Երևան
13 / Դեկտեմբեր / 2018

Ռոբերտ Քոչարյանի վերջին խոսքը

Lragir.am-ը գրում է․Վերաքննիչ դատարանը, որ Վճռաբեկի որոշումից հետո դարձյալ քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ իր իսկ վճիռը, նոյեմբերի 27-ին չի կայացրել որոշում, նիստը հետաձգվել է: Քոչարյանի փաստաբանները ծրագրում են բացարկ հայտնել դատավորին:

Վերաքննիչում Քոչարյանի գործի վերաքննությունը ուղեկցվեց մամուլում մի հրապարակումով, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ Հայաստանում բացվող Լազարեւյան ակումբի նիստում, որը նվիրված է լինելու Արցախի խնդրին:

Այդ ակումբը բացելու մտադրության մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունն ունի փոփոխությունների անհրաժեշտություն, եւ հարցերը քննարկելու հարթակ կլինի Լազարեւյան ակումբը:

Այն դե ֆակտո կփոխարինի Կիսելյովի Գրիբոյեդով ակումբին, որը տեւական ժամանակ գործեց Հայաստանում եւ հավակնեց հայ-ռուսական հարաբերության գեներատորի դերին, բայց շարժիչն ավելի շատ յուղ վառեց, քան նպաստեց հայ-ռուսական հարաբերության բնականոն եւ փոխշահավետ զարգացմանը: Ավելին, ակումբը գործնականում ընդամենը դարձավ առկա խնդիրները իրենով ծածկող դիմակ, Մոսկվա հասցնելով միտքը, թե ամեն ինչ հրաշալի է:

2016-ի ապրիլյան քառօրյայի հետեւանքով Մոսկվան բախվեց «հրաշալիի» հետ, հասկանալով թերեւս, որ իրեն պարզապես կողոպտել են:

Զատուլինն ու նրա ակումբը կլինեն ռուսական առանց այդ էլ նվազող գանձարանի նոր կողոպտի՞չ, թե՞ հայ-ռուսական հարաբերության իրական, բովանդակային եւ փոխշահավետ արդիականացման հարթակ: Զատուլինի նպատակը ողջունելի է, բայց երբ հայտնի դարձավ ակումբի հնարավոր կազմը, սկսեց նշմարվել Գրիբոյեդով ակումբի ուրվականը:

Եվ ահա, Լազարեւյան ակումբի բացումից հետո ելույթ կունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի խնդրի թեմայով:

Ի՞նչ պետք է ասի երկրորդ նախագահն Արցախի թեմայով, դժվար է պատկերացնել: Ավելի շուտ դժվար է պատկերացնել, թե նա ինչ պետք է ասի այն ամենից բացի, որ այսպես թե այնպես ասել է իր նախագահության ընթացքում, այդ ընթացքի վերջնամասում էլ իբրեւ բանակցության հիմք ընդունելով հայտնի մադրիդյան սկզբունքները:

Քոչարյանն ըստ երեւույթին պետք է ասի, որ Հայաստանի նոր իշխանությունը վտանգներ է ստեղծել Արցախի հարցում, եւ առաջին հերթին Ռուսաստանի համար: Գործնականում, ռուսական լսարանի համար Ռոբերտ Քոչարյանն այլ բան չի ասում արդեն տասը տարի: Պարզապես նախորդ տասնամյակում դա ասում էր Սերժ Սարգսյանի վերաբերյալ, իսկ 2018-ի ապրիլ-մայիսից էլ ասում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:

Եթե Կոնստանտին Զատուլինը պատկերացնում է, որ հայ-ռուսական հարաբերությունն «արդիականանալու» է այդ հիմքի վրա, Լազարեւյան ակումբը հնարավոր է համարել պարզապես «մեռելածին» մարմին, որն ընդամենը հերթական ականն է լինելու հայ-ռուսական հարաբերության տակ, որն իսկապես արդիականանալու հնարավորություն էր ստացել Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման շնորհիվ:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է՝ Հայաստանի դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանին կտա՞ այդ հնարավորությունը, այսինքն ի՞նչ որոշում կկայացնի Վերաքննիչը եւ կկայացնի՞ արդյոք որոշում մինչեւ դեկտեմբերի 1-ը: Որովհետեւ, եթե որոշումը լինի մինչեւ այդ, եւ եթե նախորդ որոշումը վերանայվի, ապա հնարավոր է, որ երկրորդ նախագահը դեկտեմբերի 1-ին լինի ոչ թե Լազարեւ ակումբում, այլ նախնական կալանքի վայրում: Եթե որոշումը լինի դեկտեմբերի 1-ից հետո, ապա կստացվի, որ Զատուլինը երկրորդ նախագահին պարզապես տվել է վերջին խոսքի հնարավորություն:

Դա իհարկե այն դեպքում, եթե դատարանը փոխի իր իսկ որոշումը: Որովհետեւ հնարավոր է, որ Վերաքննիչ դատարանը դարձյալ չտեսնի Քոչարյանին կալանավորելու հիմք:

դիտվել է 47349 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...