը:

«Կանաչ արահետ» հ/կ մարկետինգի խորհրդատու, կամավոր Ստելա Սարուխանյանն էլ իր ելույթի ժամանակ նշեց, որ Ալեքս Ներսիսյանը մեկն էր այն երիտասարդներից, ով ամիսներ առաջ այդքան էլ չէր հավատում, որ համագործակցությունը հաջողության պատմություն կդառնա:

«6-7 ամիս առաջ եկանք այստեղ, երիտասարդներ հավաքվեցին, բայց նրանք չհավատացին մեր ծրագրին: Ալեքսն էլ հեգնանքով ասաց՝ ձեր նմանները գալիս են ու գնում: Մի կերպ երկու ժամ նստեցին, մասնակցեցին դասընթացին: Ալեքսն ինձ համոզում էր, որ գյուղը մահանում է, երիտասարդներն արտագաղթելու են: Մի օր էլ ասաց՝ գյուղամիջում մի տուն ունենք, կարո՞ղ եք տարածել, որ վաճառվի: Բայց ես հավատում էի խոսքի ուժին: Հավատում էի, որ այդ տունը չի վաճառվելու: Մեկ ամիս հետո Ալեքսը զանգահարեց ու ասաց, որ ծրագիր են շահել և հյուրատուն են սարքում, զարգացնում են գյուղական տուրիզմը: Երիտասարդները չպետք է գյուղից գնան, դուք բոլորդ պիտի գիտակցեք, որ Աղավնավանքն աշխարհի կենտրոնն է, և մարդը երջանիկ է այնտեղ, որտեղ ապրում է»,- ասաց Ստելա Սարուխանյանը:

Իսկ այսօր Ալեքս Ներսիսյանն արդեն լավատես է: Նրա համոզմամբ՝ նման միջոցառումները կարթնացնեն գյուղը:

«Այն երիտասարդները, ովքեր չեն հավատացել, որ կարող է լայնամասշտաբ բան լինել, կոգևորվեն: Երբ ինչ-որ բան ենք սկսում մենակ կամ մի քանի հոգով ենք լինում: Բայց երբ տեսնում են, որ ինչ-որ բան ստացվում է, մարդիկ ոգևորվում են, ցանկանում մասնակցել կազմակերպչական գործընթացին: Այսպես գյուղն արթնանում է»,- նշեց Ալեքս Ներսիսյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր երիտասարդներին, որովհետև տեսել եմ, թե ինչ տքնաջան աշխատանք է իրականացվել, որ կարողանանք այս հրաշք օրը վայելել: Մեր Աղավնավանք համայնքը մեծ պոտենցիալ ունի: Ուզում եմ շեշտել, որ մենք պատրաստ ենք իրականացնել թե՛ գյուղատնտեսական, թե՛ տուրիզմին առնչվող բոլոր նախաձեռնությունները»,-ասաց նա:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ևս շնորհավորեց աղավնավանքեցիներին ու ասաց.

«Աղավնավանքի գոյությունը, և արդեն երկրորդ սերնդի ներկայությունը վկայում է մեր ազգի ու մեր հայրենքի հավիտենականության մասին: Անկախ պայմաններից, հանգամանքներից, որպես արժանապատիվ ժողովրդի, հաղթանակած ազգի զավակներ, աղավնավանքեցիները կառչած են այս տարածքին:

Ուզում եմ շնորհավորել Ձեզ, որ Աղավնավանքի այս սուրբ ներկայության և հովանու ներքո ձեր կյանքը զարգացնում ու առատացնում եք: Մեր փափագն այն է, որ էլ երբևէ առիթ չունենանք խոսել վերաբնակեցման մասին: Դուք առաջիկայում այդ հասկացողությունը կվերացնենք և ձեզ չեք ընկալի որպես վերաբնակեցնողներ, այլ կընկալեք որպես արմատական աղավնավանքեցիներ»:

դիտվել է 14748 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են