Երևան
22 / Հունվար / 2019

Քոչարյանը մեկ ամիս ժողովներ էր անում. Ինչ է կատարվել Արցախում

Lragir.am-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, ինչո՞վ էր պայմանավորված Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանի ազատումը։


Տեղի ունեցածն այն է, ինչ ես ամիսներ շարունակ ասում եմ։ Ես ասում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պետք է շարունակություն ունենա նաև Արցախում։ Խոսքն այն մասին է, որ Արցախը նույնպես պետք է զգա հեղափոխության շունչը։ Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ, որովհետև Արցախի իշխանությունները պետք է հրաժարական տային, բայց նրանք ինքնակամ հրաժարական չէին տա, և պետք է թավշյա հեղափոխության թափը հասներ Արցախ։ Մի պահ հունիսին կարծես թե այս թափը ուզում էր հասնել Արցախ, ես միացել էի երիտասարդների պահանջին, բայց ցավոք, երիտասարդները հեղհեղուկ հարթակ էին ստեղծել։ Եվ միայն սահմանափակվեցինք այն պահանջով, որ ուժայինները հրաժարական տան՝ բացառությամբ բանակի, որովհետև գտանք, որ բանակը կապ չուներ այն առիթի հետ, որից ծնվել էր այդ ըմբոստությունը, այսինքն՝ հովանավորչությամբ ծեծուջարդը։ Իսկ ծեծուջարդի քավորը և կազմակերպիչը Արցախում միշտ եղել է Սամվել Կարապետյանը, ով զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը։ Միշտ նրան էր հանձնարարվում թե Հայաստանի նախկին իշխանությունների, թե Արցախի իշխանությունների կողմից, որ ուժ կիրառեն և ուժի միջոցով փորձեն ընդդիմադիրներին ճնշել։

Մենք սահմանափակվեցինք ուժային չորս կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով, թեև դրանից հետո խաղաղ ակցիայով մենք պահանջեցինք նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջեցինք այն պատճառաբանությամբ, որ նա խախտել էր Սահմանադրությունը և գնում էր նախագահության երրորդ շրջան, երկրորդ՝ եթե Բակո Սահակյանը մինչև 2020 թվականը մնա նախագահ, ապա ինքը հաջողությամբ օգտագործելով իշխանական լծակները, կարող է իշխանությունը փոխանցել իր ցանկացած անձին, այսինքն՝ կլինի ռեժիմի շարունակություն։

Արցախի իշխանությունը Հայաստանի նախորդ իշխանությունների կամակատար շարունակությունն է։ Իսկ արդեն հետագա գործընթացն այնպես էր, որ Արցախում ձևավորվեցին նոր ուժեր, անհատներ, որոնք փորձում էին ինքնահաստատվել անձնական ամբիցիաներով և ուզում էին ինքնուրույն պահանջել Բակո Սահակյանի հրաժարականը, որոնց հանրությունը չէր ճանաչում: Ավելին՝ կային գործիչներ, որոնք իշխանության հետ էին առնչվում։ Եվ այդ մարդիկ արագ կերպով մարեցին, որովհետև իրենց թիկունքում ոչ ընդդիմադիր կեցվածքի անցյալ ունեն, ոչ քաղաքական փորձ ունեն, ոչ քաղաքական պահանջ և ոչ էլ նրանց պահանջն էր քաղաքական։ Լրիվ անձնական էր, և պարզ է, որ այդ մարդիկ միանշանակ ձգտում էին իշխանության։

Հետագայում կար Նիկոլ Փաշինյանի գործոնը, որ մենք դադարեցրինք մեր պահանջը: Դա այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հաճախակի այցերով սատարում էր Բակո Սահակյանի բարեփոխումների ծրագիրը։ Սակայն, ինչ խոսք, Բակո Սահակյանը բարեփոխումների ծրագիր չուներ, չունի և չի էլ ունենալու, նա միայն մի ծրագիր ունի՝ գոյատևել մինչև 2020 թվականը, որից հետո կարողանա հաջողությամբ իշխանությունը փոխանցել իր ցանկացած անձին, ինչը այսօր Արցախի ժողովուրդը չի ուզում։

Ինչ վերաբերում է այս կադրային փոփոխություններին. հոկտեմբերին պարզ դարձավ, որ հակահեղափոխություն վերջին հաշվով կա, և պարզ դարձավ, որ այն բույն է դրել նաև Արցախում։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը մեկ ամիս շարունակ Արցախում անընդհատ ժողովներ էր անում, այսպես կոչված որսեր էր անում, շրջագայություններ, հյուրասիրություններ։ Նրան եկավ միացավ Սերժ Սագսյանը։ Թե ինչ էին նրանք քննարկում, չգիտեմ, բայց մեկ բան պարզ է՝ քննարկում էին ինչպես Հայաստանում հետ վերցնեն իշխանությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանն այդ ամենը հրաշալի գիտի։ Եվ ինքը երևի թե հասկացավ, որ չի կարելի սատարել Բակո Սահակյանին, նա չունի բարեփոխումների ծրագիր, և պետք է կտրուկ քայլերի գնալ։ Իհարկե, նա չէր կարող հրաման արձակել, կամ ժողովրդին կոչ անել դուրս գալ հեղափոխության, բայց ինքը կարող էր համոզել, հորդորել, և դա փաստ է: Դրանից մեկը բանակի կառույցի ղեկավարի փոփոխությունն է:

Կարծում եք՝ Երևանի՞ց էին պարտադրված այդ փոփոխությունները։

Չեմ կարող ասել՝ Երևանից էին պարտադրված, բայց կարծում եմ՝ ոչ թե պարտադրված, այլ Երևանից հստակ և կոշտ խորհուրդներ էին։ Ճանաչում եմ բոլորին, Պաշտպանության նոր նախարար նշանակված Կարեն Աբրահամյանը, լինելով գրագետ մարտական գործիչ, գեներալ, աճել է և երկու անգամ վերապատրաստվելով արտերկրի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, երկու անգամ էլ ավարտել է գերազանցության դիպլոմով: Որպես սկզբունքային անձ՝ նա իրեն լավ դրսևորել է հայկական բանակի ինժեներական ծառայության մեջ։ Նախքան ինժեներական ծառայության պետ լինելը ինքը եղել է մի շարք զորամասերի հրամանատար, զորամասի շտաբի պետ և Արցախի բանակի շտաբի պետ։ Շատ տրամաբանական և ողջունելի է նրա նշանակումը։ Նրա նշանակումով առաջնագիծը ավելի կամրապնդվի։ Ճանաչելով իր մարդկային որակները՝ համոզված եմ, որ ինքը, ի տարբերություն նախորդների, կարող է նպաստել սպաների կյանքի բարելավմանը, կարող է այնպես անել, որ սպաները էլ ավելի շահագրգռված լինեն ծառայել։ Նա կարող է բանակում փոխել նաև բարոյահոգեբանական մթնոլորտն՝ ի շահ բանակի, նրա պաշտպանունակության բարձրացման։ Եվ եթե այս ամենը Երևանից պարտադրված որոշում էր, ապա դա շատ ողջունելի և լավ որոշում է։

Հեղափոխության օրերին Լևոն Մնացականյանն իր հարցազրույցներում նշում էր, որ Երևանում տեղի ունեցածն անկարգություններ են։ Կարծում եք՝ սա չներվե՞ց նրան։

Իհարկե, ամեն ինչը կապ ունի, և բանակը չի կարելի խառնել քաղաքական գործընթացներին։ Եթե հիշում եք, այդ օրերին անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, թե առաջնագծում վիճակը վատ է, Սերժ Սարգսյանը պետք է լինի Գերագույն գլխավոր հրամանատար, նա չպետք է հրաժարական տա: Հետագայում արդեն հին կադրեր են ցուցադրել, թե իբր կուտակումներ են, բայց իրականում նման բան չկար, և սա դիտարկվել է որպես օրենքի խախտում, քանի որ բանակը չպետք է միջամտի։ Բացի դրանից, բանակի լուրջ միջամտությունը քաղաքական գործընթացներին մեծամասամբ եղել են ընտրությունները, որոնց ժամանակ սպաներին, մյուսներին, տրորելով արժանապատվությունը, ամեն ինչ անում էին, որպեսզի ապահովեին իշխանական վերնախավի քաղաքական հաղթանակը։ Եվ ինչպես Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ն էր ղեկավարում և կապ ուներ բանակի հետ, տուշոնկա էին տանում և այլն, Արցախում էլ ճիշտ նույն ձևով Ազատամարտի միությունն էր բյուջեից մեծ գումարներ ստանում։ Թող գան մի հատ ստուգեն։ Ես չեմ վստահում Արցախի ԱԱԾ-ին, բայց կուզեի հրավիրեն Հայաստանի ԱԱԾ-ին, գիտե՞ք ինչեր կհայտնաբերեն։ Բացի այդ, նրանք վախ էին սփռում։ Օրինակ՝ բանակի հրամատարները, այդ թվում՝ Լևոն Մնացականյանը, չէր երևում, բայց նրա տեղակալ Սամվել Կարապետյանը ծեծուջարդերով վախ էր սփռում Արցախում։ Եթե հիշում եք Բերձորի դեպքերը, այնտեղ ոստիկաններն էին, ԱԱԾ-ն, և վետերանները։ Նույնիսկ Բակո Սահակյանը այդտեղ ընդհանուր հրամանատար էր նշանակել Սամվել Կարապետյանին։ Ի դեպ, Ստեփանակերտում՝ հենց Բակո Սահակյանի քթի տակ, Սամվել Կարապետյանը ոսկու ձուլարան ունի, ոսկու հանք ունի և թունաքիմիկատով թունավորում է բնությունը, շրջապատը։ Թե ով է թույլատրել, ովքեր են նրա հովանավորները, ինչպես է դա կարողանում անել, ով էր նրան ստուգելու, ով էր այս ամենի վերջը տալու, և ինչու մեկ մարդը կարող է այդքան բան անել, որտեղի՞ց այդ ֆինանսական լծակները։ Մենք պետք է բոլոր մեղավորներին, եթե անգամ բանտ չենք նստեցնում, գոնե հեռու պետք է պահենք ղեկավարման գործընթացներից։ Եվ հիմա նման գործելաոճով պետք է թույլ տալ, որ նա մինչև 2020 թվականն ավարտի՞: Լավ, ինչքա՞ն ոսկի դեռ պետք է ձուլեն իրենք։

Ի դեպ, բոլոր նախկին պաշտոնյաները Արցախից հեռացել են, բյուջեն կերել են, թողել հեռացել, խոսքը նախկին նախագահների, վարչապետների, նախկին բարձրագույն պաշտոնյաների մասին է։ Եվ այսօր թալանած պաշտոնյաները վաղը կշարունակե՞ն ապրել Արցախում, շարքային քաղաքացու կարգավիճակով։ Իհարկե ոչ։ Եվ ինչու թույլ տանք, որ նրանք շարունակեն կեղեքել, թալանել մեր բնական ռեսուրսները, ինչու թույլ տանք, որ նրանք շարունակեն իշխել, նրանք չեն ղեկավարում, նրանք իշխում են

դիտվել է 61853 անգամ

«Ազգային գաղափարախուսություն և այլն»․ սրանք Փաշինյանին բնորոշ տերմիններ չեն. Տեսանյութ

Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն