Երևան
23 / Մարտ / 2019

Էրդողանի ապտակը Պուտինին. սուլթանի բռնությունը

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի նախագահ Պորոշենկոյին, հայտարարել են, որ Ուկրաինան կգնի թուրքական արտադրության մարտական անօդաչուներ: Դրանք օպերատիվ-մարտավարական բնույթի հարվածային անօդաչուներ են: Պորոշենկոն հայտարարել է, որ նորագույն այդ անօդաչուները բացի իրենց բնութագրից, կարող են հագենալ նաեւ բարձր ճշգրտության հրթիռներով եւ խոցել զրահատեխնիկա, ինժեներական ամրություններ եւ ծովային թիրախներ:

Ավելորդ է ասել, թե Ուկրաինային ինչի համար են պետք հարվածային անօդաչուները եւ ընդհանրապես մահաբեր որեւէ սպառազինություն: Ուկրաինան այդպիսի անհրաժեշտություն ունի լոկ Ռուսաստանի ուղղության համար, որի հետ հարաբերությունը գործնականում պատերազմական է արդեն մի քանի տարի եւ իրավիճակը լարվում է պարբերաբար:

Փաստացի, Թուրքիան հարվածային անօդաչուներ է մատակարարում Ուկրաինա Ռուսաստանի դեմ: Եվ դա ռուս-թուրքական այն «եղբայրա-բարեկամական» հարաբերության ֆոնին, որի մասին պարբերաբար հայտարարում է Պուտինը եւ դրա մասին խոսեց նաեւ նախորդ տարեվերջին մեծ ասուլիսի ընթացքում:

Ռուս-թուրքական հարաբերությունն այդ իմաստով բավականին ուշագրավ է՝ Մոսկվան պարբերաբար «երդվում» է բարեկամության ու եղբայրության երդումներով, իսկ Անկարան հարկ եղած դեպքում անվրեպ ու անկաշկանդ «հարվածում մեջքից»: Հետո Պուտինը արդարացնում է այդ հարվածներն ինչ որ «երրորդ ձեռքի» մասին հայտարարություններով եւ տալիս եղբայրա-բարեկամական նոր երդումներ:

Երբ Ուկրաինային Միացյալ Նահանգներն են, օրինակ, որոշում սպառազինություն մատակարարել, ասենք հակատանկային Ջավելիններ, Ռուսաստանը նրանց մեղադրում է իրավիճակը թեժացնելու, լարվածությունը մեծացնելու, այսպես ասած հակամարտությունը սնուցելու համար: Իհարկե Ռուսաստանն ինքնամեղադրանքով աչքի չի ընկել Ադրբեջանին հայերի դեմ զինելիս, բայց հետաքրքիր է՝ Թուրքիային որեւէ բան կասե՞ն, Ուկրաինային հարվածային անօդաչուներ տրամադրելու համար:

Թե՞ Պուտինն Էրդողանի հետ առաջիկա հանդիպմանը կհայտարարի, որ այդ անօդաչուները ինչ որ «երրորդ ձեռք» է տրամադրում Ուկրաինային, որ ռուս-թուրքական եղբայրության վրա քար գցի, բայց իրենք կուլ չեն տա այդ խայծը:

Ազդարարվել է առաջիկա օրերին Էրդողանի Ռուսաստան այցի մասին, որտեղ նա Պուտինի հետ կքննարկի ռուսական C 400 ՀՕՊ համակարգերի պայմանագրի հարցը, Սիրիայի իրավիճակը՝ ամերիկյան զորքի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահի որոշումից հետո: Այդ որոշումը առաջացրել է աշխույժ զարգացումներ, միաժամանակ որոշակի լարում ամերիկա-թուրքական հարաբերության մեջ: ԱՄՆ պահանջում է երաշխիք, որ Անկարան չի վնասի քրդերին: Անկարան հայտարարում է, թե հաշվետու չէ Նահանգներին այդ հարցում:

Ինչ է պատրաստվում քննարկել Էրդողանը Պուտինի հետ: Հատկանշական է, որ դրանից առաջ նա փաստորեն Պյոտր Պորոշենկոյի շուրթերով ապտակ է հասցնում ՌԴ-ին: Ինչո՞վ է պատասխանելու Պուտինը, կու՞լ կտա հերթականը, թե՞ օրինակ որեւէ առիթով շնորհավորական հեռագիր կհղի Գյուլենին: Դա իհարկե կեսկատակ, իսկ իրավիճակը իսկապես լուրջ է, հաշվի առնելով այն, որ Կովկասի անվտանգության համակարգում առանցքային դերակատար Ռուսաստանը իրեն դրել է «թուրքական սուլթանի սիրուհու» կարգավիճակում եւ ոչ միայն չի ընդդիմանում դրան, այլ համապետական Առաջին ալիքով ցուցադրվող սերիալով կարծես թե դրան է վարժեցնում ռուսաստանյան հանրությանը:

Այլ հարց է, եթե Պուտինն այդպիսով փափուկ բարձ է դնում «սուլթանի» գլխի տակ, բայց համենայն դեպս առայժմ ռուս-թուրքական հարաբերությունն առավելապես աչքի է ընկնում սուլթանի «ընտանեկան բռնության» անկաշկանդ վարքով, ինչը լրջագույն սպառնալիք է Կովկասի ռեգիոնալ անվտանգության հեռանկարի համար:

Lragir.am

դիտվել է 23716 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...