Երևան
22 / Փետրվար / 2019

Բակո Սահակյանն ինչպե՞ս կպատասխանի Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Լևոն Մնացականյանը:

Լ. Մնացականյանը, բնականաբար, պաշտոնից ազատվելու դիմում չի գրել, նա պաշտոնանկ է արվելու։ Ավելին, նրա փոխարեն այդ պաշտոնում հաստատապես նշանակվելու է Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Վերջինս երեկվանից Երևանում է գտնվում՝ հանդիպումներ ու հարցազրույցներ է անցնում ՀՀ իշխանությունների մոտ՝ այդ պաշտոնում նշանակվելու համար։


Ի դեպ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ երեկվանից Երևանում է գտնվում նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, և այսօր կամ վաղը կլինի Լ. Մնացականյանի պաշտոնանկության հրամանագիրը։

Արդեն քանի ամիս է՝ Արցախում ներքաղաքական զարգացումներ են ուրվագծվում. Այդ կապակցությամբ խոսակցություններն ավելի սրվեցին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ավելին՝ որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ բացահայտ հայտարարեցին, որ իշխանափոխությունը հայաստանյան իշխանությունների աջակցությամբ տեղափոխվում է Արցախ։ Այս տրամաբանության մեջ հետաքրքիր է այն փաստը, որ Արցախի նախկին վարչապետ, հուլիսի սկզբից՝ Արցախի նախագահի խորհրդական և հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում բավական կոշտ հայտարարություններ հնչեցին արցախյան հիմնահարցի շուրջ։ Նաև նշվում էր, որ ԱԺ ընտրություններից հետո զարգացումներ են սպասվում հիմնախնդրի կարգավորման շուրջ։

ՀՀԿ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունը վերարտադրության է ձգտում Լեռնային Ղարաբաղի շահերի հաշվին։ «Այն քաղաքականությունը, որ վարում է ներկա իշխանությունն Արցախի հարցում, հիմնված է մեկ բանի վրա՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն»,- հրավիրված ասուլիսում ասել էր Դավիթ Շահնազարյանը։

Հակաղարաբաղյան քաղաքականության դրսևորումներից մեկը Շահնազարյանը համարում էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը, և նրա խոսքով` Հայաստանն այդ կարևոր պաշտոնը կորցրեց մի իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի։ Նրա խոսքով` կողմերն այժմ բանակցում են Արցախի կարգավիճակի և անվտանգության շուրջ, ինչի մասին խոսել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Ըստ Շահնազարյանի` Փաշինյանի խոսքերը վկայում են, որ այդ «կարգավիճակ» և «անվտանգություն» հասկացությունները տարանջատվել են։ Նախկինում գործել է «կարգավիճակ՝ տարածքների փոխարեն» բանաձևը։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին այս հայտարարությունների համար մեղադրեց պետական դավաճանության մեջ։

«Պետական դավաճանությունը թաքցնելը պետական դավաճանություն չի՞։ Ձեր ասածով՝ հիմա ոչ թե մեզ են մեղադրում, այլ մենք ենք մեղադրում պետական դավաճանության մեջ։ Եթե մեկը պետական դավաճանությունը թաքցնում է, նա առնվազն պետական դավաճանությանը նպաստող, աջակցող, օժանդակող մեկն է։ Հետևաբար՝ նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, նրանք պետական դավաճաններ են, որովհետև չեն գնում ԱԱԾ ցուցմունք տալու, կամ թող ասուլիս հրավիրեն, մանրամասներ ներկայացնեն։ Բա, ընտրություններից առաջ թող մարդկանց ներկայացնեն էդ պետական դավաճանությունը, որ մարդիկ իմանան՝ ինչպես քվեարկեն»,- ասել էր Ն.Փաշինյանը։

Ի դեպ, այդ օրերին «իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն Արցախի մասին աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ, որը փոթորկեց տրամադրությունները թե Արցախում, թե Հայաստանում՝ առաջացնելով շատերի զայրույթը։ Միքայելյանը, Թալինում դիմելով քարոզարշավի ներկաներին, ասել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

