Երևան
23 / Մարտ / 2019

Քննարկումներ՝ գազի գնի շուրջ. «Գազպրոմ Արմենիա»-ի պատասխանը

Վերջին շրջանում բուռն քննարկումներ են ընթանում 2019-ից Հայաստան մատակարարվելիք ռուսական գազի գնի վերաբերյալ: Այդ մասին հրապարակային խոսեցին նաև ՀՀ իշխանությունները, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա: Սակայն նկատենք, որ գազի գինը ոչ այնքան տնտեսական հարց է, որքան` քաղաքական:

Օրերս էլ ռուսական «Կոմերսանտ» պարբերականն, անդրադառնալով գազի գնին, գրել էր. «Գազի գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա»-ի համար, բայց ներքին սակագները Երևանը պատրաստ չէ բարձրացնել: Փորձագետների կարծիքով՝ փաստացի՝ «Գազպրոմ»-ը կարողացել է չեղյալ հայտարարել ներքին զեղչը, որի հաշվին «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիա»-ն ներդրումներ է կատարել երկրի ենթակառուցվածքներում»:

Պարբերականի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, ինչպես նաև պարզելու՝ արդյոք գազի գնի վերաբերյալ քննարկումներ եղե՞լ են շահագրգիռ կողմերի միջև և ի՞նչ լուծման տարբերակներ են քննարկվում, արդյոք «Գազպրոմի» հետ պայմանագիրն արդեն կնքվե՞լ է, որևէ այլ պայման փոփոխվելո՞ւ է, թե՞ ոչ, այս և մի շարք այլ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու ակնկալիքով ԼՈւՐԵՐ.com-ը հարցում էր ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերություն:

Սակայն, ընկերությունն, անտեսելով ԼՈւՐԵՐ.com-ի մի շարք հարցադրումները, մեր հարցմանն ի պատասխան հայտնում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով բնական գազ մատակարարող կազմակերպություն, տեղեկացնում է, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 Կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 Լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165,00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի` կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու:

«ՀՀ առաքվող բնական գազի գնի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված` Էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, կարգավորող մարմնի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվում են քննարկումներ (բանակցություններ) Ընկերության՝ որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից բնական գազ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք Ընկերության սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունելու առումով», - ասվում է պատասխանում՝ նշելով, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է, որ նշված քննարկումների (բանակցությունների) արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը:

Ի վերջո, թե ինչ համաձայնության կգան կողմերը և որքանով կհաջողվի լուծել խնդիրը, դժվար է ասել:

Սոնա Հարությունյան

դիտվել է 24281 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...