Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Ալիեւը գայթակղում է Պուտինին. անպարկեշտ առաջարկ

Lragir.am-ը գրել է. Ադրբեջանում սկսել են գրել ու խոսել ՀԱՊԿ անդամակցության մասին: Այդ երկրի խորհրդարանի իրավական քաղաքականության եւ պետականաշինության կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ պետք է մտածել ՀԱՊԿ անդամակցության մասին, դիտարկելով դա իբրեւ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերության ֆորմալացում եւ այդպիսով հավասարակշռություն հաստատելով հայ-ռուսական դաշնակցության համեմատ: Ադրբեջանցի պատգամավորը ասել է նաեւ, թե դրանով Բաքուն կկարողանա նաեւ էժան զենք գնել, նաեւ Ռուսաստանը կկարողանա ավելի աշխույժ միջնորդություն անել Արցաի հարցում՝ ՀԱՊԿ երկու անդամների միջեւ: Պատգամավորը առաջարկում է սկսել դիտորդի կարգավիճակից:

Առայժմ չի արտահայտվել Ադրբեջանի գործադիր իշխանությունը, դիվանագիտական շրջանակները: Դեռեւս չկա նաեւ ռուսական արձագանք: Դրանց լինելու դեպքում հնարավոր կլինի թերեւս առավել մոտ պատկերացում կազմել, թե ինչ կա Ադրբեջանի նախաձեռնության տողատակում:

Առայժմ նշմարվում է Ռուսաստանին, մասնավորապես այդ երկրի նախագահ Պուտինին «գայթակղելու» փորձ, որ նրբորեն փորձում է անել Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանում ՀԱՊԿ-ի մասին այդ խոսակցությունները դիտարկվում են օրերս Կասպիցի շուրջ ափամերձ պետությունների հնգյակի համաձայնության ֆոնին, բայց թերեւս արժե նայել նաեւ մի փոքր առաջ եւ մի փոքր էլ այլ ուղղությամբ:

Օգոստոսի 30-ին սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը Մոսկվա: Այդ մասին Պուտինն ազդարարեց՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման նախօրեին ընդունելով Ալիեւին եւ նրան ասելով, թե ավելի հանգամանալից հարցեր կքննարկեն օգոստոսի 30-ի այցի ընթացքում: Այլ կերպ ասած, հունիսի 13-ին Պուտինն Ալիեւին ասաց, թե մինչեւ օգոստոսի 30 չունի նրա հավեսն ու ժամանակը:

Իսկ Ալիեւի հայցադիմումների շարքում բնականաբար մեծ տեղ ունի Արցախը, որտեղ Բաքվի համար շատ կարեւոր է Պուտինին վերադարձնել քաղաքական հարաբերությունների երկամյա՝ նախաապրիլյան տրամաբանությանը: 2016-ի քառօրյայի հետեւանքով Մոսկվան բախվել է չափազանց լուրջ խնդիրների՝ Հայաստանում, Կովկասում, նաեւ ավելի լայն համատեքստում, անելով որոշակի նվազագույն եզրակացություններ:

Հայաստանում 2018-ի ապրիլին իրավիճակի փոփոխությունը ունի այդ իրավիճակը էլ ավելի անշրջելի դարձնելու միտում եւ հնարավորություն, այդ թվում նաեւ դրանց հանդեպ Ռուսաստանի պահվածքի տեսանկյունից:

Պուտինը նախորդ տարի ամռանը մի անգամ արդեն ասել էր Ալիեւին՝ Էրդողանի միջոցով, որ չունի Արցախի ուղղությամբ ստատուս-քվոյի փոփոխության հույս, չի տեսնում, թե հնարավոր է այդպիսի բան: Էրդողանը դրա մասին ասել էր Պուտինի հետ հանդիպման մասին պատմելիս, հրապարակավ:

Ընթացիկ ամառը փաստորեն էլ ավելի է բերել այդ իրավիճակի կարծրացման, մի շարք նոր գործոնների շնորհիվ: Այդ պարագայում Ալիեւի համար խոշոր հաշվով իմաստազրկվում է օգոստոսի 30-ին Մոսկվա գնալը, իհարկե հարաբերականորեն, քանի որ անկասկած կան քննարկելու նաեւ այլ հարցեր:

Բայց Արցախի կամ հայկական հարցն անշուշտ առանցքային է, եւ այդ իսկ պատճառով այցին իմաստ հաղորդելու համար թերեւ Ադրբեջանի նախագահը փորձում է գայթակղել Պուտինին, այլ փաստարկի բացակայության պայմաններում: Առավել եւս, որ իրավիճակը բարդացրել է նաեւ թուրք-ամերիկյան հարաբերության լարումը: Ինչքան կսրվի առակատումը եւ կանցնի՞ արդյոք անդառնալի կետը, բարդ է ասել, սակայն ներկայում Թուրքիան հայտնվել է բավական բարդ վիճակում, ինչը առավելություն է տվել Ռուսաստանին, եւ Պուտինը, որ ինքն էլ իհարկե ծանր վիճակում է, այդուհանդերձ ստացել է Էրդողանի հետ ավելի ուժեղ դիրքից խոսելու հնարավորություն: Իսկ դա ազդելու է նաեւ Բաքվի հետ խոսակցության վրա:

Հատկապես, որ «ավագ եղբոր» պատճառով Բաքուն ստիպված կլինի նաեւ խնդիրներ ունենալ Արեւմուտքի հետ, «պահելով» ավագ եղբոր դեմքը կամ թիկունքը, որքան էլ դա լինի տհաճ: Ընդ որում, բացառել պետք չէ, որ ՀԱՊԿ հարցի մեջտեղ գալը ունի նաեւ այդ նպատակը, ստեղծել Արեւմուտքի հետ առեւտրի հնարավորություն, թեմա:

Կանցնի՞ Ալիեւի բլեֆը Արեւմուտքի մոտ: Դա կախված է նրանից, թե որքանով կհաջողվի գայթակղել Պուտինին: Իսկ այդ առումով Ալիեւն անուղղակի, բայց անում է անպարկեշտ առաջարկ:

Անպարկեշտ, որովհետեւ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցումը կամ թեկուզ դրա վերաբերյալ որեւէ էական գործընթացի մեկնարկը՝ նախնական զոնդաժից անդին, Ռուսաստանի համար պարունակում է լրջագույն ռիսկեր, եւ ի՞նչ պետք է մտածել Պուտինի մասին, որպեսզի ակնկալել, թե նա կարող է լրջորեն դիտարկել Ալիեւի առաջարկն ու ՀԱՊԿ անդամակցելու Ադրբեջանի իրական պատրաստակամությունը, կամ չդիտարկել դրա պարագայում Ռուսաստանի համար հետեւանքը:

Դա ըստ էության նշանակելու է, որ Կովկասում Ադրբեջանը մտնում է Ռուսաստանի թիկունք, կամ ավելի շուտ Ադրբեջանի միջոցով Կովկասում Ռուսաստանի թիկունք են մտնում Թուրքիան եւ Իսրայելը: ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որեւէ դերակատարություն կարող է տեղի ունենալ իրականում ոչ թե Հայաստանի, այլ հենց Ռուսաստանի դերի ու ազդեցության հաշվին, նկատի ունենալով այն, որ Ադրբեջանի վրա հասարակական-քաղաքական ազդեցության առումով Ռուսաստանը սկզբունքորեն զիջում է թե Թուրքիային, թե Իրանին, թե անգամ Իսրայելին:

Այդ տեսանկյունից, Ադրբեջանը կլինի Ռուսաստանի թիկունք իջեցված դեսանտ, անգամ գործընթաց սկսելու պարագայում, եթե դիտարկենք դրա հիպոթետիկ հնարավորությունը:

դիտվել է 10837 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...