Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

Ինչու՞ Վիկտոր Համբարձումյանը թոռնուհուն Ուլունք անունը տվեց

«Գարուն» ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը Լեզվի կոմիտեին է տրամադրել հարցազրույց Վիկտոր Համբարձումյանի հետ, որը տպագրվել է 1985 թվականի փետրվար ամսվա համարում: Հարցազրույցը վերաբերում է լեզվական հարցերին: Այն ներկայացնում ենք որոշակի կրճատումներով:


ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՆՁԸ՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ

- Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակաթյունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում` հասարակական կյանքում և գիտության բնագավառում:

- Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները: Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել լեզվի կատարելության վրա: Անհրաժեշտ է հետևողական և ջանասեր աշխատանք, և դա պետք է կատարվի շատ խնամքով, մտածված, որովհետև, ի տարբերություն մյուս հաղորդակցության միջոցների, լեզուն զարգանալով իր բնական հունով, արդեն ունի իր զարգացում գտած, կատարելագործված օրինաչափությունները: Հենց այստեղ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք լեզվի մեջ մուտք գործող արհեստական և չմտածված լեզվական միջոցներից, դիպուկ ու հստակ հաղորդակցումը արատավորող շինծու ձևերից:
Ինչ վերաբերում է հայոց լեզվին, ապա պետք է համոզված և վստահորեն ասել, որ հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է: Մենք գիտենք, որ, օրինակ, բնական գիտությունների բնագավառում հայոց լեզուն որպես լավ մշակված, ճոխ լեզու, հաջողությամբ ծառայում է իր նպատակին, դառնալով կատարյալ հաղորդակցության միջոց նաև գիտության բնագավառում: Լեզուն ունի նաև գործնական մեծ նշանակություն: Հենց այս տեսակետից էլ մենք պետք է միշտ հոգատար լինենք լեզվի ճիշտ զարգացման նկատմամբ և ավելի ու ավելի ձգտենք նրա կատարելագործմանը: Այժմ մեզանից պահանջվում է, որ մենք իրար հետ խոսենք, գրենք, այսինքն հաղորդակցության մեջ մտնենք միայն ու միայն լավ լեզվով: Իսկ ի՞նչ ենք հասկանում լավ լեզու ասելով: Լավ լեզու ես հասկանում եմ բնական, ժողովրդի ստեղծած և գրականության կողմից մշակված լեզվով խոսելու և գրելու կարողություն: Սա վերաբերում է հայոց լեզվի դրսևորման բոլոր բնագավառներին, հատկապես այժմ, երբ հայոց լեզուն մեր հանրապետության պետական լեզուն է: Մենք կհասնենք ցանկացած արդյունքի, եթե լեզվի մշակույթի գործնական հարցերը լուծենք միայն այդ սկզբունքով:Ես ուզում եմ այստեղ նորից անդրադառնալ գիտության բնագավառին, որովհետև լեզվի ճշգրտության, դիպուկության, խորության և այլ առանձնահատկությունները բացառիկ դեր են կատարում գիտական աշխարհում: Ես ավելի քան կես դար աշխատում եմ գիտության բնագավառում և նկատել եմ, որ այսօրվա գիտությունը և այն գիտությունն, որ եղել է կես դար առաջ, հսկայական չափերով իրարից տարբերվում են: Շատ են տարբերվում իրարից, ինչ որ այն ժամանակ էինք սովորում և այն, ինչ որ այսօր ենք սովորում: Այսօրվա երիտասարդ գիտական աշատողը շատ բանով է տարբերվում անցյալի գիտաշատողից: Նրա վրա մեծ պարտականություն է դրված: Նա այսօր ոչ միայն պետք է լարված հետևի գիտական գաղափարների զարգացմանն ու տարածմանը, այլև պարտավոր է ապահովել համապատասխան լեզվական մակարդակ, այլ կերպ գիտական աշխատանքը ցանկացած արդյունքը չի տա: Ուրեմն գիտությունը կարելի է դիտել այս տեսակետից, որպես լեզվի զարգացման հետ կապված մարդկային գործունեության ամենակենսունակ ուղղություններից մեկը: Երբ խոսում ենք զարգացած գիտությանը համապատասխան լեզվական մակարդակի մասին, այդ նշանակում է, որ մենք` գիտության մշակներս, պետք է ստեղծենք հայոց գիտական լեզուն և հասցնենք կատարելության: Հենց այդ գիտական լեզուն էլ մեծապես նպաստելու է համաժողովրդական լեզվի զարգացմանը:

- Հայոց լեզվի դրսևորման բնագավառները շատ են, բոլորի մասին անկարելի է խոսել: Մեզ հետաքրքրամ է Ձեր կարծիքը դպրոցի, այդ բնագավառի լեզվի մասին:

- Լավ ասացիք, վերցնենք թեկուզ հենց այդ բնագավառը, ժողովրդական կրթության բնագավառը, դպրոցը: Այստեղ անչափ կարևոր է հայոց լեզվի ճիշտ կիրառման հարցը: Կիրառելով մայրենի լեզուն դպրոցներում ճիշտ, կատարյալ ձևով, սովորեցնելով խոսել, գրել և կարդալ ընտիր հայերենով, դրանով մենք հետապնդում ենք երկու նպատակ: Առաջին նպատակն այն է, որ դրանով մենք օգնում ենք աճող սերնդին, զարգացնում նրա ճիշտ մտածողությունն ու տրամաբանությունը:Ես ուզում եմ իմ միտքը ձևակերպել այսպես: Կատարյալ լեզուն ծնում է կատարյալ մտածող, մարդու մտածելակերպը ձևավորվում է լեզվի միջոցով:Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կապված է այդ բնագավառի` դպրոցի հետ, լեզվի կատարելագործումն ու պահպանումն է:Մեր նախնիներից ժառանգելով այդ գանձը, մենք պարտավոր ենք սրբությամբ պահպանել, մշակել ու կատարելագործել այն, հարստացնել և դրանով ավելի հարստանալ: Այս գործում մեր դպրոցը շատ անելիք ունի: Մյուս կողմից, եթե դպրոցը անտարբեր լինի, պատշաճ մակարդակի վրա չդնի մայրենի լեզվի դասավանդման գործը, շռայլի այդ գանձը, ապա վնաս կհասցնի մեր մշակույթին:

- Շատերին է հետաքրքրում, թե Դուք ինչպե՞ս եք սովորել մայրենի լեզուն, ովքե՞ր են եղել Ձեր սիրելի ուսուցիչները և այժմ ինչպե՞ս եք կատարելագործում Ձեր իմացածը:

- Հայրս այն մարդկանցից էր, որ ուղղակի սիրահարված էր իր լեզվին: Սա շատ մեծ ազդեցություն թողեց մեր ընտանիքի, մեզ վրա, որպեսզի մենք էլ սիրենք մեք լեզուն: Հայրս միաժամանակ ինտերնացիոնալիստ էր, պահանջում էր, որ մենք սովորենք նաև այլ լեզուներ, բայց ամենից լավ տիրապետենք մեր մայրենի լեզվին: Բացի դա, ես ունեցել եմ հայոց լեզվի շատ լավ ուսուցիչ, որին միշտ հիշում եմ, իմ այդ սիրելի ուսուցիչս էր Հայկ Հովակիմյանը: Նա ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, խոսում էր անաղարտ հայերենով, նա, կարելի է ասել, լեզվի սիրահարներից էր, իր մայրենի լեզուն սիրող, պաշտողներից մեկը:: Ես միշտ էլ սիրել եմ կարդալ հայ գրականություն: Դա մեծ դեր է խաղացել մայրենի լեզվի իմացությունս կաւոարելագործելու համար. երբ կարդում ես գեղարվեստական գրականություն, ապա անխուսափելիորեն կատարելագործում ես իմացածդ մայրենի լեզուն: Ինչպես չսիրեմ իմ մայրենի լեզուն, երբ կյանքիս դեպքերից խորապես համոզվել եմ, որ մայրենի լեզուն ավելի շատ է կապված զգացմունքների աշխարհի հետ: Մայրենի լեզուն հարազատ հույզերի հարազատ աշխարհ է: Մարդու հոգեկան աշխարհը այնքան սերտորեն է կապված մայրենի լեզվի հետ, որ այդ լեզվով սովորածը, զգացածը մոր կաթի նման ներծծվում է նրա էության մեջ:

- Աշխարհի անվանի մարդկանցից ոմանք, հայ թե օտար, հայերենը համարել են կատարելագործված, հարուստ և ճկուն լեզու: Դուք ի՞նչ կարծիքի եք, ինչպե՞ս եք բացատրում լեզվի հարստությանը, ճկունությանը:

- Ընդհանրապես լեզուն համարում ենք հարուստ, ճկուն այն դեպքում, երբ նրա միջոցով կարողանում ենք ազատորեն արտահայտել ցանկացած գաղափարները, մտքերը, մանավանդ ժամանակակից կյանքի, որը շատ հարուստ է գիտության և տեխնիկայի բազմազան երևույթներով ու հասկացություններով: Մեր լեզուն հենց այդպիսին է: Հայոց լեզվի հարստության հիմնական պայմանը նաև այն է, որ կարողանում է լավ արտահայտել մարդկային զգացմունքները, դրանց նրբությունները:Մեր լեզուն ոչ միայն շատ ճկուն է, այլև խիստ տրամաբանական է: Օրինակ, մեր թվերի անվանումները. դրանք այնքան պարզ ու հեշտ են կազմված, որ շատ ավելի մատչելի են, քան շատ ու շատ լեզուներում: Օրինակ, տասնմեկ, տասներկու, տասներեք և այլն այնպես են կազմված, որ շատ հեշտ են թվերի գումարման համար: Գերմաներենը, որ նույնպես ճկուն լեզու է, թվականների անունները կազմում է այլ կարգով, քսանից հետո արդեն ուրիշ է, իսկ հայերենում ինչպես տասնմեկ, տասներկու, տասներեքն է, այնպես էլ շարունակվում է. քսանմեկ, քսաներկու, քսաներեք և այլն:Գիտական աշխատանքի ընթացքում համոզվել եմ, որ հայերենը շատ ավելի հարուստ լեզու է, քան բազմաթիվ եվրոպական լեզուներ: Կարող եմ օրինակ բերել հենց աստղագիտությունից: Եվրոպական բոլոր լեզուները ասում են էկլիպտիկա, իսկ հայերը ունեն իրենց սեփական բառը՝ խավարածիր, որը արտահայտիչ ու հասկանալի է, մատչելի, քան օտար բառը: Կամ մի ուրիշ օրինակ, կա էկվատոր, հունարեն բառ է, որը տարածված է բոլոր եվրոպական լեզուներում, իսկ մեր գիտական լեզվում ունենք հասարակած:

- Մեզ հետաքրքրում է այսպիսի մի հարց. Դուք շատ եք եղել արտասահմանում, հանդիպումներ եք ունեցել սփյուռքի հայերի հետ: Որպես հաղորդակցման միջոց ո՞ր լեզուն եք ընտրել:

- Այո, ես շատ եմ եղել սփյուռքահայության շրջանում, և բոլոր տեղերում էլ բնականաբար խոսել ենք հայերենով: Ոչ միայն ես, այլև արտասահման գործուղված աստղագետները, օրինակ, ընկեր Լյուդվիգ Միրզոյանը, հանդիպումների ժամանակ, ժողովներում միշտ էլ Հայաստանի գիտությունների ակադեմիայի գիտական գործունեության, Բյուրականի աստղադիտարանի հաջողությունների մասին հանդես ենք եկել միայն հայերենով:

- Մեզ հայտնի է, ոբ Դուք այս կամ այն առիթով կատարում եք լեզվական ուղղումներ, դիտողություններ եք անում ուրիշներին թույլ տված սխալների համար: Կարո՞ղ եք մի քանիսը հիշել ե բացատրել Ձեր նկատառումները:

- Օրինակները շատ են, բայց ես կցանկանայի խոսել միայն մեկի մասին: Ասում են՝ գիտական քարտուղար և գիտնական քարտուղար: Ես միշտ դեմ եմ եղել երկրորդին: Շատ է տարածված այս ձևը: Այո, մենք լեզվական կոպիտ սխալ ենք թույլ տալիս, երբ գիտական քարտուղարին ասում ենք գիտնական քարտուղար: Ինչո՞ւ ենք այդպես ասում, որովհետև չենք թափանցում արտահայտության, դարձվածքի էության մեջ, բառացի թարգմանում ենք և չենք նայում խնդրի էությանը: Գիտական քարտուղարը այն մարդն է, որը զբաղվում է հիմնարկի գիտական գործերով, գիտական հարցերի քարտուղարությամբ: Ուրեմն նա գիտական քարտուղար է, իսկ թե նա միաժամանակ պետք է լինի գիտական աշխատող, դա արդեն ինքնըստինքյան հասկանալի է: Գիտական քարտուղարը տարբերվում է մյուս քարտուղարներից նրանով, որ նա գիտական հարցերով է քարտուղար:Պետք է այստեղ նկատել նաև այն, որ հենց գիտնական բառն ենք հաճախ շռայլում, տեղին չենք գործածում, ես կասեի նույնիսկ սխալ ենք գործածում: «Մենք` գիտնականներս…», «գիտնականների ժողով», «երիտասարդ գիտնականները…» և այլն, այսպես շռայլորեն ենք գործածում այդ բառը, առանց խորանալու նրա բուն էության, իմաստի մեջ: Գիտնականների թիվը կարելի է մատների վրա հաշվել, մինչդեռ գիտության բնագավառի ամեն մի աշխատող իրեն գիտնական է կարծում: Դիսերտացիան պաշտպանելուց անմիջապես հետո երիտասարդն արդեն իրեն անվանում է գիտնական: Ես շատ եմ խոսել գիտնական բառի նման գործածությունների մասին և դիտողություն շատ եմ արել, սակայն արդյունքը չեմ տեսնում:

— Ինչպիսի՞ լեզվական աղավաղումներ են Ձեզ ավելի մտահոգում, գուցե և զայրացնում: Ի՞նչ տպավորություն են թողնում այն անձինք, որոնք լավ չտիրապետելով մայրենի լեզվին և ոչ էլ այլ լեզուների, խոսում, գրում են խառնուրդով: Ինչպե՞ս կարելի է պայքարել լեզվախառնուրդով խոսողների ու մտածողների լեզվամշակույթը բարձրացնելու համար:

— Ինձ թվում է, որ բոլոր լեզվական աղավաղումներն էլ պետք է մեզ` բոլորիս, մտահոգեն: Այո, կարելի է նույնիսկ զայրանալ: Լեզվական խառնուրդով խոսողները մեզ ոչ միայն զայրացնում, այլև ծիծաղեցնում են: Ես հաճախ եմ հանդիպել նման դեպքերի: Լեզվական այս տիպի աղավաղումը ինձ այնքանով է մտահոգել, որ տեղն ու տեղը ուղղել եմ:

- Մեզ հետաքրքրում է, թե Դուք ի՞նչ նկատառումով եք Ձեր թոռնիկի համար ընտրել Ուլունք անունը:

- Ուլունք անունը ես գտա Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպում: Երբ կարդացի վեպը, գեղջկուհու այդ անունը ինձ դուր եկավ: Ցանկություն առաջացավ իմ մեջ ստուգել, թե որտեղից է առնված այդ անունը: Հանդիպեցի հեղինակի հետ: Հետաքրքրվեցի` ի՞նքն է հնարել Ուլունք անունը, թե կյանքից է առնված: Դաշտենցը բացատրեց, որ այդ անունն ամենևին էլ հնարովի չէ, այլ շատ է տարածված եղել Մշո դաշտում, զուտ հայկական է: Ես ուրախացա, որ ճիշտ է եղել իմ զգացումը:

Զրույցը վարեց Գվիդոն Վահանյանը
#գարուն #լեզվի_կոմիտե

դիտվել է 12800 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են