Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Աննախադեպ հայտարարություն. Սարգսյան եղբայրների անակնկալը

Lragir.am-ը գրել է. Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Իմ քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, ասել է, որ այդ ուժում Նիկոլ Փաշինյանից հետո չկա որեւէ այլ համար: «Նորից եմ կրկնում՝ կա միայն Նիկոլ Փաշինյան, և Նիկոլ Փաշինյանից հետո այդ քաղաքական ուժում երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հարյուրերորդ որևէ մեկը չկա», հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա հայտարարությունը կատակ չէ, սակայն պարունակում է ճշմարտության հատիկ: Անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած քաղաքական ուժի մնացյալ կազմից առաջ է բազմակի: Կարճաժամկետ առումով դա գուցե նույնիսկ առավելություն է այդ ուժի համար, սակայն երկարաժամկետ տեսանկյունից իհարկե կան խնդիրներ ու մարտահրավերներ:

Մյուս կողմից, հետաքրքիր է այն, որ այդ մասին խոսում է մի քաղաքական ուժի թեկնածու, որտեղ էլ Գագիկ Ծառուկյանից հետո փաստացի չկա ոչինչ: Ընդ որում, հանրությունը մեկ անգամ արդեն դարձել է այդ իրողության ականատեսը, 2015 թվականի փետրվարին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունն ու ԲՀԿ-ն թողնելու մասին, եւ դրանից հետո այլեւս բավական դժվար նկատելի էր դարձել դե ֆակտո երկրորդ ուժ ԲՀԿ գործունեությունը:

Անկասկած այլ է Նիկոլ Փաշինյանի առաջնորդական «պաշարը», եւ այլ է Ծառուկյանի առաջնորդական պաշարը, ու տարբեր են նաեւ երկու ուժերը իրենց կազմավորման մոտիվացիոն հիմքով եւ այլ էական բաղադրիչներով, սակայն փաստ է այն, որ առանց Գագիկ Ծառուկյանի էլ չկա ԲՀԿ:

Թեեւ, այստեղ իհարկե իրավիճակը ունի առանձնահատկություն, եւ չի բացառվում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարն ակնարկում է հենց այդ մասին: Ընդ որում, այդ առանձնահատկությունը բնորոշ չէ միայն Բարգավաճ Հայաստանին: Այն բնորոշ է նաեւ ՀՀԿ-ին: Դա պայմանական հնարավոր է գնահատել իբրեւ «լատենտ ֆրակցիոնիզմ», երբ կուսակցությունն ունի տարբեր թեւեր, որոնք միմյանց հանդեպ որոշակի տարամետ դիրքերում են, ունեն շահերի եւ հետաքրքրությունների, նաեւ պատկերացումների բախում ու տարբերություն:

Ընդ որում, դրա թերեւս ամենաթարմ դրսեւորումն էր այն, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում կուսակցության պատգամավորներից մեկը բացահայտ կոշտ տոնով դեմ արտահայտվեց Նաիրա Զոհրաբյանի ընտրությանը:

Այս հանգամանքը ոչ միայն տարօրինակ լինել չի կարող, այլ թերեւս պետք է շատ նորմալ եւ նույնիսկ ողջունելի լինի ցանկացած ուժի դեպքում: Պարզապես խնդիրն այն է, որ այդ երեւույթները հայկական կուսակցական դաշտում սովորաբար զուրկ են ինստիտուցիոնալ դրսեւորման հնարավորությունից, եւ գործընթացները վերածվում են բանսարկության, ինտրիգների եւ խարդավանքների, հետո հանգուցալուծվելով առաջնորդի միանձնյա միջամտությամբ:

Նույն «փակ բաժնետիրական» սկզբունքն է նաեւ ՀՀԿ-ում, նախորդ իշխող համակարգի թիվ մեկ միավորում, որտեղ եւս կան իրարամերժ խմբեր, որոնք սակայն այդ ամենը պահում են «վերմակի» տակ: ՀՀԿ-ն այդ իմաստով տարբերվում էր նրանով, որ իշխանության անմիջական կրող ուժ էր եւ այստեղ իհարկե ամեն ինչ պայմանավորվածությունների շատ կոշտ միջավայրում էր, ինչը հնարավոր չէր ասել նախորդ համակարգում ԲՀԿ դեպքում: Դա էր նաեւ պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2015-ի փետրվարին ի վերջո գնաց արմատական լուծումների եւ հեռացրեց Գագիկ Ծառուկյանին, այդպիսով ԲՀԿ «բաժնետերերին» ստիպելով բացվել կամ հետ քաշվել: Ըստ էության ժամանակի ընթացքում ստացվեց, որ նրանք որոշակիորեն թե բացվեցին, թե հետ քաշվեցին:

Հետո Գագիկ Ծառուկյանը վերադարձավ՝ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանը քվոտավորելու համար: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը հեռացավ: Արդյոք այսօր վերադարձել են ԲՀԿ նախկին բաժնետերերը: Նրանց հեռացնելու համար արդյոք հարկ կլինի վերադառնալ Սերժ Սարգսյանին, իհարկե ոչ թե իշխանության, այլ որեւէ քաղաքական կամ հրապարակային այլ դերակատարման, որեւէ դրսեւորումով:

Ի դեպ, այդ առումով խիստ ուշագրավ, եւ թերեւս անարդարացիորեն անուշադրության մատնված է մնում նախօրեին Սաշիկ Սարգսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի պայմանին՝ վերադարձնել յուրացվածը: Նա իհարկե հերքել էր, թե որեւէ բան յուրացրել է, ասելով, թե ամեն ինչ աշխատել է օրինական, բայց նաեւ փաստացի պատրաստակամություն էր հայտնել պետությանը նվիրել մի մասը, եթե իրավապահները հետ քաշվեն, այսինքն եթե դադարեցվի իրավական հետապնդումը: Դա աննախադեպ հայտարարություն է, որն առաջին հերթին փաստի առաջ է դնում նախորդ համակարգի «բաժնետերերին», նրանց մատուցելով անակնկալ:

դիտվել է 65341 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն