Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Նիկոլ Փաշինյանն առաջին հարվածներն է ստանում թիկունքից

1in.am-ը գրում է․«Հիմնադիր խորհրդարան»-ը Երևանի ավագանու ընտրություններում թեկնածություն չի առաջադրի․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը պաշտոնապես ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը։

«Հայաստանում ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, քանի դեռ կան քաղաքական բանտարկյալներ՝ ի դեմս Շանթ Հարությունյանի, «Սասնա ծռեր»-ի, որոնց քննությունը դեռևս ընթանում է և այլն։Այս պարագայում կա որոշակի գաղափարական խնդիր»,- ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչը։

Ճակատագրի բերումով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հեղինակությանն առաջին լուրջ հարվածը հասցնում է հենց այն ուժի ներկայացուցիչը, որը, կարելի է վստահաբար ասել՝ հեղափոխության հիմնական շահառուն էր։

Դժվար է պատկերացնել, որ առանց հեղափոխության հնարավոր լիներ ազատության մեջ պատկերացնել Գևորգ Սաֆարյանին կամ Ժիրայր Սեֆիլյանին, առավել ևս՝ «ծռերից» որևէ մեկին։

Արտաքուստ Սեֆիլյանի թիմը հանդես է գալիս հեղափոխության ամենաջերմ պաշտպանի դիրքերից, սակայն հենց առաջին հետհեղափոխական ընտրությանը, որը կարևոր փորձություն է կառավարության համար, տալիս է այնպիսի գնահատական, որը չեն հանդգնում տալ անգամ ՀՀԿ գործիչները կամ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, որոնք այսօր ասոցացվում են հակահեղափոխության հետ։

Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված բոլոր մարդիկ ազատության մեջ են, ազատ են արձակվել նաև 31 «ծռերից» 26-ը։ Այս պահին ճաղերի հետևում են միայն այն մեղադրյալները, ովքեր ուղղակի դերակատարություն են ունեցել ՊՊԾ գնդի գրավման կազմակերպմանը կամ նրանք, որոնց մեղսագրվում են ոստիկանների սպանության դրվագները։

Հենց քրեադատավարական տեսանկյունից խոցելի է նրանց խափանման միջոցը փոխելը, դա հրաշալի հասկանում են նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները, սակայն այդ փաստն օգտագործում են առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար։

Սա անմեղ գնահատական չէ, ոչ էլ մտահոգություն ընկերների ճակատագրերի համար, մանավանդ որ անազատության մեջ մնացած «ծռերն» այս օրերին հանդես են գալիս հայտարարություններով,որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի դրսևորած հումանիզմի նպատակահարմարությունը։

Երբ կառավարությունը՝ հեղափոխական էյֆորիայի տրամաբանությամբ կամ տուրք տալով պոպուլիզմին, ինչ-որ կերպ լուծեց «ծռերի» խնդիրը, իրականում ական դրեց Հայաստանի արդարադատության և քաղաքական համակարգի տակ․նոր Հայաստանում որևէ պատրվակով չպետք է լեգիտիմացվեր ահաբեկչությունը, քաղաքական բռնությունը։

Ժիրայր Սեֆիլյանի թիմն ընտրություններին մասնակցելու, մրցակցային միջավայրին դիմանալու որակներ չունի, սակայն մտացածին գնահատականներով կասկածի տակ է դնում այսօրվա Հայաստանի դեմոկրատական բնույթը, ընտրական ինստիտուտների լեգիտիմությունը։

Միևնույն ժամանակ՝ հիմքեր են նախապատրաստվում նոր «հեղափոխության» կամ «ծռության» համար․ եթե ընտրությունները լեգիտիմ չեն, ապա, «ծռերի» պատկերացմամբ, լեգիտիմ են դառնում պայքարի ոչ քաղաքական մեթոդները։

Սակայն ստեղծված իրավիճակի համար ամենամեծ քաղաքական պատասխանատվությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը, որը «ծռության» խնդիրը լուծեց ըստ էության ոչ թե իրավական ճանապարհով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։

Եթե չլինեին հեղափոխական հարթակից կամ կառավարության առաջին դեմքերի շուրթերից հնչած քաղաքական անուղղակի հայտարարությունները, ապա նաև կոալիցիային մաս կազմող կուսակցությունների պատգամավորների երաշխավորագրերը, դատարանը որևէ պարագայում չէր վերանայի ծանր հանցագործության մեջ մեղադրվող «ծռերի» խափանման միջոցները։

Ընդ որում՝ այս պատմությունը Նիկոլ Փաշինյանին խոցելի է դարձնում երկու տեսանկյունից։

«Ծռերը» դժգոհ են դեռևս անազատության մեջ գտնվողների հանգամանքով ու ոչ լեգիտիմ են համարում առաջիկա ընտրությունները, իսկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները խոսում են սելեկտիվ արդարադատության մասին,քանի որ մի դեպքում դատարանը բավարարում է պատգամավորների միջնորդությունները, մյուս դեպքում՝ մերժում։

Ճակատագրի հեգնանքով ընտրողական արդարադատության, երկրում քաղաքական հալածանքների մասին էլ խոսում է Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մասնակից ՀՅԴ-ն։

Հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո մեր հրապարակումներում ահազանգում էինք, որ եթե նույնիսկ ժամանակավոր կառավարության ձևավորման հարցում Նիկոլ Փաշինյանը կոմպրոմիսների գնա՝ քրեօլիգարխիայի սեգմենտների հետ կամ երկարաձգի արտահերթ ընտրությունների անցկացումը, իր կառավարությունն ականապատելու է հակահեղափոխության ռիսկերով։

Հիմա ստեղծվել է մոտավորապես այդ իրավիճակը ու տեղին կլինի, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հստակ տարանջատվի քաղաքական այն ուժերից,որոնք հեղափոխության, այսպես կոչված, պարազիտներն են ու նրանից սնվելով՝ թիկունքից հարվածում են հենց հեղափոխության առաջնորդին, նրա քաղաքական հեղինակությանը։

դիտվել է 60159 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն