Երևան
20 / Ապրիլ / 2019

Մեծ ռեւիզիա. Հայ-ռուսական պայմանագրերի լեգիտիմություն եւ վերանայում

Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մեկնաբանելով Գյումրիում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա Ջուլյետա Ղուկասյանի սպանության քննության ընթացքը, նշել է, որ նրա ընտանիքին իրավական օգնություն ցուցաբերելիս աղաղակող փաստերի են բախվել:


Արթուր Սաքունցն ասում է, որ Հայաստանում ռուսական բազայի տեղակայման մասին հայ-ռուսական պայմանագիրը հակասում է Հայստանի Սահմանադրությանը: Նա ասում է, որ զարմանալի է, թե այն ժամանակ Սահմանադրական դատարանն ինչպես է կարողացել հավանություն տալ այդ պայմանագրին, եւ դա կապում է նախկին իշխանության հետ, որը շահագրգռված էր Մոսկվայի քաղաքական հովանավորությամբ:


Հիմա, երբ իրավիճակը փոխվել է, Հայաստանը պետք է վերանայի հայ-ռուսական պայմանագրերը բազայի տեղակայման, ռուս սահմանապահների և գազի վերաբերյալ: Դրանք բոլորը հակասում են Հայաստանի շահերին ու Սահմանադրությանը, եւ ժամանակն է դիմելու Սահմանադրական դատարան՝ առաջարկելով ստուգել այդ պայմանագրերի համապատասխանությունը Մայր օրենքին:

Ռուս-հայկական պայմանագրերը կարգավորում են Հայաստանի կենսագործունեության գործնականում բոլոր հիմնական ոլորտները՝ ինչպես անվտանգությունը, այնպես էլ էներգետիկան, հաղորդակցությունների ու ազգային ակտիվների կառավարումը: Այդ պայմանագրերի օրինականությունը մինչեւ հիմա կասկածի տակ չէր դրվել, քանի որ դրանք ստորագրել էին լեգիտիմության խնդիր ունեցած նախկին նախագահները: Շատ քաղաքագետների գնահատականով, Ռուսաստանի հետ պայմանագրերը, որոնցով Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել ինքնիշխանության կտորները, ստորագրվել են ոչ այնքան ապակայունացումից ու ռազմական գործողություններից խուսափելու, որքան սեփական սեփական իշխանությունը պահպանելու համար:

Հայաստանի ներկայիս կառավարությունը լեգիտիմության խնդիր չունի եւ արտաքին հովանավորության կարիք չունի: Ավելին, ինչպես նշվում է, լեգիտիմությունը թույլ է տալիս Հայաստանին վերանայել քաղաքական հիմքերը, որոնց վրա կառուցվում է տարածաշրջանում արատավոր ստատուս-քվոն:

Շատ շրջանակներում նոր իշխանության լեգիտիմությանը հղումները եւ ստատուս-քվոն փոխելու հնարավորությունն ընկալվել են ղարաբաղայան կարգավորման համատեքստում: Նոր իշխանության հակառակորդներն սկսել են ակնարկել, որ իբր Նիկոլ Փաշինյանին «իշխանության են բերել» մադրիդյան սկզբունքները վերածնելու եւ Հայաստանին տարածքային զիջումներ պարտադրելու համար:

Այդպիսի դատողությունների աբսուրդայնությունն ակնհայտ է: Եթե արցախյան ստատուս-քվոյի փոփոխության աշխարհքաղաքական կոնսենսուս լինի, ավելի հեշտ կլիներ նախորդ «ոչ լեգիտիմ» իշխանությանը ստիպել դա, որոնք ավելի խոցելի էին ճնշման առաջ: Հայաստանից հեռանալուց առաջ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը վերջակետ է դրել այդ հարցում՝ նշելով, որ հայ հանրությունն անգամ չի մտածում տարածքային զիջումների մասին: Այլ խոսքով, զիջումների հանրային պատվեր չկա, եւ լեգիտիմ իշխանությունները չեն կարող հանրության դեմ գնալ:

Լեգիտիմությունը, սակայն, կարող է թույլ տալ նոր կառավարությանը միջպետական պայմանագրերի գույքագրում անել, դրանցում փոփոխություններ անել ու համապատասխանեցնել Հայաստանի Սահմանադրությանն ու շահերին: Ցանկացած հարց կարելի է համաձայնեցնել, այդ թվում՝ Հայաստանում ռուսական բազայի պատասխանատվության, գազի գնագոյացման, Հայաստանում ռուս սահմանապահների գտնվելու հարցերը: Իսկ այն բանի համար, ինչ չի հաջողվի համաձայնեցնել, կարելի է սահմանել հանրային պատասխանատվություն:

Lragir.am

դիտվել է 11143 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արփինե Հովհաննիսյանը փոխել է ապրելակերպը. նախկին պատգամավորը նոր զբաղմունք է գտել

Ինչպիսին էին հայ հայտնիները «Հայ Սուպերսթար» նախագծում և ինչպիսին են այսօր

Տեսանյութ. Երբ գեղեցկության մրցույթի հաղթողը հենց բեմում մաքրեց դիմահարդարումը, ժյուրին շոկի ենթարկվ...

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով