Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Երկրում իսկական զարթոնք էր, բոլոր բնակիչները համերաշխ էին, ուրախ ու բարի․ մեկ էլ, հանկարծ․․․

Լինում է, չի լինում մի բարեբեր երկիր է լինում։ Էս երկիրը ղեկավարում է մի ջահել թագավոր։ Բնակիչները շատ են հարգում ու պատվում իրենց թագավորին, քանի որ նա արդար էր, ազնիվ, խիզախ ու իր հայրենի երկիրը սիրող։ Էնքան արդար ու ազնիվ էր, որ էդ երկրում մի դժգոհ մարդ չկար։ Էնքան խիզախ ու հայրենասեր, որ հարևան երկրների թագավորներից չէր վախում ու հետները հավասարը հավասարի էր խոսում, չնայած էդ երկրներն ավելի մեծ էին, իսկ բնակչությունն՝ ավելի շատ։ Իսկ տեղն էկած ժամանակ, բնակիչները համախմբվում էին, մի բռունցք դառնում ու իրենց թագավորի հետ կռիվ էին տալիս էն երկրների բնակիչների հետ, որոնց թագավորները փորձում էին չհարգել իրենց, ու միշտ հաղթում էին։ Էնքան հաղթեցին, որ իրենց երկրի տարածքները ընդլայնեցին ու դարձան մի հսկա ու հզոր երկիր։
Էդ երկրում իսկական զարթոնք էր։ Բոլոր բնակիչները համերաշխ էին, ուրախ ու բարի։ Եկավ թագավորին պսակելու ժամանակը։ Իրենց երկրից մի սիրուն հարսնացու ընտրեց, պսակվեց ու մի առողջ որդի ունեցավ, անունը Սահակ։ Էս Սահակն իր ծնողներին էր նման․ սիրուն, ազնիվ, բարի, արդար, խիզախ ու խելքը տեղը։ Տարիներն անցնում էին, իսկ էդ թագավորը, նրա ընտանիքն ու բնակիչները ծաղկում էին ու ծաղկում։
Մեկ էլ, հանկարծ, որտեղից որտեղ, մի օտար աղջիկ հայտնվեց էդ երկրի տարածքում։ Պարզ դարձավ, որ էդ աղջիկը էն երկրի բնակիչն էր, որը ջախջախել էին կռվի ընթացքում։ Աղջիկն ասավ, որ հեռու տեղ է գնում, երկար ճամփա ունի անցնելու և խնդրեց, որ իրեն թույլ տան ընդամենը մեկ գիշեր անցկացնի, իսկ լուսաբացին կգնա։ Չմերժեցին, քանի որ շատ բարի էին։ Էդ օտար աղջկան մի լավ գիշերակաց տվեցին ու գնացին ամեն մեկն իր տուն՝ քնելու։ Արի ու տես, որ էդ օտար աղջկա մտքին ուրիշ բան կար։ Երբ գիշերը կես էղավ, աղջիկը թաքուն մտավ թագավորի պալատ, կախարդանքներով շշմեցրեց թագավորին ու կենակցեց նրա հետ, իսկ հետո մեկ ուրիշ կախարդանքով սպանեց թագուհուն և վերադարձավ իր գիշերակաց։ Լուսաբացին բոլորն իմացան, որ թագուհին մահացել է, իսկ թագավորը՝ խելքը գցել։ 40 օր ու 40 գիշեր բոլորը սուգ պահեցին ու անկախ իրենցից մոռացան օտար աղջկա մասին։ Իսկ երբ 40 օրն անց կացավ, օտար աղջիկը գնաց թագավորի մոտ ու ասեց, որ զավակ է բերելու լույս աշխարհ, և զավակի հայրն էլ թագավորն է։ Խելացնոր թագավորն իր խայտառակությունը կոծկելու համար նորից հարսանիք արեց ու պսակվեց օտար աղջկա հետ։ Որոշ ժամանակ անց օտարազգի թագուհին աշխարհ բերեց արու զավակ՝ անվանելով նրան Ստահակ։
Տասը գարուն անցկացավ, դրանից հետո էլի տասը գարուն։ Թագավորի որդիները մեծացան ու հասուն տղամարդ դարձան։ Օտարազգի թագուհին որոշեց, որ թագավորն էլ ընդունակ չի ղեկավարել էդ հսկա ու հզոր երկիրը, ստիպեց, որ թագաժառանգ ճանաչի կրտսեր որդուն։ Բոլորը զարմանք կտրեցին՝ լսելով թագավորի հրամանը, քանի որ համոզմունք ունեին, որ Սահակն է լինելու թագաժառանգը։ Հաջորդ գիշեր Ստահակը՝ իմանալով, որ թագավոր կարող է դառնալ միայն հոր մահից հետո, անհամբեր գտնվեց, զայրացած ներխուժեց ծնողների ննջարան ու մոր աչքի առաջ խեղդամահ արեց հորը։ Մայրն էլ համբուրեց իր զավակի աջ ձեռքն ու արևածագին, ի լուր աշխարհի, հայտարարեց նոր թագավորի անունը։
Էդ նոր թագավորը հոր հետ ոչ մի նմանություն չուներ։ Շատ շուտով նա սկսեց անհեթեթ հրամաններ արձակել ու զարմանալի արարքներ գործել։ Բնակիչները հավաքվեցին, գնացին Սահակի մոտ ու խնդրեցին, որ կրտսեր եղբորը խելքի բերի։ Նա էլ վեր կացավ, գնաց թագավորի մոտ, բայց թագավորը նրան վռնդեց արքունիքից՝ հայտնելով, որ հրաժարվում է նրան եղբայր կոչել։ Ամեն բան գլխիվայր շուռ եկավ։ Հարևան երկրների թագավորները սկզբնական շրջանում նվերներով մտերմացան թագավորի հետ, իսկ հետագայում՝ արեցին էն, ինչ նախկինում չէին կարող անել՝ զավթեցին տարածքներ։ Էդ հսկա ու հզոր երկիրը կամաց-կամաց փոքրացավ ու թուլացավ։ Դարձավ մի էնպիսի երկիր, որ ոչ ոք չէր հարգում։
Սահակն ու Ստահակը պսակվեցին, զավակներ ու թոռներ ունեցան, որոնք ապրեցին երբեմնի հսկա ու հզոր երկրում՝ կողք կողքի։ Ստահակն ու իր ժառանգները մի էնպիսի խորությամբ էին ատում Սահակին ու նրա ժառանգներին, որ հեչ չէիր ասի՝ եղբայրներ են, ժառանգներն էլ՝ եղբայրների սերունդներ։
Տարիները դարձան դարեր, դարերը՝ քսանից անցան։ Էն հսկա ու հզոր երկրից մնաց տասն անգամ պակաս, էն ուրախությունն ու բարությունն իսպառ վերացան։ Ստահակները վաճառում էին սեփական երկիրը, թալանում հարազատ եղբայրներին, իսկ սահակները խեղճացած ու վախեցած սպասում էին, թե հարևանները երբ կխճան ու մի կտոր կերակուր կտան, որ ուտեն ու սովամահ չլեն։ Հենց էդ ժամանակ էլ սահակները, հասկանալով, որ էլ չեն կարող ապրել ստահակների թագավորության ներքո, նորից համախմբվեցին, մեկ բռունցք դարձան ու ջախջախեցին ոչ թե հարևաններին, այլ իրենց եղբայրներին։ Ստահակներից մի քանիսը մազապուրծ ճողոպրեցին, մի քանիսը դատաստան տեսան, բայց մեծ մասը՝ հիշելով անցած ժամանակները, հետևություն արեցին, հույսները նորից դրեցին հարևանների վրա ու որոշեցին չհանձնվել, պայքարել սահակների դեմ՝ շողոքորթելով իբր թե նրանց եղբայրներն են։ Քանի որ սահակները չափազանց եղբայրասեր էին, հավատացին ստահակներին ու գրկաբաց ընդունեցին։ Էս անգամ էլ ստահակնե՛րը համախմբվեցին և ուժգին ջախջախեցին սահակներին։ Եթե նախկինում, երբ ստահակներն ապրում էին արքունիքում ու թույլ էին տալիս, որ սահակները թռչկոտեն ցեխաջրերի մեջ, ապա այսուհետ էնքան տիղմ լցրեցին, որ ցեխաջրերը վերածվեցին ճահճուտի։ Սահակներն ապրեցին էդ ճահճուտում՝ ծառերի ճյուղերից կառչած։ Ապրեցին էնքան, մինչ աշունքն անցկացավ, էկավ ձմեռ, ծառերը չորացան, ճյուղերը կոտրվեցին, սահակներն էլ խռխռալով շնչահեղձ էղավ, անհույս տփրտալով իջան ճահճուտի հատակն ու անհետ կորչեցին։ Մի որոշ ժամանակ անց ստահակները վաճառեցին էդ երկրի վերջին կտոր հողն ու գնացին ապրելու հարևան երկրում, ուր ծնվել էր իրենց նախամայրը։

Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկն` ասողին, մեկը` լսողին, մեկն էլ` ականջ դնողին

Սահակն ու Ստահակը (Հեքիաթ)

Հեղինակ՝ Արսեն Սարգսյան

դիտվել է 53772 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...