Երևան
12 / Դեկտեմբեր / 2018

Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Հովհաննիսյանին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով օրերս ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում հանցավորության դեպքերը աճել են։

Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ նշվում է.

«Ինչպես հայտնի է, հանցավորությունը սոցիալական երևույթ է, մեծապես կախված երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացումներից, ունի խորը արմատներ, և դրա դինամիկայում ու կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորել վերջին 6 ամիսների զարգացումներով, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ:

Հանցավորության վիճակի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերլուծության ենթարկել հանցավորության շարժընթացը՝ կառուցվածքի հետ համատեղ:

Այսպես. 2018թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է մոտ 3,5%-ով (2017թ.՝ 25,9%, 2018թ.՝ 22,5%): Ընդ որում, նվազում է արձանագրվել սպանության (58-52), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (840-760), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (148-141) և այլ հիմնական հանցատեսակներով:

Որոշակի նվազում է արձանագրվել նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (17,3%-ից 16,4%):

Այս ամենի հետ մեկտեղ, նկատելիորեն աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները (14,2%-ից 15,6%):

Ակներև է, որ 2018թ. 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է գույքի հափշտակությունների և առավել լատենտային համարվող՝ պաշտոնեական հանցագործությունների թվի կտրուկ ավելացմամբ:

Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերի, ավելի քան 2 անգամ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև անձնական գույքի գողության և խարդախության դեպքերի հայտնաբերման ցուցանիշները:

Հիշեցման կարգով նշենք, որ քրեաբանության մեջ լատենտային են համարվում այն հանցագործությունները, որոնք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ դուրս են մնում հաշվառումից, իսկ դրանց հայտնաբերումն իրավապահ մարմինների համար համարվում է առավել բարդ: Հետևաբար, վիճակագրական տվյալներում դրանց աճն ամենևին բացասական ցուցանիշ դիտարկել չի կարելի, քանզի այն արտացոլում է ոչ թե իրավապահ մարմինների անգործությունը, այլ հակառակը՝ վերջիններիս արդյունավետ և նախաձեռնողական աշխատանքը: Այսինքն՝ արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կտրուկ աճը ոչ թե խոսում է ներկայումս հանրապետությունում կոռուպցիայի ծավալների ավելացման կամ ամենաթողության, այլ այդ արատավոր երևույթի նկատմամբ անհանդուրժողական պայքարի մասին:

Միաժամանակ, հարկ է նշել, որ ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունը զգալի ջանքեր է գործադրել նաև նախկին տարիներին կատարված և հաշվետու ժամանակահատվածում ի հայտ բերված հանցագործությունների հաշվառման և անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնցից շատերն ուղղված են եղել սեփականության դեմ (տարատեսակ խարդախություններ, գողություններ, յուրացումներ և այլն):

Դրա մասին է վկայում քաղաքացիների կողմից հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդումների աննախադեպ աճը. եթե 2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ստացվել է 33.735 հաղորդում, ապա 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում դրանց թիվն աճել է, համապատասխանաբար, 12.578-ով կամ 37,3%-ով և 8.726-ով կամ 18,8%-ով:

Այս փաստը, ինքնին, վկայում է նաև քաղաքացիների կողմից իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճի մասին: Ներկայումս քաղաքացիները ոչ միայն չեն խուսափում դիմել իրավապահ մարմիններին, այլև հաճախակի հայտնում են նախկին տարիներին կատարված և հաշվառումից դուրս մնացած իրավախախտումների մասին՝ վստահ լինելով, որ դրանք կարձանագրվեն, կբացահայտվեն, իսկ կատարողները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ հանցագործությունների աճը համահունչ է գրեթե բոլոր զարգացած երկրներում արձանագրված միտումներին և ներկա փուլում լիովին տեղավորվում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության մեջ, իսկ օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում էՀՀ ոստիկանության կողմից»:

դիտվել է 29957 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...