Երևան
24 / Մարտ / 2019

Երկու գործարք, պատերազմ եւ խայտառակություն

Հայաստանի վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ռուսական ՏԱՍՍ գործակալությանն ասել է, որ գազի գնի հարցում ներքին թանկացումը կանխող միջոցների շրջանակում խոսք չկա սուբսիդավորման տարբերակի մասին: Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ չի քննարկվում ներքին գնի չթանկացման պարտքային տարբերակը, կամ որեւէ ակտիվով փոխարինելու տարբերակը:

Նախկինում կա այդօրինակ տարբերակի երկու դեպք: 2006 թվականին գազի գինը թանկացնելու ռուսական որոշումը իշխանությունը պահելու մասին խորհող Ռոբերտ Քոչարյանն ու դրան հակառակ նախագահ դառնալ պատրաստվող Սերժ Սարգսյանը բեկանել չկարողացան: Ստացվեց միայն որոշակի փոխզիջում՝ Գազպրոմին վաճառվեց Հրազդան ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկը, որի դիմաց ստացված ավելի քան 250 միլիոն դոլարի առնվազն կեսը Հայաստանի կառավարությունն օգտագործեց սպառողների եւ ձեռնարկությունների համար գազի գնի եռամյա սուբսիդավորման նպատակով: Գազպրոմի պարտավորությունն ընդամենը այն էր, որ մինչեւ 2009 թվականը գազի գինն այլեւս չի բարձրացնի: Գազպրոմը փաստորեն հետ ստացավ ՊՇԷԿ համար վճարած փողի առնվազն կեսը:

Հայաստանի իշխանությանը պետք էր հարցը մի կերպ կարգավորել ընտրական 2007-08 ցիկլը անցկացնելու եւ սոցիալական լարվածության մեծացում թույլ չտալու համար:

Գործարքը ներկայացվեց իբրեւ Սերժ Սարգսյանի հաղթանակ: Համենայն դեպս, Սարգսյանը դա ներկայացրեց որպես իր մտահղացում, որն առաջարկելու է ռուսական կողմին եւ ստանալու է համաձայնություն:

Դա գուցե նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության շուրջ քաղաքական համաձայնությունն էր, երբ Ռոբերտ Քոչարյանին թույլ չտրվեց առաջ մղել ԲՀԿ նախագիծն ու փոխելով խորհրդարանի մեծամասնությունը՝ պահպանել իր իշխանությունը:

Դրվագը հատկապես ուշագրավ է ներկայում Պուտինի հետ Քոչարյանի ընկերության մասին դատողությունների ֆոնին: 2006 թվականին այդ ընկերությունը Քոչարյանին թույլ չտվեց առաջ մղել իշխանության հետագա տասնամյակի իր սցենարը:

Երկրորդ դեպքը հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ էր՝ 2012-13: Հայաստանի մամուլը հրապարակում էր տեղեկություն՝ հղում անելով մաքսային թղթերին, որ գազի գինը հաշվարկվում է ավելի բարձր՝ 215 դոլար, մինչ այդ եղած 185-ի փոխարեն: Իշխանությունը համառորեն հերքում էր: Ներքին շուկայում գինը նույնն էր: Մամուլը գրում էր, իշխանությունը՝ հերքում, թե սահմանին գազը թանկացել է:

2013-ի դեկտեմբերին՝ ընտրական ցիկլից ամիսներ անց, նաեւ Հայաստանի Եվրասիացումից անց, իշխանությունը պաշտոնապես խոստովանեց, որ գազը թանկացել էր, եւ անցնող երկու տարում կուտակվել էր 300 միլիոն դոլարի պարտք, որը փակվեց Հայռուսգազարդի վերջին 20 տոկոսով, եւ այդ ընկերությունը դարձավ 100 տոկոս Գազպրոմի սեփականություն: 2013-ի դեկտեմբերի 2-ին էլ Պուտինի Հայաստան այցի ժամանակ ստորագրվեց հայտնի գազային պայմանագիրը: Ընդ որում, այդ այցն առանձնահատուկ էր ոչ միայն գազային այդ պայմանագրով: Այն բացառիկ էր նրանով, որ այլ երկիր պետական՝ այսինքն ամենաբարձր քաղաքական մակարդակի այց կատարող նախագահը առաջինը այցելում էր ոչ թե տվյալ երկրի պետական որեւէ ինստիտուտ, այլ այդ երկրում ՌԴ ռազմակայան, հետո նոր միայն նախագահի նստավայր:

Դա 2013-ին բնորոշ հատկանիշ էր, քանի որ 2013 թվականը գործնականում Հայաստանի միջազգային սուբյեկտությանը հասցված էական հարվածների մեկնակետ էր, որոնք գծագրված էին այդ ժամանակ Ռուսաստանի քաղաքականությամբ: Պուտինի այցի «կառուցվածքը» ընդգծում էր դա, որը մեսիջ էր, թե Հայաստան չկա՝ կա Ռուսաստան, եւ վերջ:

Հայաստանի իշխանությունը խաղում էր այդ կանոնով, քանի որ ժամանակի այսպես ասած ընդդիմությունը կամ ոչիշխանական բեւեռը սպասում էր Սերժ Սարգսյանի այդ կանոնին հակադրվելուն, Ռուսաստանի օգնությամբ նրան իշխանությունից հեռացնելու համար:

Նաեւ դա էր պատճառը, որ 2013-ից ակնհայտորեն տարեցտարի հասունացող, ռուս-ադրբեջանական աշխույժ գործակցությամբ միս ու արյուն ստացող պատերազմը Հայաստանի ներքաղաքական օրակարգում չկար, իսկ դրա մասին խոսող հազվադեպ փորձագետներին եւ լրատվամիջոցներին ավելի շատ ոչիշխանությունն էր գրոհում եւ փորձում վարկաբեկել, քան իշխանությունը: Հավանաբար այն պատճառով, որ այդ հազվադեպ փորձագետներն ու լրատվամիջոցներն էին իրականում անում այն, ինչ պետք է աներ պետության, ոչ թե սեփական իշխանության խնդրով մտահոգ ընդդիմությունը:

Lragir.am 

դիտվել է 31534 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...