Yelaket.am | Սերժ Սարգսյանի «ժառանգությունը» Փաշինյանին. Իրանը սպասում է
Երևան
19 / Օգոստոս / 2018

Սերժ Սարգսյանի «ժառանգությունը» Փաշինյանին. Իրանը սպասում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Իրան, ինչի մասին խոսել են նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Հայաստանում Իրանի դեսպանը: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունը խորացնելու հարցեր, այդ թվում խոսել Նիկոլ Փաշինյանի այցի մասին, չնշելով որեւէ կոնկրետ ժամկետ:

Նիկոլ Փաշինյանին Իրան էր հրավիրել այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին, մի քանի ամիս առաջ, երբ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ եւ հեռախոսազրույց ունեցել Իրանի նախագահի հետ:

Այդ ժամանակից հետո սակայն Իրանում իրավիճակը զգալի փոխվել է, քանի որ այդ երկրի հետ միջուկային համաձայնագրից դուրս է եկել ԱՄՆ, վերականգնելով պատժամիջոցներն Իրանի հանդեպ: Դա բերել է իրանական տնտեսության տենդի, ինչն էլ հանգեցրել է տարբեր հանրային շերտերի բողոքի դրսեւորումների: Իրանն ու ԱՄՆ փոխանակում են փոխադարձ կոշտ հայտարարություններ, թեեւ միեւնույն ժամանակ արտահայտվում են նաեւ հանդիպելու եւ քննարկելու օգտին, բայց առայժմ չի ուզում զիջել ոչ ոք:

Ահա այդ իրավիճակում ի՞նչ հեռանկար ունի Հայաստան-Իրան հարաբերությունը: Հայաստանի համար Իրանի կարեւորության մասին խոսելը թերեւս ավելորդ է: Այդ համատեքստում շատ է խոսվում տնտեսական հնարավորությունների մասին, սակայն խորքային առումով իհարկե Հայաստանի եւ Իրանի առավել առարկայական շահը ներկայումս անվտանգությունն է՝ արցախյան գոտում կայունությունը եւ ստատուս-քվոյի պահպանումը:

Իրանին դա մտահոգում է այնտեղ հնարավոր երրորդ ուժի հայտնվելու ռիսկի տեսանկյունից, ինչի համար էլ Թեհրանը պարբերաբար բաց տեքստով հայտարարել է, որ հույս ունի, թե Բաքուն ու Երեւանը չեն անի քայլեր, որոնք կապակայունացնեն իրավիճակն իր հյուսիսային սահմանին եւ կառաջացնեն այդ գոտում երրորդ երկրի զինուժի ներկայության վտանգ: Խոսքը բնականաբար խաղաղապահների տեսքով ներկայության մասին է:

Մյուս կողմից, խնդիրը Իրանի համար ունի նաեւ այլ համատեքստ, կապված արդեն անմիջապես Ադրբեջանի հետ հարաբերությանը: Այստեղ կա առնվազն երկու էական հանգամանք: Իրանի հյուսիսում էթնիկ ադրբեջանցիների մեծ քանակությունը, ինչպես նաեւ Ադրբեջան-Իսրայել սերտ ռազմատեխնիկական գործակցությունը: Ըստ էության, այդ գործակցությունը նշանակում է Իսրայելի ներթափանցում Իրանի թիկունք:

Այդ ամենով հանդերձ, Իրանն էլ իր ազդեցությունն ունի Ադրբեջանում, այսպես ասած փափուկ ուժի տեսքով, որը սակայն ըստ տարբեր գնահատականների բավականին կոշտ արտահայտվեց շաբաթնար առաջ Մինգեչաուր ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի տեսքով: Դրա հետեւանքով Ադրբեջանի խոշոր քաղաքները, այդ թվում Բաքուն հայտնվել էին խավարի մեջ, այդպիսով ցույց տալով Բաքվի խոցելիությունը: Միաժամանակ Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյանջայում տեղի ունեցավ մահափորձ քաղաքապետի դեմ, որը պաշտոնական Բաքուն վերագրեց հենց ծայրահեղ իսլամականներին: Իսկ իսլամական գործոնը Ադրբեջանում դիտարկվում է Իրանի ազդեցության ներքո:

Ներկայումս առկա է նաեւ մեկ այլ ուշագրավ զարգացում Իրանի շուրջ, որը անկասկած իր ազդեցությունն է թողնելու կամ թղնում հայ-իրանական հարաբերության վրա: Մի քանի շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Պուտինին ուղիղ եւ բաց տեքստով առաջարկել էր գործարք՝ Մոսկվան քայլեր է անում Իրանի ներկայությունը Սիրիայում թուլացնելու ուղղությամբ, իսկ Իսրայելը համաձայնում է Ասադի վարչակարգի գոյությանը: Ռուսաստանն այդ մասով իր մոտեցումը հրապարակավ չի հայտնել, սակայն այս քննարկումները Թել-Ավիվի եւ Մոսկվայի միջեւ շարունակվում են արդեն մոտ մեկ տարի, քանի որ դեռեւս 2017-ի օգոտոսին էր Իսրայելի վարչապետը Մոսկվայում բարձրացրել այդ հարցը Պուտինի հետ հանդիպմանը: Ընդ որում, նույն օրը Պուտինը Սոչիում հաջորդից հանդիպել էրև նաեւ Սերժ Սարգսյանի հետ, իհարկե այլ ֆորմալ օրակարգով: Բայց քննարկվե՞լ է արդյոք նաեւ Իրանի հարցը: Այդ հարցադրման առիթ է այն, որ մի քանի ամիս անց Իսրայել այցելեց Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը, որի հետ հանդիպմանը Նաթանյահուն չգիտես ինչու բարձրաձայնել էր Սիրիայում Իրանի ներկայության խնդիրը: Ընդ որում, հայկական կողմը իր պաշտոնական հաղորդագրության մեջ դա չէր նշել, թեեւ դա չխանգարեց, որ Իրանի ԱԳՆ խոսնակը Երեւանին հորդորի չտրվել Իսրայելի խաղերին:

Այդպիսով, Երեւանը եղե՞լ է այդ խաղերի մեջ եւ ի՞նչ «ժառանգություն» է մնացել այդ մասով Հայաստանի նոր իշխանությանը: Ու ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այդ առումով:

Հայ-իրանական հարաբերությունը ներկայում հայտնվել է ահա այդ բարդ միջավայրում: Եվ այստեղ խնդիրը թերեւս ամենեւին էլ ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով Իրանի հետ տնտեսական հարաբերության սահմանափակման ռիսկերը չեն: Դրանք Հայաստանի համար ունեն իհարկե կարեւոր եւ շոշափելի նշանակություն, սակայն ամենեւին ոչ վճռորոշ: Առավել եւս, որ տնտեսական խնդիրներն Իրանին գուցե ստիպեն ավելի այսպես ասած փոխզիջող լինել ԵՏՄ հետ հարաբերություններում եւ ըստ այդմ ավելի լուրջ նայել Հայաստանին, որպես այսպես ասած կամուրջ:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Իրանի թուլացումը կարող է բերել ռեգիոնալ անվտանգության Հայաստանի համար կարեւոր գործոնների թուլացման: Իհարկե առանցքայինն այդ առումով շարունակում է մնալ Ռուսաստանը, եւ այստեղ Երեւանը դրել է բավականին հստակ ու կարեւոր մի քանի շեշտադրում: Բայց կարեւոր է նաեւ իրանական բաղադրիչը, եւ այստեղ անշուշտ պաշտոնական Երեւանի համար շատ կարեւոր է Թեհրանի հետ ինտենսիվ հարաբերությունը քաղաքական եւ ռազմա-քաղաքական տիրույթում, Թեհրանի մոտ չթողնելով հատման այդ կարեւորագույն կետում որեւէ երկիմաստության առիթ: Դրանով միաժամանակ շատ կարեւոր է նաեւ Իսրայելին ու Թուրքիային զրկել Մոսկվայի վրա ճնշման առանցքային բաղադրիչից:

Lragir.am 

դիտվել է 20297 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են