Երևան
19 / Օգոստոս / 2019

Փողն էժանացավ

168.am-ը գրել է. Տնտեսական կյանքի անհողմությունը, մեղմ ասած, ձանձրալի է: Միակ մխիթարությունը տնտեսական առաջընթացի մեծ ու փոքր խոստումներն են: Հարկային օրենսգրքի փոփոխությունից մինչև ներդրումների հնարավոր տարափ: Բայց սրանք բարի ցանկությունների շարքից են: Ցավոք: Ու` ափսոս: Իսկ անցնող շաբաթվա ամենակարևոր տնտեսական տեղեկատվության հեղինակը Կենտրոնական բանկն էր: ԿԲ խորհրդի նիստը քննարկել էր ֆինանսատնտեսական վիճակը և որոշել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0,25 տոկոսով (կամ` 0,25 կետով` ինչպես իրենք են նշում): Ինչո՞ւ է սա կարևոր. հարցը պարզ պատասխան ունի: Փողը՝ որպես ապրանք, իր գինն ունի: Փողի գնի որոշման հարցը կարգավորվում է ԿԲ-ի կողմից` վերաֆինանսավորման դրույքաչափը սահմանելով:

Եթե դրույքաչափը բարձրանում է, ապա տնտեսության համար վարկերը «թանկանում» են: Հետևաբար՝ պակասում են վարկ վերցնողները, ինչը հանգեցնում է տնտեսական աճի դանդաղեցմանը կամ ճգնաժամի: Թույլ տնտեսական համակարգերում վերաֆինանսավորման տոկոսադրույքն էական ազդեցություն ունի տնտեսության վրա: Վերջին տնտեսական ճգնաժամի շրջանից Եվրամիության երկրներում վերաֆինանսավորման դրույքաչափ չի սահմանվում` այն 0-ական է:

Նույն ժամանակաշրջանում ԱՄՆ-ում դրույքաչափը տատանվում է 1-1,25 տոկոսի չափով: Այս ցուցանիշը, կոպիտ ձևակերպմամբ, որոշակի սահման է` տնտեսության (ու ընդհանրապես) վարկավորման տոկոսադրույքի ներքին սահման:

Այսինքն՝ երկրի ԿԲ-ները մի թիվ են նշում՝ գործող բանկերին արգելելով դրանից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրել իրենց հաճախորդներին: Թույլ ֆինանսատնտեսական համակարգ ունեցող երկրների ԿԲ-ները սովորաբար բարձր տոկոսադրույք են նշում-պարտադրում՝ դրանով փորձելով կանխել ցնցումները թե՛ ֆինանսական ոլորտում ընդհանրապես, թե՛ բանկային ոլորտում` մասնավորապես: Ռուսաստանի պարագային այս տոկասադրույքը հիմա 7,75 տոկոս է: Վրաստանում գործող տոկոսադրույքը մի փոքր ավելի ցածր է` 7,25 տոկոս: Երեք-չորս տարի առաջ երկրի բանկային ճգնաժամի տարիներին Ադրբեջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը «հասավ» 15 տոկոսի ցուցանիշի:

Բնականաբար, դա (փողի թանկացումը) մի կողմից՝ հնարավորություն տվեց կանխել բանկային համակարգի փլուզումը: Բայց մյուս կողմից՝ կանխեց նաև տնտեսական աճն ու զարգացումը: Տնտեսության ֆինանսական սովը հաղթահարելու համար անցած տարի տոկոսադրույքը չորս անգամ նվազեցվել է: Նախ` փետրվարին տոկոսադրույքը 15-ից իջավ 13-ի, ապա ապրիլին`13-ից 11-ի, հունիսին՝ 11-ից 10-ի: Հոկտեմբերին արդեն տոկոսադրույքի անկման տեմպն ինքը կտրուկ նվազեց՝ 10 տոկոսի փոխարեն՝ սահմանվեց 9,75: Բայց միևնույն է՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է տարածաշրջանում:

Մեր ԿԲ որոշմամբ՝ այս շաբաթ տոկոսադրույքը 0,25 տոկոսով նվազելով՝ դարձավ 5,75: Փաստորեն, մեր երկրում այս ցուցանիշն ամենացածրն է տարածաշրջանում: Հետևաբար՝ կարելի է պնդել, որ տնտեսության զարգացման տեսանկյունից մենք ավելի շահեկան դիրքում ենք: Կարելին, իհարկե, կարելի է: Բայց տնտեսագիտությունը, մեղմ ասած, ճշգրիտ գիտություն չէ: Երկրորդ, եթե հիշում եք՝ արևմտյան երկրների ու ԱՄՆ-ի ցածր տոկոսադրույքների օրինակը բերելիս՝ նշեցի, որ այդ երկրների ֆինանսական իշխանությունները տոկոսադրույքը նվազեցրին ճգնաժամի հետևանքով և այդ ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Մեր ԿԲ խորհուրդն իր որոշման պատճառը հիմնավորելիս անկեղծ է: Այնտեղ արձանագրված է, որ «Տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ»: Այսինքն՝ ԿԲ-ն, որի վրա օրենսդրությամբ որոշակի տնտեսական պարտավորություններ են դրված, որոշել է հնարավորիս ավելացնել զարգացման ֆինանսական հնարավորությունը: «Բայց ինչո՞ւ այդքան համեստ` 0,25 տոկոսի չափով» հարցը պարզ պատասխան ունի: Նույն ԿԲ-ի վրա դրված օրենսդրական ամենաիմպերատիվ պարտականությունը գնաճը զսպելն է: ԿԲ խորհրդի տեքստում չի թաքցվում, որ գնաճի ցածր տեմպն է իրենց նման որոշում ընդունելու հնարավորություն տվել: Որպես մեկ այլ պատճառ էլ՝ նշված է համաշխարհային տնտեսության տեմպի դանդաղումն ակնկալվածից:

Ահա այսպիսի հակասական իրավիճակ: Մի կողմից՝ կարելի է ուրախանալ, որ սկսվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման գործընթաց, մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ դա տնտեսական ակտիվության թույլ լինելու պատճառով է պայմանավորված: Այ սա` ԿԲ խորհրդի ընդունած որոշման մեջ արձանագրված փաստը, ոչ մի կերպ չի համընկնում մեր իշխանությունների տնտեսական խրոխտ (հեղափոխական, թռիչքաձև և այլն) զարգացման հայտարարվող հեռանկարների հետ:

Այդ հայտարարություն-հեռանկարները նյութական իմաստով առայժմ տեսանելի չեն: Գուցե այն պատճառով, որ խոստումները շատ են գերազանցում մեր հնարավորությունները: Ո՞վ իմանա:

դիտվել է 14564 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին