Երևան
23 / Օգոստոս / 2019

Ինչ քաղաքական պատկեր կձևավորվի դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելու պարագայում. Մեկնաբանում են փորձագետները

Հայաստանյան ներքաղաքական դաշտում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ժամկետների հետ կապված լուրջ տարակարծություններ կան: France24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նախնական տվյալներով, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, 10-ին:


«Ըստ էության, նախնական կարող եմ ասել, որ (արտահերթ) ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել էր Փաշինյանը: Իսկ ըստ նախկին իշխող Հանրապետական կուսակցության, ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են:

«Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիտորինգի հանձնաժողովի հետ»,- ասված էր օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության տարածած հաղորդագրությունում:


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ իշխանությունները փորձելու են հասնել ՀՀ վարչապետի հրաժարականի միջոցով: ՀՀ Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է: Իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

«168 Ժամի» հետ զրույցում գնահատելով հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ հետևում են ներքաղաքական զարգացումներին: Նա հույս հայտնեց, որ դրանք կզարգանան անցնցում ճանապարհով՝ քաղաքական երկխոսության պարագայում: Ըստ նրա, հասկանալի է քաղաքական դաշտի բոլոր թևերի քայլերի տրամաբանությունը` իշխանությունը ձգտում է հասնել ամբողջական իշխանության` գործադիրում և օրենսդիրում, իսկ ընդդիմությունը ջանում է պահել այն, ինչ ներկայումս ունի:

«Այս ամենում կարևորն այն է, որպեսզի չտուժի քաղաքական գործընթացը, և իրադարձությունները զարգանան երկխոսության, փոխզիջումների պայմաններում: Չնայած դրա համար նախապայմաններ այսօր, ցավոք սրտի, չկան, քանի որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժն ունի հանրային մեծ աջակցություն, իսկ մնացած ուժերը, բնականաբար, ավելի ոչ շահավետ իրավիճակում են՝ իրենց տեսլականն առաջ տանելու տեսանկյունից: Ու այս իրավիճակում վարչապետի հրաժարականը մյուս ուժերին ելք չի թողնում՝ ազդելու հետագա զարգացումների վրա: Այսինքն` նրանք պետք է ընդունեն արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու պահանջը, քանի որ հայտարարում են, որ չեն առաջադրի վարչապետի այլ թեկնածու:

Շատ մտահոգություններ են շրջանառվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ժամկետների վերաբերյալ, որ դա սկիզբ կդնի միակուսակցական համակարգին, թույլ չի տա մյուս ուժերին ևս պատրաստվել, ինքնադրսևորվել, դա սպառնում է առողջ քաղաքական համակարգին Հայաստանում: Այո, այդ մտահոգությունները կարող են լինել:

Բայց այդ պատկերը բնական է լինելու նման փոփոխություններից հետո, քանի որ հասարակությունը դեռ մեծ ակնկալիքներ ունի նոր իշխանություններից, սատարում է նրանց, ժամանակը ցույց է տալու, թե որքանով էին այդ սպասելիքներն արդարացված, ժամանակը հնարավորություն է տալու նաև մյուս ուժերին փոփոխվել, գուցե ծրագրային առումով ավելի ուժեղ դիրքեր գրավել, այսինքն` շատ բան է հնարավոր: Բայց առաջիկայում, բնականաբար, առաջատար դիրքեր կունենա իշխող կուսակցությունը, բացարձակ առաջատար, դա ցույց տվեցին ավագանու ընտրությունները, թեև դրան ընդդիմությունը չէր մասնակցել: Իմ համոզմամբ, ավագանու ընտրությունների պատկերը չի լինի, քանի որ ԱԺ ընտրություններում որևէ ուժ չի կարող ստանալ ձայների 81%-ը, այսինքն` պատկերն էապես տարբեր կլինի, բայց իշխող կուսակցության առաջնորդությամբ:

Միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ ընդդիմությունը լուրջ ձայներ կստանա մայիսյան իրադարձություններից հետո, թեև առաջիկա ընտրություններին, իմ կարծիքով, ավելի բազմազան ուժեր կմասնակցեն, քան ավագանու ընտրություններին: Ըստ իս, երեք կուսակցություն կհայտնվի խորհրդարանում»,- ասաց Սկակովը:

Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախի դիտարկմամբ՝ նման իրավիճակներում քաղաքական ուժերի կողմից սխալվելու հավանականությունը մեծանում է, քանի որ սա իսկապես բավականին դժվար քաղաքական գործընթաց է: Ըստ նրա, շատ երկրներ են անցել դրա միջով, հիշենք վերջինները` Ուկրաինա, Վրաստան:

«Պետք է ուսումնասիրել այն երկրների փորձը, որոնք անցել են այս ամենի միջով՝ չկրկնելու համար այդ սխալները, ձևավորելու համար առողջ և կառուցողական քաղաքական բազմակուսակցական դաշտ, առանց որի քաղաքական գործընթացներ պարզապես տեղի չեն ունենա, ընդդիմություն չի լինի, և այլն, և այլն: Ես չեմ կարող գնահատել` ճի՞շտ է, թե՞ սխալ առաջիկայում ընտրություններ անցկացնելու ցանկությունը: Այնուամենայնիվ հասկանալի է այն վախը, որն ունեն իշխանությունները, այս կամ այն օրենսդրական նախաձեռնություն կարող էր խոչընդոտվել, անընդհատ տարաձայնություններ, ներքաղաքական խնդիրներ, ու այդպես՝ ամիսներ շարունակ:

Չի բացառվում, որ այդ սցենարն ավելի վտանգավոր լիներ երկրի համար: Կարծում եմ` առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը ժամանակավոր կգործի՝ մինչև երկիրը դուրս գա ներկայիս զարգացումների հետևանքների փուլից, հաղթահարելով անցումային փուլը, վերականգնելով քաղաքական դաշտի կենսունակությունը, վերականգնելով տնտեսական վիճակը, ներդրումային դաշտը, տնտեսական միջավայրը, քանի որ անկայուն քաղաքական զարգացումները լավ հիմք չեն ներդրումների համար:

Անցումային ԱԺ-ի դեպքում բնական կլինի իշխանության ստացած ձայների մեծամասնությունը և ընտրությունների արդյունքում ստացված ինչ-որ առումով անցանկալի պատկերի առկայությունը, քանի որ դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան: Իշխանությունները նշում էին, որ առանց ԱԺ-ում անհրաժեշտ ներկայացվածության՝ չեն կարող իրականացնել այն բարեփոխումները և ծրագրերը, որոնք նախաձեռնել են, թեև կարող էին դրա փորձերն անել ընդդիմախոսներին ապացուցելու համար, որ հնարավոր չէ ներկայիս ԱԺ-ի հետ աշխատել:

Իսկ այսպես շատերը կարող են տպավորություն ունենալ, որ իշխանությունը ստեղծված մթնոլորտն օգտագործում է խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար: Այնուամենայնիվ, գուցե նրանք վստահ էին, որ խոչընդոտներ են ունենալու, ուստի հարկավոր է, որ առաջիկա ԱԺ-ն հնարավորինս ակտիվ ու արդյունավետ գործի: Սա իմ պատկերացումն է, թե ինչպես պետք է ընթանան զարգացումները, չի բացառվում, որ իշխանություններն այլ ծրագրեր ունեն»,- ասաց նա:

դիտվել է 3993 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին