Երևան
19 / Հոկտեմբեր / 2018

Դավիթ Տոնոյանը «չքցեց» Սեյրան Օհանյանին

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետ սերտորեն առնչվող թիվ 0038 հրամանից չի գաղտնազերծվել այն մասը, որը կարող է վտանգել մեր ազգային անվտանգությունը։


Հարցին, արդյոք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը կա՞ 0038 հրամանում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Ամեն դեպքում, Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է»։

Սա բավկանին ուշագրավ հայտարարույուն է, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել է բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է»,- ասել էր նա՝ առանց գնահատելու բանակի ներգրավվածության աստիճանն ու իրականացրած գործողությունները:

«Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում՝ իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավելի ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,- նշել էր Տոնոյանը: Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ուստի եթե զորքը մասնակցել է իրադարձություններին, տրամաբանորեն նա չէր կարող մասնակցություն չունենալ:

Հայտնի է նաև, որ Օհանյանը այդ օրերին հեռուսաուղերձով դիմել է ՀՀ բնակչությանը՝ կոչ անելով զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում՝ մեր Զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը: «Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ՝ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը, Հայաստանի Զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Խնդրում եմ, մասնավորապես, զերծ մնալ Երևան քաղաքում թեկուզ և փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ Հայաստանի Զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»,- իր ուղերձում մասնավորապես ասել էր Սեյրան Օհանյանը:

Հեղափոխությունից հետո Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննավել է: Ինքը՝ նախկին նախարարը հաստատել է այս փաստը, սակայն որևէ այլ մեկնաբանություն չի տվել:

Զինվորական ոլորտի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով 2008թ- թ-ի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, ասել է, որ մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել:

«Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ, ովքեր ունեն կոնկրետ անուն ազգանուններ: Նրանց նման հրաման չի տրվել»,- հայտարարել է Արտակ Դավթյանը: Նա նաև պնդել է, որ այդ օրերին առաջնագծի պաշտպանությունը չի թուլացվել և այնտեղից ուժեր չեն տեղափոխվել Երևան:

Բայց կա նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հայտարարությունը, որ Մարտի 1-ին բանակը կրակել է մարդկա1նց վրա. «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ Զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոցներ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել։ Այսինքն` բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այդ գործողություններին։ 0038 գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանին կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր պայմաններ, ինչի արդյունքում նաև դիվերսիա է եղել: Սա ևս ապացուցված է եղել քրեական գործի նյութերով։ Այսինքն՝ այս ամենն ազդել է բանակի մարտունակության վրա: Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»,- հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ հրավիրված համտեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով 0038 գաղտնի հրամանին:

Առաջին հայացքից պաշտոնյաների խոսքերում ակնհայտ հակասություն կա. եթե զորքը մասնակցել և կրակել է, և դա արվել տխրահռչակ 0038 հրամանի շրջանակում, ինչպե՞ս կարող էր գլխավոր շտաբի պետի անունն այնտեղ չլինել: Փաստացի Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը, որոնք երկուսն էլ աշխատել են Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ «չքցեցին» նրան: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել՝ կա՛մ Սեյրան Օհանյանի մարտիմեկյան գործողությունները տեղավորվում են բացառապես ազգային և պետական անվտանգության խնդիրների տրամագծում, կա՛մ էլ բանակում եղել են հրամաններ, որոնք տրվել են ոչ թե երկրի ռազմական ղեկավարության, այլ ինչ-որ երրորդ անձանց կողմից:

Հայկ Դավթյան


Աղբյուրը՝ hayeli.am

դիտվել է 13964 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Էջմածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնում է քաղբանտարկյալի «ոտքերը ջարդել» (ձայնագ...

«Մանվել Գրիգորյանին պատանդի կարգավիճակում պահելը Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժն է». Վոլ...

Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են