Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Ու՞ր է գնում Նոր Հայաստանը (Video)

Մոտ չորս ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստան էի ուղևորվում հեղափոխության ամենաթեժ պահին, ինձ մղող ուժը հայրենիքիս, հայրենակիցներիս ու իմ ունեցած արդարության ծարավն էր, ինչպես նաև հեղափոխության առաջնորդի ազնվության ու հայրենասիրության նկատմամբ ունեցած անվերապահ հավատը:
Սակայն այն ժամանակ մտքովս չէր կարող անցնել, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց արդարության պակասի զգացումը պետք է ստիպեր այս տողերը գրել:

Ի թիվս բազմաթիվ այլ լուրջ մտահոգությունների, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել՝ մտածելով, որ դեռ ժամանակ է պետք, ցավով տեղեկացա, որ մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին «Մարտիկ» հիմնադրամի գործով: Մեղադրանքում նշվում է, թե իբր Աղաբեկյանը տարիների ընթացքում հիմնադրամի հաշվից ոչ կանոնադրական ծախսեր է կատարել մոտավորապես 100,000 ԱՄՆ դոլարի չափով:

Առաջին հայացքից թվում է, թե արտառոց ոչինչ չկա, լեյտենանտը Ռևազի կորած ոչխարներն է փնտրում: Դատավարությունը ցույց կտա՝ կանոնադրական էին ծախսերը, թե ոչ: Բայց խնդիրն անհանգստացնող է դառնում, երբ դիտարկում ես հանգամանքներն ամբողջական ու հերթականության լույսի ներքո:

Իսկ հանգամանքները հետևյալն են. Մանվելի «տուշոնկեքը» հայտնաբերելուց հետո խուզարկություն է իրականացվում Աղաբեկյանի հայրենի տանը և մի քանի գործարաններում, որոնք իր հետ ընդհանրապես կապ չունեին: Խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվում: ԱԱԾ-ն խուզարկության մասին չի հրապարակում, և այդ մասին հանրությունը տեղեկանում է միայն Աղաբեկյանի հրապարակումից:

Ըստ երևույթին, տեսնելով, որ թացն ու չորը խառնել են, որ «ամեն սև բան Օթելլո չէ», ու ամեն տեղ չէ, որ պետք է տուշոնկա փնտրել, առաջին անգամ լրատվամիջոցներում շրջանառության մեջ է դրվում ցինիկ վերնագրերով ոչինչ չասող մի տեսանյութ, որտեղ պատերազմի օրերին Աղաբեկյանը մասնակցում է մարտական վրանի տակ կազմակերպված ինչ-որ հավաքույթի: Ժամանակագրությանը հետևելիս ակնհայտ է դառնում, որ տեսանյութը հայտնաբերվել էր ԱԱԾ-ի կողմից Մանվելի տան խուզարկությունից հետո, և հավանաբար լրատվամիջոցներին էր տրամադրվել հենց ԱԱԾ-ի կողմից:

Այս տեսանյութն էլ կարծես ցանկալի աղմուկը չի բարձրացնում, և օգոստոսի 23-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում Աղաբեկյանի նկարով ու նրա անվամբ վերնագրով հրապարակվում է մի մեղադրական հոդված, որը ընդհանրապես կապ չուներ գեներալի հետ: Եվ վերջապես հոդվածի հրապարակումից մի քանի օր հետո քրեական մեղադրանք է առաջադրվում «հափշտակություն» հոդվածով, այնինչ մեղադրանքի ամբողջական տեքստից պարզ է դառնում, որ խոսքը գնում է հիմնադրամի գումարներից ստացված տոկոսների կանոնադրական կամ ոչ կանոնադրական ծախսերի մասին:

Տեսնելով, որ հետաքննության բնույթն այն չէ, ինչ ներկայացվում է, Արցախի Հանրապետության նախկին վարչապետն ու այլ ընկերներ պատրաստակամություն են հայտնում նույնիսկ մինչև դատավարությունը փոխանցելու քննության առարկա 54 մլն դրամը:

Այս ամենից հետո հարց է առաջանում. ի՞նչն է փայլուն մարտական ուղի անցած, Արցախյան պատերազմի հերոս, հայկական բանակի կայացման գործում անուրանալի ներդրում ունեցող պաշտպանության փոխնախարար, Արցախի Հանրապետության տնտեսական և ռազմական զարգացմանը միտված տասնյակ ծրագրերի հեղինակ, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, բանակի գեներալ-լեյտենանտի հետևողական հետապնդման նպատակը: Ի՞նչն է հիմնադրամի հսկայական ձեռքբերումների մասին լռելու և «խոշոր գումարների հափշտակություն» վերնագրի ներքո հիմնադրամն ու հիմնադրամի ղեկավարին հեղինակազրկելու փորձերի իմաստը:

Հնարավո՞ր է արդյոք՝ պատճառը հեղափոխությունից հետո Աղաբեկյանի մի քանի քննադատական հրապարակումներն էին նոր իշխանությունների հասցեին, որոնք ավելի մտահոգ ու կառուցողական էին, քան քննադատական: Կա՞ն արդյոք ավելի խորքային պատճառներ՝ ընդհանրապես Արցախյան ազատամարտով անցած նվիրյալների հետ կապված, ինչի մասին չեմ էլ ուզում բարձրաձայնել:

Արցախյան գոյատևման պատերազմը, նրա մասնակից հերոսները և «Մարտիկ» հիմնադրամի գաղափարախոսությունն այն երևույթներն են, որոնք առանցքային մաս են կազմում մեր ազգային գաղափարախոսության, մեր ինքնագիտակցության ու գոյության հիմքում: Այդ երևույթներին ստվեր նետող գործողություններում պետք է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել և առնվազն իրերը կոչել իրենց անունով: Այս զգուշությունն, իհարկե, չի վերաբերում միայն ներկա իշխանություններին, այլ նաև իրեն՝ Աղաբեկյանին, որովհետև իր անցած ուղին այլևս միայն իրեն չի պատկանում, այլ նաև գալիք սերունդներին, որովհետև նաև հիմնադրամի հետևողական հաշվետվության բացակայությունն է հիմք տվել տիկին Բախշյանի բողոքին:

Սակայն հրապարակումների հեղինակները պետք է հաշվի առնեին, որ նախկին ու ներկա իշխանավորներից շատ քչերն են նույնիսկ իրենց սեփական բակում այնպիսի հարգանք վայելում, ինչպիսի հարգանք ու սեր է վայելում Աղաբեկյանն իր հայրենի Արցախում, ամբողջ Հայաստանում և Սփյուռքում: Նրանք, ովքեր իրենց «նեղություն» են տվել մեկ անգամ լինել Հադրութի շրջանի ՄեԾ Թաղեր գյուղում, տեսել են, որ Աղաբեկյանի ջանքերով գյուղը նմանվել է եվրոպական փոքրիկ օազիսի՝ իր ճանապարհներով, ստեղծված աշխատատեղերով ու ժամանցի վայրերով:

Եվ ի վերջո, մինչ նրան պարսավողներից շատերը նոր-նոր գիտակցական կյանք էին թևակոխում, Աղաբեկյանը կարող էր առնվազն մի քանի անգամ զոհվել մարտերում:

Եվ այս խոսքերն էլ բոլորովին նրան պաշտպանելու համար չեն, որովհետև 3-րդ հանրապետության ստեղծման օրերից ի վեր ռազմական ու քաղաքական գործիչներից ամենաքիչը պաշտպանության կարիք ունի հենց ինքը՝ Արթուր Աղաբեկյանը:

Այս խոսքերի պատճառն անհնագստությունս է առ այն, որ մեր անցյալը, մեր արժեքները, հաղթանականերն ու պարտություններն ըստ արժանվույնս գնահատենք և մեր ապագան կերտենք գիտակցաբար, խորամտությամբ ու հին սխալները չկրկնելով:

Իսկ այժմ՝ համառոտ ու, ըստ էության, հետհեղափոխական շրջանի մտահոգություններիս մասին:

Բոլորս գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք պետական պարտքի մի քանի միլիարդ դոլարի ավելացման ֆոնին երկրում աղքատության մակարդակն էլ ավելի է վատթարացել, և տնտեսությունը չնչին աճ է գրանցել: Նախորդների օրոք մենաշնորհային դիրք ձեռք բերած բոլոր ձեռնարկություններն այսօր էլ անարգել շարունակում են օգտվել իրենց գերիշխող դիրքերից՝ ստանալով միլիոնավոր դոլարների եկամուտներ: Միայն Հյուսիս-Հարավ ծրագրի վրա խոսվում էր հարյուր միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումների մասին, էլ չեմ խոսում բազմաթիվ այլ վարկերի, պայմանագրերի և օրենսդրական ակտերի մասին, որոնք ուղղակիորեն ստեղծվել են կլանային շահերը սպասարկելու համար:

Մտահոգիչն այն է, որ այս ամենի մասին ոչ միայն բացահայտումներ չկան, այլև բացահայտումների ուրվագծեր էլ չեն երևում: Չկան ընդհանրական մոտեցման ծրագիր, վնասների ծավալների հաշվարկ, խոշոր ոլորտների հիվանդության ախտորոշում:

Ավելին՝ մինչև օրս չկա տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, կրթական որևէ լուրջ ծրագրային փոխոխություն, որևէ ոլորտի քաղաքականության կոնկրետ, ամբողջական, ու հեղափոխական վերանայում, մինչդեռ ներքին ու արտաքին մարտահրավերները գնալով ավելի ու ավելի են ահագնանում:

Ես համարում եմ, որ, ինչպես անհատի ներքին արժեքային համակարգն ու սկզբունքներն են ձևավորում նրա արտաքին դրսևորումը, այնպես էլ պետության ներքին քաղաքականությամբ է պայմանավորվում նրա արտաքին քաղաքականությունը:

Սակայն ներկայիս կառավարության ներքին քաղաքականությունը չունի հստակ դրսևորում, փոխարենը կառավարությունն ընդգծված կերպով խուսափում է «իզմերի» ձևակերպումից՝ թերևս չգիտակցելով, որ առանց հստակ ձևակերպված արժեքային համակարգերի ու սկզբունքների անհնար է որևէ ոլորտում արմատական բարեփոխումների հասնել, անհնար է ընդհանրապես տեղ գտնել ու հիմնավորվել արևի տակ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ազգ ու պետություն: Չգիտակցելով, որ «իզմերի» բացակայությունը տեղի է տալու ավելի վտանգավոր «իզմերի», ինչպես, օրինակ, նարցիսիզմի, նիհիլիզմի, պոպուլիզմի և այլն...

Բարեփոխումների մեջ հեղափոխական իներցիան կարծես թե նվազել է, բայց ներքաղաքական հարթակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս հեղափոխական իներցիան է օգտագործում՝ ինչ-որ անհայտ «Առաքելություն» կուսակցության հետ դաշինք կազմելով, ինչ է թե ընտրություններին մասնակցեն ոչ թե սեփական անունով, այլ «Իմ քայլը» հեղափոխական վերնագրով:

Աներկբա է, որ նախորդ իշխանությունների ազգադավ գործունեության արդյունքում քաղաքական դաշտն այնպես էր լցվել գարշահոտությամբ, որ թվում էր, թե նրանց հեռացնելուց հետո անհնար է նորից այսպիսի հիասթափության վտանգ զգալ:

Բայց ցավով ուզում եմ զգուշացնել, որ ինչքան էլ էությամբ հանցագործի և էությամբ անմեղի դրդապատճառներն ու պատժաչափերը տարբեր լինեն, հանցանքի բովանդակությունը դրանից չի փոխվում, և երկու դեպքում էլ արարքը մնում է նույնքան վտանգավոր:

Ուրեմն՝ ժամը վճռական է, պատասխանատվությունը՝ անչափելի: Կործանարար կլինի մտածել, որ երկրորդ անգամ կարող ենք պետություն կառուցելու մեր շանսը կորցնել, որովհետև պատմությունը կարող է մեզ երրորդ շանսը չտալ...

Ուրեմն՝ «Եղիր ուժե՛ղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ: Ժողովուրդներն ի վերջո տեր են մնում ոչ թե նրան, ինչ նրանց տրվում է, այլ միայն նրան, ինչին արժանի են, ինչ որ իրենց սեփական ուժերով կարողանում են ապահովել»․ Գ. Նժդեհ։

Մուշեղ Մուրադյան
ԱՄՆ, Լոս Անջելես
3 սեպտեմբերի, 2018

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mushegh/posts/10106454352233215?__tn__=-R 

դիտվել է 24714 անգամ

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...