Երևան
20 / Ապրիլ / 2018

Քլինթոնը համաձայն է, որ հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն է. Հարութ Սասունյան

Yelaket.am-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

-Պարոն Սասունյան կպատմեք մի փոքր «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի ստեղծման ու գործունեության մասին:  

- «Կալիֆորնիա Կուրիեր» անկախ շաբաթաթերթը հիմնադրվել է 1958 թվականին Ֆրեզնոյում: Հրատարակիչն ու խմբագիրը Ջորջ Մեյսընն էր: Ֆրեզնոյում հայկական դպրոց չկար և մարդիկ հայերեն չգիտեին և չէին կարողանում կապ պահել Հայաստանի ու հայության հետ: 1983 թվականին մենք հանդիպեցինք Ջորջի հետ ու նա ինձ առաջարկեց դառնալ թերթի խմբագիրը: Մի քանի տարի հետո նա առաջարկեց ինձ վաճառել թերթը և ես համաձայնեցի: Արդեն 30 տարուց ավելի է թերթի խմբագիրն եմ ու հրատարակիչը: «Կալիֆորնիա Կուրիերը» սկզբում հրատարակում էր ավելի շատ ընկերական նյութեր, թե ով ամուսնացավ, ով գնաց արձակուրդ, ով բաժանվեց: Ես մի շարք փոփոխություններ մտցրեցի: Սկսեցի գրել քաղաքական հարցերի, հայերի Ցեղասպանության և ընդհանրապես Հայաստանի մասին: 33 տարի է ամեն շաբաթ գրում եմ: Հենց այս գիշեր պետք է նոր համարի սյունակը գրեմ:

-Արդեն որոշե՞լ եք, թե ինչի մասին եք գրելու:

-Այո: Պետք է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ գրեմ: Oբաման կանցնի պատմության գիրկը` որպես ստախոս նախագահ: Իր սուտ խոստումը փրկելու վերջին ապրիլի 24-ն էր, որից ԱՄՆ նախագահը չօգտվեց:

-Մի առիթով ասել եք, որ իրականում ոչ թե կարևոր է հայերի Ցեղասպանության ճանաչումը, այլ հատուցումը:

-Այո: Մենք երկար տարիներ ուզում ենք, որպեսզի Թուրքիան կամ Ամերիկան ճանաչեն Ցեղասպանությունը: Ով ճանաչելու է արդեն ճանաչել է, մենք չենք կարող ստիպել որևէ պետության որ ճանաչեն, ոչ էլ այդքան հզոր բանակ ունենք որ գնանք և զենքով ստիպենք ճանաչել մեր նկատմամբ կատարված Ցեղասպանությունը: Մենք պետք է դիմենք տարբեր դատարաններ և դատական հայցեր ներկայցնելով պահանջենք մեր իրավունքները: Ինձ այլևս չի հետաքրքրում Ցեղասպանության ճանաչումը, որովհետև իրականում սա ժամանակի և ռեսուրսների կորուստ է: Հիմա պետք է զբաղվենք մեր պահանջատիրությամբ, որպեսզի կոնկրետ արդյունքի հասնենք: Դա ավելի կարևոր է:

-Երբևէ հանդիպե՞լ եք ԱՄՆ նախագահներից որևէ մեկի հետ:

-1990-ականներին Սպիտակ տանը ունեցել եմ հանդիպում նախագահ Բիլ Քլինթոնի hետ: Մոտ 20 րոպե խոսել եմ թուրքերի կողմից կատարված հայերի Ցեղասպանության, Ամերիկայի խոստումների մասին: Շատ առանձին և անկեղծ զրույց էր ու նախատեսված չէր մամուլի ներկայացուցիչների համար: Քլինթոնն ինձ ասաց, որ ինքն ընդունում է, որ հայերի նկատմամբ կատարվածը Ցեղասպանություն է, ինը կասկած չունի, բայց ամեն անգամ, երբ իր պաշտոնական ելույթում ուզում է օգտագործել Ցեղասպանություն բառը իր խորհրդականները, օգնականները, Պաշտպանության Նախարարությունը, Պետքարտուղարոuթյունը ասում են, որ պետք է զգույշ լինել և հեռու մնալ այդ ամենից, որպեսզի Թուրքիան չնեղանա, վերջիվերջո իրենք դաշնակից պետություններ են: Հնարավոր է Թուրքիան նեղանա և կապերը խզի ԱՄՆ-ի հետ: պարտավոր եմ իրենց խորհուրդը լսել, ասաց նա, որովհետև եթե ասեմ այդ բառը այն կարող է վատ հետևանք ունենալ իմ երկրի համար: Պարզ ճշմարտություն է, որ ամեն մարդ առաջինն իր շահի մասին է մտածում: Բայց այստեղ ավելի խորը բան կա. մարդիկ իրենց շահերը չեն հասկանում: Օրինակ, ԱՄՆ մի երկիր է, որտեղ մարդիկ եվրոպայից գաղթել են 200 տարի առաջ և հաստատվել են որպեսզի ազատորեն ունենան իրենց սկզբունքները, ապրեն արդար և հավասար երկրում, իսկ եթե ԱՄՆ պետք է մտածված շահերի համար ոտնակոխ անի այս սզբունքները, ապա առաջին հերթին իրենք խախտում են Ամերիկայի սահմանադրությունը, ԱՄՆ-ի բարոյական հիմքերը, իսկ եթե մի մարդ դա խախտում է, դա ավելի մեծ կորուստ է, քան ասենք դաշնակից երկիր կորցնելը:

-Պարոն Սասունյան Ձեր ուժերով ստեղծվել է «Միացյալ Հայկական հիմնադրամ»-ը: Ի՞նչ գործուննեություն է ծավալում հիմնադրամը:

-1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո 1989 թվականին հիմնեցի «Միացյալ Հայկական հիմնադրամ»-ը: Գնացի Քըրք Քրքորյանի մոտ և նա շատ հավանեց գաղափարն ու ասաց, որ անպայման կֆինանսավորի: 26 տարի շարունակ մեր ֆոնդի միջոցով Հայաստան և Արցախ 700 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է փոխանցվել: Իսկ, երբ անցյալ տարի Քըրք Քրքորյանը մահացավ մեր հիմնադրամի վարչությունը որոշեց, որ պետք է փակենք հիմնադրամը: Ճիշտ է իրենք ունեին այդ իրավունքը, բայց ես այլ կարծիքի էի ու քանի որ հիմադրամը մեծ քանակությամբ դեղեր էր ուղարկում և այդ դեղորայքի միջոցով շատ մարդիկ էին ողջ մնում, չէի կարող դադարեցնել այդ օգնությունը: 2015 թվականի նոյեմբերի 30-ին վարչությունը փակեց հիմնադրամը, իսկ ես հաջորդ իսկ առավոտյան գնացի և բացեցի Հայաստան-Արցախ հիմնադրամը: Արդեն 5 ամսվա ընթացքում հասցրել ենք 10 միլիոն դոլարի հումանիտար օգնություն ուղարկել: Վերջին 4-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ օգնություն ուղարկեցինք, օրինակ հենց այսօր օդանավով մի մեծ բժշկական օգնություն է գալու, մյուս շաբաթ օգնություն կլինի նաև Առողջապահության նախարարության համար:

-Անձամբ ծանոթ եք եղել Հրանտ Դինքի հետ: Ձեր կարծիքով Դինքին սպանելը որքանով էր կարևոր թուրքերի համար և  ինչ փոխեց նրա մահը հայերի համար:

-Մենք Դինքի հետ հանդիպել ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում: Շատ եմ ցավում, որովհետև նա շատ կարևոր գործունեություն էր ծավալում հայերի և Հայաստանի համար: Աշխարհում 80 միլիոն թուրք կա, բայց շատ տարբեր են նրանք, կան ազնիվ մտավորականներ, ովքեր ցավ ապրեցին: Շատերը խիզախ եղան և ասացին որ իրենք Հրանտ Դինք են, բայց նրանք փոքրամասնություն են կազմում, ցավոք: Այսօր թուրքերի մեծամասնությունը գաղափար չունի, թե ով էր Դինքը: Նրանց պետությունն ասում է, թե Դինքը դավաճան է, ժողովուրդն էլ տգիտաբար հետևում է պետության ասածին: Հուսանք ժամանակը կգա և մի օր մի ազատամիտ, լիբերալ թուրք ղեկավար կասի, որ Ցեղասպանություն է եղել, կամ բառը կապ չունի, կարևորը նա կասի, որ մենք շատ վատ բաներ ենք արել, հսկայական քանակով հայեր ենք սպանել և տիրացել նրանց ունեցվածքին և հիմա պետք է նստենք հայերի ներկայացուցիչների հետ ու որոշենք ինչ կարող ենք տալ նրանց, որ արդարություն լինի ու մի փոքր գոնե փոխհատուցենք:

-Որքանո՞վ է կարևոր հայանպաստ գործունեությունն աշխարհի տարբեր կետերում:

-Մենք բոլորս հայ ենք և սա իմ հայրենիքն է: Անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայ մարդը՝Հայաստան, Արցախ Թիֆլիս թե Չինաստան սա մեր բոլորի հայրենիքն է: Հայաստանը ոչ թե միայն այստեղ ապրող հայերի, այլև ամբողջ աշխարհում ապրող հայերի հայրենիքն է: Ես միշտ ամեն բան արել եմ, որպեսզի օգնեմ իմ հայրենիքին: Դա իմ արյունի կանչն է, դա իմ պարտականությունն է, ինձ ոչ մեկ չի ուղղորդում: Ես ամեն օր, ամեն րոպե առանց ծրագրելու կամ մտածելու փորձում եմ օգտակար լինել Հայաստանին, հանդիպում եմ ամերիկյան կոնգրեսմենների, իրավաբանների հետ: Եթե քնելու անհրաժեշտություն չունենայի, ապա օրը 24 ժամ, շաբաթը 7 օր կաշխատեի հանուն Հայաստանի: Արդեն 50 տարի է փորձում եմ այդպես էլ անել, որպեսզի տեսանելի արդյունքի հասնենք: Ընդհանրապես հայ ժողովուրդը պետք է ապրի իր հայրենիքում, բայց քանի որ Ցեղասպանության պատճառով հայերը ցրվել են աշխարհով մեկ, դա մենք պետք է օգտագործենք որպես առավելություն, միջոց, գործիք, որ բացի Հայաստանից աշխարհի 50 երկրում նույնպես հայանպաստ աշխատանք կատարենք: Շատ մեծ ականավոր գործիչներ կան Ավստրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իրանում և նրանցից ամեն մեկն իր միջոցներով փորձում է օգտակար լինել Հայաստանին: Այսինքն այս դեպքում թուրքերը պետք է պայքարեն ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի 50 երկրի դեմ:

 

դիտվել է 6676 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...