Հայաստանյան ԶԼՄ-ներն այս կապակցությամբ մեկնաբանություններ էին խնդրել Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից և Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանից։

Ի պատասխան՝ Դ. Բաբայանն ասել էր՝ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ ժողովրդի կյանքում գուցե մեծ իրադարձություն էր, սակայն ամեն ինչ ժամանակը ցույց կտա, ուստի հեղափոխության հաղթանակը համեմատել Արցախյան հաղթանակի հետ՝ ճիշտ չէ։

Իսկ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը՝ Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը, կամ, ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը: «Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպում արեց, և ինքն էլ ուղղեց իրեն՝ նշելով, որ նկատի է ունեցել՝ համաժողովրդական շարժումը կարևոր էր Արցախի ամրության առումով: Ու հիմա անհասկանալի է այս ամբողջ աղմուկը: Տարիներով հետևել եք, թե ոնց է բանակը թալանվել, ու մի նախադասություն չեք ասել, հիմա չփորձեք դիվիդենտներ հավաքել մի սխալ նախադասության համար, ես ներողություն կխնդրեմ էդ նախադասության համար հազար անգամ, բայց թույլ չեմ տա աչոկներ հավաքել, ես սա ասում եմ՝ որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար՝ պատերազմական իրավիճակում»,- ասել էր նա:

Փաշինյանն այսքանով, սակայն, չբավարարվեց. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում կոշտ հակադարձեց Արցախի իշխանությունների ներկայացուցիչների այլ առիթներով արված մեկնաբանություններին ևս:

Հիշեցնենք, որ Փաշինյանը մինչ այդ Ալավերդիում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում, ապա` հավելել, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել: «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում, սակայն, Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խոսքը: «Օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ևս ծառայել է, ծառայել են նաև Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- ասել էր նա:

Ն.Փաշինյանին, փաստորեն, դուր չէին եկել իշխանության որոշ ներկայացուցիչների մեկնաբանությունները, որով հերքվում էին իր խոսքերը։

Դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ նա քարոզարշավային հարթակներից մեկից հայտարարեց ՝ «Կարգի հրավիրիր քո ենթականերին»:

«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բա՜ն։ Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, այն, ինչը որ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց՝ ընտրություններից հետո»,- հայտարարել էր Փաշինյանը։

Արտաքին շատ սուր դրսևորումներ ստացած այս հակադարձումները լուրջ մեկնաբանությունների առիթ հանդիսացան, ընդհուպ՝ մինչև այն, թե «Նիկոլ Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին»։ Հայաստանում կոչեր և հրապարակումներ եղան այն մասին, թե պետք է հեղափոխություն իրականացնել նաև Արցախում՝ փաստորեն, այդպիսով տուրք տալով «Սասնա ծռեր» խմբավորման, ապա՝ կուսակցության՝ հեղափոխությունը Արցախ «արտահանելու» գաղափարին։

Ինչո՞ւ ևս մեկ անգամ ներկայացրեցինք այս ամբողջը։ Որպեսզի հասկանալի դառնան Արցախում այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնց պահանջը դրվում է ՀՀ իշխանությունների կողմից։ Իսկ թե ինչ հետևանքներ կունենա այդ ամենն Արցախի հիմնահարցի արտաքին քաղաքական զարգացումների վրա՝ առաջիկայում ավելի նկատելի կդառնա։ Այս պարագայում, իհարկե, չափազանց կարևոր է՝ արդյո՞ք Արցախի իշխանությունները կկատարեն ՀՀ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր պահանջները, այդ թվում՝ Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանի աշխատանքից ազատման։

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում այս լուրերի առիթով երեկ երեկոյան գրել էր. «Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը նույնիսկ ամենալավ երազում այսպիսի բան չէր կարող տեսնել ու հավատալ: Ինչ-որ մեկը կփորձի՞ հերքել այս լուրը, չնայած, եթե թողել են այսքան տարածվի, ուրեմն տակը մի բան կա: Սա իրականում ոչ տեղին ու սխալ քայլ է ու չի կարող որևէ կապ ունենալ հեղափոխության գաղափարախոսության հետ»:

դիտվել է 20087 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն