Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

«Սասնա ծռեր» խմբի գործով հերթական ուշագրավ հայտարարությունները

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում:

Անջատված գործի այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը:
Նույն այդ նիստում հարցաքննվեց ՊՊԾ գնդում պատանդառված, տուժող ոստիկան Արթուր Հարությունյանը, ով հայտարարեց, որ այսօր էլ ծառայություն է իրականացնում ՊՊԾ գնդում։

Տուժող ոստիկանը մանրամասներ է ներկայացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքերից, համաձայն որոնց՝ նա գնդում եղել է 7 օր։

Դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, հերթապահություն է իրականացրել ՊՊԾ գնդում:

Նա պատմել է, որ ՊՊԾ գնդի վրա հարձակման գիշերը աղմուկ, բախման ձայն լսելով՝ միանգամից չի պատկերացրել տեղի ունեցողը. նա մտածել է, թե վթար է, և խնդրել է ծառայակիցներից մեկին շտապօգնություն հրավիրել՝ մտածելով, թե ուժգին հարվածից միգուցե վարորդը վիրավորված լինի ու բժշկական օգնության կարիք ունենա, և միայն հետո է նկատել ինքնաձիգներով մարդկանց, մասնավորապես, Պավել Մանուկյանին։
Տուժող ոստիկանի ցուցմունքի համաձայն՝ ինքը փորձել է վերցնել վերջինիս մոտ եղած զենքը, սակայն նրանց են մոտեցել խմբի այլ անդամներ, ոլորել են իր ձեռքերն ու իրենից խլել իրեն ամրակցված ծառայողական «Մակարով» տեսակի ատրճանակը։

Նա ավելացրել է, որ իրեն տարել են շարահրապարակ, ուր իրենց ընդառաջ են եկել այդ գիշերը ՊՊԾ գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Տիգրան Դանիելյանը և Խաչատուր Մուրադյանը, որոնց տեսնելով՝ զինված խմբի անդամները սկսեցին անկանոն կրակահերթեր արձակել, ապա զենքի սպառնալիքով ոստիկաններից Խաչատուր Մուրադյանին ստիպել են ցույց տալ հերթապահ մասի տեղը։
Հասնելով հերթապահ մասի մոտ ու հասկանալով, որ դուռը դրսից չի բացվում՝ կրակահերթ են արձակել հերթապահ մասի դռան ու պատուհանի ուղղությամբ, և բոլորով միասին մտել են ներս, ուր այդ պահին տեսել են զինանոցի դռան մոտ կանգնած հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանին, ով արդեն վիրավոր էր:

Շարունակելով ներկայացնել դեպքի գիշերվա իրադարձությունները՝ Արթուր Հարությունյանն ասել է. «Էդ ընթացքում պահանջում էին, որպեսզի զինանոցի դուռը բացվի, հերթապահ Խաչատուր Մուրադյանն ասաց, որ չի կարող բացել, քանի որ բանալիները չկան, բայց նրանք ստիպեցին, որ բանալիները բերի, ու ջարդեցին դուռը, ներխուժեցին զինանոց: Ես նկատեցի, որ Գագիկ Մկրտչյանը մտավ դեպի հանգստի սենյակ ու ծնկեց գետնին, արդեն արնահոսում էր… Փորձեցինք միջամտել, որպեսզի շտապօգություն զանգեն»։

Պատանդ ոստիկանը նշել է, որ ինքը Վարուժան Ավետիսյանի և խմբի ևս մեկ անդամի ուղեկցությամբ բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ խմբի անդամները զենք են որոնել։
«Ես ասացի, որ զենք-զինամթերք այստեղ չկա։ Հետո ինձ իջեցրին ԿՊՊ-ի տարածք. այնտեղ որպես պատանդ էին պահում նաև ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Եղիազարյանին, ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանին»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ բարձրաստիճան ոստիկանների հետ հիմնականում բանակցում էր Պավել Մանուկյանը։ Տուժողը հավելել է նաև, որ գնդում պատանդ մնացած 7 օրերի ընթացքում իրեն «առանձնապես չեն խոշտանգել, սակայն սահմանափակել են իր ազատ տեղաշարժը»։

Դատական նիստի ընթացքում, ինչպես հայտնի է, երեկ հացադուլ են հայտարարել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը՝ հրաժարվելով նաև բժշկական օգնությունից։ Նրանք պահանջում են փոխել իրենց խափանման միջոց կալանքը։
Ի դեպ, Պավել Մանուկյանն իր գոհունակությունն է հայտնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աշխատանքից՝ հատկապես շեշտելով, որ իրենց շատ լավ են վերաբերվում։

Վերջինս, սակայն, չի բացառել, որ հաջորդ դատական նիստին դատարան չի գալու, ու հընթացս հրաժարվել է իր պաշտպանից՝պատճառաբանելով, որ իր փաստաբան Շահբազյանը խարդախ է. «Իմ ընկերն է եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում է, չէ՞»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ «Ծառուկյան» խմբակցության ու «Ելք» դաշինքի պատգամավորների անձնական երաշխավորությամբ։
Հավելենք, որ դատական նիստերի ընթացքում Պավել Մանուկյանը հաճախ է աչքի ընկնում ուշագրավ աղմկահարույց հայտարարություններով։

Մասնավորապես, ս/թ հուլիսի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում նա արդեն իսկ հայտարարել էր, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Պարեկապահակային ծառայության գնդում տեղադրված բանկոմատը բացելու հետ կապված դրվագը նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Դրա հեղինակը, ըստ Պ. Մանուկյանի, Մխիթար Ավետիսյանն է։

Նշենք, որ այս հայտարարություններին որևէ արձագանք չի տրվել, և թե Էդվարդ Գրիգորյանը, թե Մխիթար Ավետիսյանը, որոնց խափանման միջոց կալանավորումն ավելի վաղ էր փոխվել, այսօր էլ գտնվում են ազատության մեջ։

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

դիտվել է 17745 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա