Երևան
18 / Օգոստոս / 2019

Զանգ Ռոբերտ Քոչարյանին. Պուտինի ընտրությունը

Lragir.am -ը գրել է. ՌԴ նախագահ Պուտինը ծննդյան օրվա առիթով «ջերմորեն շնորհավորել է» Ռոբերտ Քոչարյանին. այդ մասին տեղեկությունը տեղադրվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Տեղի ունեցածը անշուշտ սովորական բան չէ, հաշվի առնելով այն, որ խոսքը նախկին նախագահի մասին է, որը ներկայումս հայտարարել է ակտիվ քաղաքականություն մտնելու, խորհրդարանի ընտրությանը մասնակցելու, ընդդիմադիր բեւեռ լինելու մտադրության մասին:

Դա առավել առանձնահատուկ ֆոն է հաղորդում Պուտինի շնորհավորական զանգին, տալով բազմաթիվ եւ բազմաբնույթ մեկնաբանությունների ու դատողությունների առիթ: Ի՞նչ են խոսել Քոչարյանն ու Պուտինը շնորհավորանքներից բացի, պարզ չէ: Այլ որեւէ բան հաղորդագրության մեջ չկա: Խոսե՞լ են նրանք Քոչարյանի պլանների կամ նրա դեմ քրգործի մասին, արդյոք Պուտինը որեւէ կերպ աջակցություն հայտնել է այդ պլաններին: Թեեւ շատ շրջանակներ ինքնին հեռախոսազրույցի, շնորհավորանքի եւ հաղորդագրության հանգամանքը արդեն իսկ կդիտարկեն Պուտինի աջակցություն Քոչարյանին, միաժամանակ նաեւ Պուտինի դժգոհություն Փաշինյանից:

Ամեն ինչ այդքան պա՞րզ է, թե իրականում այդ շնորհավորանքի ներքո բազմաշերտ իրողություններ են, կապված Հայաստանում նոր իրավիճակի հետ, որը առնչվելու է նաեւ հայ-ռուսական հարաբերության վերափոխմանը, դրա անխուսափելիությանը եւ միաժամանակ նաեւ երկուստեք դրա անհրաժեշտությանը:

Ռոբերտ Քոչարյանն ակնկալում է օգտվել անցումային կամ ադապտացիոն այդ իրավիճակից եւ գուցե Պուտինի շնորհավորանք կորզելը նրա օգուտն էր, բայց ամենեւին ոչ աջակցությունը քաղաքական պլաններին: Օգուտն այն իմաստով, որ երկրորդ նախագահը Հայաստանում գուցե մեկ-երկու շրջանակի վրա կարող է թողնել Պուտինի հավանությունն ունեցողի տպավորություն:

Իսկ այդպիսի շրջանակներ դեռ կան, որոնց համար հայաստանյան քաղաքականությունն ու ներքին կյանքը սկսում եւ ավարտվում է Մոսկվայում, անգամ թավշյա հեղափոխությունից հետո: Իսկ Քոչարյանի հավակնությունն ու խնդիրը շատ մեծ չէ՝ ընդամենը փորձել ստանձնել որոշակի ներքին դերակատարություն, անցումային ներկայիս փուլում սեփական շահերն ու ունեցվածքը պաշտպանելու համար:

Սրան զուգահեռ, Քոչարյանին շնորհավորանքի միջոցով էլ Պուտինը փորձում է պաշտպանել իր շահերը հայ-ռուսական հարաբերության վերափոխման ներկայիս փուլում, նոր իրավիճակում: Հատկանշական է, որ նրա շնորհավորանքում բացակայում է որեւէ այլ բովանդակություն, որեւէ այլ հարցի քննարկման մասին հաղորդագրություն: Այլ կերպ ասած, Պուտինը շարունակում է «չմիջամտել Հայաստանի ներքին գործերին», ինչպես ապրիլյան օրերին, թերեւս շատ լավ պատկերացնելով միջամտության հանրային հետեւանքը:

Մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության նախագահը խոշոր հաշվով իր նպաստն է բերում այդ հեղափոխության նոր փուլին, նոր ալիքին, օգնելով Ռոբերտ Քոչարյանի միֆի գեներացմանը: Սրան զուգահեռ, Պուտինն անշուշտ մտածում է այդ հեղափոխության հետ իր հարաբերության հնարավորինս լայն երաշխիքների դաշտի մասին, այդտեղ դիտարկելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործոնը:

Արդյոք Պուտինի շնորհավորանքը «կազմակերպել» էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իհարկե ակամա, Հայաստան իր այցով ու Երեւանի Հյուսիսային պողոտայում զբոսանքով:

Ներկայում հետաքրքիր է, թե կլինի՞ առաջիկայում Փաշինյան-Պուտին շփում եւ ինչ հարթակում կլինի այդ շփումը: Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ Էխո Մոսկվիի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինի հետ ավելի հեշտ էր, քան պատկերացնում էր մինչ այդ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, նա բաց եւ անկեղծ զրուցակից է: Փոխարենը ներկայում շատ դժվար է Պուտինի համար: Նա ունի թե ներքին, թե արտաքին ահռելի խնդիրներ: Այս իրավիճակում իհարկե ծիծաղելի է մտածել, թե Պուտինին կարող են հուզել Ռոբերտ Քոչարյանի ներքին խնդիրները:

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն փորձում է նրան համոզել, որ Նիկոլ Փաշինյանը ավելացնելու է Պուտինի արտաքին խնդիրները: Համոզե՞լ է Քոչարյանը եւ Պուտինը դրա՞ համար է շնորհավորել ու հրապարակել, թե՞ շնորհավորել ու հրապարակել է, որ Քոչարյանը հանգիստ թողնի իրեն:

Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խորքային առումով նվազեցրել է Ռուսաստանի նախագահի համար բարդ խնդիրները, կամ ավելի շուտ ստեղծել նախադրյալ, որտեղ հայ-ռուսական հարաբերության վերափոխման միջոցով կարող են ձեւավորվել խնդիրների լուծման նոր հնարավորություններ: Այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահին կարող է օգտակար լինել որպես այսպես ասած «օրապահ», բայց ոչ որպես գործընկեր:

Որովհետեւ Հայաստանում Ռուսաստանը արժեքավոր եւ հեռանկարային գործընկեր ձեռք բերելու հնարավորություն ստացել է հենց թավշյա հեղափոխության պարագայում:

դիտվել է 18839 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին