Երևան
22 / Հունվար / 2019

Սերժ Սարգսյանի անվրեպ խաղադրույքը. երկրորդ ճակատը չաշխատեց

Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը Lragir-ի հետ զրույցում Գազպրոմ Արմենիայի ղեկավարությանը հիշեցնում է 2017-ի հունվարից գազի էժանացման քայլը: Ըստ Մանուկյանի, այն ժամանակ Գազպրոմ Արմենիայի ղեկավարությունն ասում էր, որ հաշվարկել են էժանացման արդյունքը՝ գազի սպառման աճ եւ հետեւաբար շահույթի աճ:

Միայն դա չէին ասում իհարկե: Ասում էին նաեւ, թե Վրաստանով տարանցման բանակցությունն ավարտվել է այնպիսի արդյունքով, որը թույլ է տալիս գնալ Հայաստանում գազի էժանացման: Ասում էին նաեւ, թե այդ ընթացքում ինչ որ բան այնպես չգնալու դեպքում էլ Գազպրոմը իր վրա կվերցնի ռիսկը:

Միեւնույն ժամանակ, բոլորի համար է թերեւս պարզ, թե ինչու էին 2017-ի հունվարին այդպես ասում: Որովհետեւ 2017-ի հունվարից սկսվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի պայքարը Սերժ Սարգսյանի դեմ: 2017-ի հունվարին Կարապետյանը առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, հայտարարվեց Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ու մոտ 30 այլ խոշոր կապիտալիստ հայերի մասնակցությամբ:

Գործին միացել էր նաեւ Գազպրոմը, «մասնագիտական սոլիդարությամբ»: Ռուսական հսկայի համար անկասկած հիանալի կլիներ, եթե Հայաստանում իշխանության առաջին դեմքը լիներ իր նախկին թոփ մենեջերներից մեկը, թեեւ Կարեն Կարապետյանը փորձում էր դիրքավորվել Գազպրոմից հեռավորության վրա, հայտարարելով, թե փոփոխվող, արդիականացող էներգետիկայում «գազավիկները» պետք է մտածեն իրենց վաղվա օրվա մասին:

Գազի էժանացումը Գազպրոմի օգնությունն էր Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը ոչ միայն դրան դեմ չէր, այլ գործնականում հենց դրա համար էր վարչապետի պաշտոնին հրավիրել Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանի նախագահության «թույլ տեղը» տասը տարի եղավ փողը, եւ նա չգտավ կայուն ու երկարաժամկետ լուծում, անընդհատ գնալով ինչ որ փոխզիջումների: Կարեն Կարապետյանը հերթականն էր, որը գործնականում աշխատեց:

Աշխատեց, որովհետեւ Սերժ Սարգսյանը խաղադրույք էր կատարել նրա քաղաքական ապաշնորհության վրա եւ գործնականում՝ անվրեպ խաղադրույք:

Կարեն Կարապետյանը մեկ տարի անց ապրիլին թերեւս փորձեց անվրեպ խաղադրույք անել թավշյա հեղափոխության վրա, բայց չհասցրեց՝ խաղատունը փակվեց, իսկ երբ կար արդեն ոչ թե Գազպրոմի, այլ ավելի բարձր մակարդակի աջակցության կարիք, այն չեղավ, մի շարք պատճառներով: Կարեն Կարապետյանի քաղաքական ապաշնորհությունն էր, որ նրան թույլ չտվեց ճիշտ գնահատել իրավիճակն ու հասկանալ, որ եթե գազի էժան գնից բացի չի եղել ավելի բարձր քաղաքական աջակցություն մինչեւ այդ՝ իսկ 2017-ի մարտին Պուտինը Մոսկվայում գրեթե ուղիղ խոսքով հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ է տեսնում Հայաստանի անցումը նախագահականից խորհրդարանական կառավարման, այդ աջակցությունը չէր կարող լինել 2018-ի ապրիլի 25-ից հետո:

Բայց այդ դեպքում էլ չի կարող լինել Գազպրոմի «բարեգործության» իմաստ, որն անում էին Կարեն Կարապետյանի համար: Հասկանալի է, որ Գազպրոմը չի կարող չենթարկվել ՌԴ նախագահին, հետեւաբար Հայաստանի համար գազի թանկացումը այդ մակարդակում է, ոչ թե Գազպրոմն է այդպես որոշել:

Այստեղ սակայն խնդիրը ստացել է բոլորովին այլ բնույթ, որտեղ Գազպրոմը Ռուսաստանի քաղաքական իշխանության համար դարձյալ գործիք է, անկասկած: Բայց ներկայիս իրավիճակում կարծես թե Երեւանը դնում է այլ խնդիր, որ Գազպրոմը ՌԴ քաղաքական գործիք լինելու պարագայում, միաժամանակ դադարի որոշակի ցածր մակարդակներում էլ լինել հայաստանյան քաղաքականության գործոն, մնալով միայն իր երկրի քաղաքական ղեկավարության գործիք: Այդպիսով փաստացի Երեւանը փորձում է չեզոքացնել քաղաքական իմաստով գազային «երկրորդ ճակատը» կամ շերտը:

Lragir.am 

դիտվել է 15257 անգամ

«Ազգային գաղափարախուսություն և այլն»․ սրանք Փաշինյանին բնորոշ տերմիններ չեն. Տեսանյութ

Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն