Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Հայ լինելը չի որոշվում միայն քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելով

Հայ լինելը չի որոշվում միայն քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելով․ Գևորգ Գորգիսյան

Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը վերաքվեարկությունից հետո ևս չընդունեց: Նախագծի հեղինակներն են Միհրան Հակոբյանը, Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Նախագծին երկրորդ անգամ կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ 14 հոգի:

Իսկ վերաքվեարկման դրվեց, քանի որ առաջին քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր քվեարկել, հետո հայտարարել, թե թյուրիմացություն է եղել, իրենք չեն կողմնորոշվել, թե որ հարցն է դրվում քվեարկության:

Առաջին քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը նշեց, որ այս նախագիծը շատ կարևոր էր: «Ես նաև զուգահեռ այլ նախաձեռնություն էի ներկայացրել, և անհասկանալի էր կառավարության բացասական վերաբերմունքը թե´ այս, թե´ իմ նախաձեռնությունների նկատմամբ: Սրա նպատակն այն էր, որ կրոնական կազմակերպությունները, մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքը զերծ պահեինք բռնի բողոքներից»,-ասաց նա:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը, հավաքների անցկացումը սահմանափակել:

ԱԺ-ն 28 կողմ, 10 ձեռնպահ ձայներով մերժեց նույն հեղինակների «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Իսկ մինչ այդ ԱԺ դահլիճում բուռն քննարկում ծավալվեց: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա վերկուսակցական նախագիծ է, որն ապահովելու է կաթողիկոսի պետական պաշտպանությունը:

 


«Մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում Հայ առաքելական եկեղեցուն, և աղանդավորական շարժումներն այս ամիսներին գլուխ են բարձրացրել, որը մտահոգիչ է»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հորդորեց պատկերը վերականգնել՝ տեսնելու համար, թե որ խմբակցությունը դեմ քվեարկեց: «Ուզում ենք հստակ իմանալ՝ ովքեր են մեր արժեհամակարգին դեմ»,-ասաց նա: Դեմ էին քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորները, բացառությամբ Սասուն Միքայելյանի:

Վարման կարգով խոսեց Լենա Նազարյանը և ասաց, որ երեկ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի իրականացնելու համար: «Օրենքով արձանագրելու կարիք չկա»,-ասաց նա:

Շարմազանովն ասաց, որ պետք է Սահմանադրության պահանջով բացառիկության իրավունք տալ պետական պաշտպանության հատուկ իրավունքներ Վեհափառ Հայրապետին:

Միհրան Հակոբյանը նշեց, որ հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը մեր կյանքում՝ սա այն հարցը չէ, որ պետք է թողնել հայեցողությանը: «Հայեցողությամբ վարչապետը կարող է լուծել «Կյանքի խոսքի» առաջնորդի անվտանգության հարցը կամ չլուծել կամ «Եհովայի վկաների», «Ռեմաների» հարցը, բայց Հայ առաքելական եկեղեցին հայեցողությանը թողնելը, կարծում եմ, ճիշտ չէ»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս օրինագիծը լավ կյանքից չէ, որ առաջացել է: «Փաստերը վկայում են այն մասին, որ ոչ միայն Վեհափառը, այլ եկեղեցին կարիք ունի պաշտպանության»,-ասաց նա և հիշեցրեց, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայրապետի նկատմամբ և կոչ արեց վեր կանգնել այս ամենի ինչից և կողմ քվեարկել:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու դավանանքը հայության համար ապրելակերպ է: «Բարձր ենք գնահատում Վեհափառի անվտանգության հարցը և կարծում ենք, որ օրենքով չէ, որ պետք է ապահովել: «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա ավելին է, քան քվեարկությունը: «Մենք այս քվեարկությամբ որոշելու ենք՝ ուր ենք գնում, ծառայում ենք Աստծո՞ւն, թե սատանային, ծառայում ենք եկեղեցո՞ւն, թե աղանդավորությանը, խնդրում եմ յուրաքանչյուրիս մի կողմ դնել մեր տարաձայնությունները: Վեհափառ Հայրապետը և եկեղեցին այսօր կարիք ունեն անվտանգության հատուկ միջոցների»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգով ասաց. «Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը, ես դեմ եմ նման մոտեցմանը, թե դեմ ենք, եթե Վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջի, դա իր խնդիրն է»,-ասաց նա:

դիտվել է 13416 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...