Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի պատգամավորի թեկնածու: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում:
«Իսկ ինչ կլինի ընտրություններից հետո, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու: Մի բան է հստակ, որ մենք շեշտադրում ենք անում ունենալ և լավ կառավարություն, և լավ Ազգային ժողով»,- ասաց նա: Լիլիթ Մակունցն ասաց, որ նախարար դառնալուց հետո անդամակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է մարդիկ իրենց ձայն տան, նա պատասխանեց. «Մշակույթի նախարարությունում ինձ հետ աշխատողների շնորհիվ մի քանի խնդիրներ, որոնք 30 տարի չեն լուծվել, հիմա լուծում են ստացել: Եվ դա եղել է միայն մեկ բանի շնորհիվ, որ եղել է քաղաքական կամք: Իսկ Ազգային ժողովում ներկայացվելու հայտ ներկայացնողի համար, կարծում եմ, կարևոր է գիտակցել ու հասկանալ և այդ փորձառությունն ունենալ, որ քաղաքական կամքով հնարավոր է սկզբունքորեն երկար տարիների անհաղթահարելի խնդիրները լուծել: Ես կարծում եմ՝ դա բավարար պատճառ է ինձ ձայն տալու»,- ասաց նա: