Երևան
18 / Նոյեմբեր / 2018

Ռոբերտ Քոչարյանը գնաց Սերժ Սարգսյանի հետեւից. ՀՀԿ որոշումը

Lragir.am-ը գրել է. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն հակված է մասնակցել ընտրությանը եւ պետք է մասնակցի, որպեսզի սահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը:

ՀՀԿ մասնակցությունը խորհրդարանի ընտրությանն անշուշտ կսահմանափակի ինչ որ բան, բայց դա չի լինի իշխանության, այսինքն նոր իշխանության քաղաքական ախորժակը: ՀՀԿ-ն չունի դրա հնարավորությունը: Ավելին, որքան ակտիվ է ՀՀԿ-ն, այնքան ավելի գրգռում է հանրության ախորժակը: Իսկ նոր իշխանությունը, որի ախորժակը սահմանափակելու մասին է խորհում Հանրապետական կուսակցությունը, հենված է հանրության վրա, այլ հենարան չունի եւ ունենալ չի կարող:


Հետեւաբար, եթե ՀՀԿ-ն սահմանափակի որեւէ բան, ապա ավելի շուտ մասնակից այլ ուժերի հնարավորություն: Մասնավորապես խոսքն այն ուժերի մասին է, որոնք փորձում են այսպես ասած «կենտրոնում» տեղավորվել, հետագայում ընդդիմություն լինելու ակնկալիքով: Այդ ուժերը հավակնում են նաեւ այն ընտրողների ձայնին, որոնք չեն ընտրի Նիկոլ Փաշինյանին, միաժամանակ արմատական էլ չեն՝ Սասնա ծռերին ընտրելու համար, բայց նաեւ չեն ուզի ընտրել ՀՀԿ-ին, հասկանալով, որ այն արդեն գնացած գնացք է:

Մասնակցելով խորհրդարանի ընտրությանը, ՀՀԿ-ն կարող է առնվազն երկիմաստություն մտցնել այդ ընտրողների համար: Դրանք առանց այդ էլ շատ չեն, եւ եղած երկիմաստությունն էլ ավելի շուտ կավելացնի ոչ թե ՀՀԿ հնարավորությունը, այլ կսահմանափակի այն ուժերինը, որոնք ընտրությանն ակնկալում են խաղալ այդ «ոսկե միջինի» դիրքերում:

ՀՀԿ-ն իր մասնակցությամբ ըստ էության կբացառի միջինը, ըստ այդմ կսահմանափակի դրա ակնկալիքն ունեցող ուժերի քաղաքական ախորժակը:

Հավանական է, որ հենց այդ ակնկալիքով էլ ՀՀԿ-ն ուզում է, կամ ՀՀԿ մի թեւը ուզում է մասնակցել ընտրությանը: Բնական է, որ նրանք չեն կարող հայտարարել այդ մասին, նրանք պետք է հայտարարեն, որ իշխանությանն են մրցակից, ոչ թե մյուս քաղաքական ուժերին: Սակայն իշխանությանը ՀՀԿ-ն մրցակից չէ: ՀՀԿ մրցակիցները մյուս ուժերն են, այդ ուժերի մի որոշակի շրջանակը, որը մի կողմից իհարկե ՀՀԿ վրա միավոր է հավաքում, մյուս կողմից փորձում է հավաքել ՀՀԿ ընտրողներին, որքան էլ այդ հասկացությունը լինի հարաբերական:

Մյուս կողմից, ՀՀԿ մասնակցությունը կարող է բարդացնել ՀՀԿ արդիականացման այն խնդիրը, որ Սերժ Սարգսյանն ուզում է լուծել Կոնրադ Ադեանուեր հիմնադրամի հետ համատեղ: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությանը մասնակցությամբ ՀՀԿ-ն կարող է հարված ստանալ, որն իրեն պետք չէ:

Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանին էլ թերեւս ՀՀԿ արդիականացումը պետք չէ: Նա անշուշտ բավական իրատես ու սթափ գործիչ է այդպիսի հաշվարկներում եւ լավ է պատկերացնում, որ հնարավոր չէ արդիականացնել մի բան, որը փաստացի արդեն գոյություն չունի:

Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է գործընթացը ինքնին, որով նա փաստորեն ապահովելու է որոշակի սուբյեկտություն թե ներքին գործընթացներում, թե արտաքին ասպարեզում:

Այդ հանգամանքը լավ է պատկերացրել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը ստեղծում է «կոնտր» կուսակցություն: Նա այլեւս հույս չունի, որ ՀՀԿ-ում կարող է հաղթել Սերժ Սարգսյանին: Այժմ Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է «հակընդդեմ» կուսակցություն, ակնկալելով, որ դրա միջոցով էլ ինքը ձեռք կբերի որոշակի սուբյեկտային նշանակություն ապագա քաղաքական գործընթացներում:

Ռոբերտ Քոչարյանը թավշյա հեղափոխությունից հետո խոշոր հաշվով ավելի շատ Սերժ Սարգսյանի, քան Նիկոլ Փաշինյանի հետ է հարաբերություն պարզում: Հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ գլուխ է դրել իր հետ, Քոչարյանն արել էր թերեւս այդ համատեքստով, ակնարկելով, որ իր խնդիրը Սերժ Սարգսյանն է, եւ Նիկոլ Փաշինյանն իրենից իզուր է վտանգ սպասում:

2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը պարտվեց Սերժ Սարգսյանին, որը կուսակցականացվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանը չունեցավ ԲՀԿ անդամ դառնալու համարձակություն, թեեւ ԲՀԿ նախագծի ամբողջ հաջողությունն էլ պայմանավորված էր լինելու հենց Քոչարյանի հետ «չասոցացվելով»: Քոչարյանն այդպիսով պարտվեց իշխանության համար պայքարը: Ներկայում նա չի ուզում տանուլ տալ գոյության պայքարը, որ դարձյալ մղում է Սերժ Սարգսյանի հետ, եւ այս անգամ որոշել է կուսակցությամբ հետ չմնալ նրանից:

դիտվել է 44786 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...