Երևան
19 / Հունիս / 2019

Լուկաշենկոյի շանտաժը Պուտինին. Փաշինյանի պատասխանը

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը Բելառուսի համար եղբայրական պետություն չէ այլեւս, այլ գործընկեր պետություն: Բելառուսի նախագահը հայտարարել է, թե եղբայրական բնորոշումը Ռուսաստանում չի արժանանում պատշաճ ընկալման, դե ուրեմն թող լինի գործընկերություն:

Բելառուսի նախագահը այդ հայտարարությունն արել է Մոսկվա այցից առաջ, որ տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին: Լուկաշենկոն առաջին անգամ չէ, որ կոշտ հայտարարություններ է անում ՌԴ հետ հարաբերության առնչությամբ: Նա գործնականում բացահայտ ընդվզում էր իրականացնում դեկտեմբերի 6-ին ԵՏՄ Վեհաժողովում, երբ ՌԴ նախագահ Պուտինը ստիպված էր հորդորել շարունակել քննարկումն առանց լրագրողների:


Բելառուսն այդպիսով փորձում է իրեն հնարավորինս թանկ վաճառել Ռուսաստանին, կամ հնարավորինս թանկացնել բելառուս-ռուսական հարաբերության գինը:

Ներկայում այդ առումով իրավիճակն ավելի բազմաշերտ է, եւ այստեղ տեղ ունի նաեւ Հայաստանը: Խոշոր հաշվով ստացվում է, որ Լուկաշենկոն ոչ միայն իր Մոսկվա այցից առաջ է անում հերթական դեմարշը, այլ նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 27-ին՝ Լուկաշենկոյի այցից հետո:

Այդ այցերը տեղի են ունենում մի իրավիճակում, երբ բավական կոշտ հակադրության մեջ են Հայաստանն ու Բելառուսը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի առնչությամբ, կամ ավելի շուտ դրա առիթով: Եվ այստեղ դիրքային պայքարում կարեւորություն է ստանում Ռուսաստանի դիրքորոշումն ու դերը, կամ ընդգծվում այդ կարեւորությունը: Իհարկե, միաժամանակ կա նաեւ այլ տեսակետ, որի մասին ոչ բացահայտ, բայց ակնարկում են որոշ ռուսական փորձագիտական շրջանակներ: Ըստ այդ ակնարկի, Բելառուսն ու Հայաստանը սրելով իրավիճակը ՀԱՊԿ-ում, փորձում են Ռուսաստանից կորզել գազի էժան գին:

Իրավիճակի վերաբերյալ գնահատականներն ու մեկնաբանությունները անշուշտ տարբեր են, ու բավական բարդ է, եթե ոչ անհնար՝ ճշգրտորեն արձանագրել իրերի իրական դրությունն ու կողմերի, այդ թվում Ռուսաստանի իրական մտադրությունները:

Որովհետեւ, ի վերջո, հնարավոր է իրադրությանը նայել հակառակ կողմից, որտեղ Բելառուսի անվստահությունն է Ռուսաստանի հանդեպ՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասով: Դա մատնեց Լուկաշենկոն, օրեր առաջ իր բավական բաց հայտարարություններով, խոսելով նաեւ ՀԱՊԿ մասին, Հայաստանի հետ խնդրի մասին, Փաշինյանի մասին, Սերժ Սարգսյանի ու տարածքների մասին: Լուկաշենկոյի այդ աստիճան բաց ելույթը վկայությունն էր թերեւս այն բանի, որ նա որոշակի շփոթմունքի մեջ է, չի ստացվել խաղը Մոսկվայի դեմ, փոխարենը ստացվում է Երեւանի խաղը Մինսկի դեմ, եւ Բելառուսը կասկածում է, թե դա կարող էր լինել առանց Ռուսաստանի խորքային աջակցության:

Ի վերջո, Լուկաշենկոն նաեւ լավ է պատկերացնում, թե ինչու Մոսկվան կարող է աջակցել Հայաստանին այդ խաղում, եւ ոչ բացահայտ, ինչն այդ աջակցությունը, եւ Երեւանի քայլերն էլ դարձնում է ավելի ուժեղ ու կենսունակ:

Լուկաշենկոն ի վերջո գիտե, որ ինքը ՀԱՊԿ-ում կամ եվրասիական ակումբում թյուրքական կորի հետ խաղում է Ռուսաստանի դեմ: Դա իհարկե Բելառուսի համար ոչ միայն զուտ ֆինանսական օգուտ է, կամ ֆինանսական աջակցության դիմաց պահանջվող ծառայություն, այլ նաեւ Ռուսաստանի հանդեպ «շանտաժի» միջոց: Մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչի մասին բոլորովին այլ առիթով եւ այլ հասցեով տարիներ առաջ Գալուստ Սահակյանն էր արտահայտվել՝ եթե Եվրոպան Հայաստանի իշխանությանը չհասկանա, կգնան դեպի իսլամական աշխարհ:

Լուկաշենկոն Ռուսաստանին «շանտաժում» է՝ եթե Բելառուսին չպահի ինչպես հարկն է, ըստ պահանջմունքի, ապա Մինսկը կգնա թյուրքական աշխարհ: Ի դեպ, դա նաեւ լատենտ շանտաժ է Արեւմուտքին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առիթով Երեւանի քայլերը բացահայտել են այդ իրավիճակն ու Մինսկին դրել անհարմար դրության մեջ: Դրա համար է Լուկաշենկոն շատ կոպիտ հռետորաբանությամբ խոսում, թե ինչու Փաշինյանը նույն հարցերը չի դնում Մոսկվայի առաջ: Բելառուսը ծայրահեղ դեպքում փորձում է Նիկոլ Փաշինյանին քաշել «ռազբորկայի» դաշտ, արժեզրկելով գործընթացի քաղաքական խորությունը: Փաշինյանը չի տրվում դրան եւ չի ներքաշվում Լուկաշենկոյի հետ «ռազբորկայի» մեջ՝ նրա ոճով:

Lragir.am 

Ահա այդ իրավիճակում տարեվերջին միմյանց են հաջորդում Բելառուսի նախագահի եւ Հայաստանի վարչապետի այցերը Մոսկվա եւ հանդիպումները Պուտինի հետ: Լուկաշենկոն ըստ երեւույթին փորձում է այդ իրավիճակում սրել «շանտաժը», Ռուսաստանը փաստացի հայտարարելով ոչ եղբայրական երկիր եւ փորձելով Պուտինին ակնարկել, որ Երեւանին աջակցության շարունակությունը կվատացնի հարաբերությունը Բելառուսի հետ:

Լուկաշենկոյի համար ոչ շահեկան է նաեւ այցերի հաջորդականությունը: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կլինի նրանից հետո եւ փաստորեն նրանը կլինի «վերջին խոսքի» իրավունքը: Ինչ արդյունավետությամբ կօգտագործի այն Հայաստանի վարչապետը:

դիտվել է 43516 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նման բան Հայաստանում դեռ չի եղել. Վիրաբույժը` կայանալիք բացառիկ կոնֆերանսի մասին

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից