Երևան
20 / Ապրիլ / 2019

Ցավոք, Ձեր թիմը ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

- Պարո՛ն Վարդանյան, հանրության մեջ լայնորեն քննարկվում է Արցախյան հարցի լուծման՝ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը: Այս շրջանում երկրի ղեկավարությունը ինտենսիվ շփումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ: Ի՞նչ եք կարծում, մո՞տ է հարցի լուծման փուլը:

- Նիկոլ Փաշինյանը միշտ պնդում է, թե ինքը չի կարող Արցախի անունից բանակցել, սակայն, ըստ իս, դա կրում է դեկլարատիվ բնույթ և ուղղված է ներքին լսարանին, քանի որ գործնականում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Փաշինյանն ինտենսիվ հանդիպումների մեջ է Իլհամ Ալիևի հետ, այդ թվում` «պատահական»: Ընդ որում` արցախյան իշխանական վերնախավից որևէ պաշտոնյա ներկա չի գտնվում այդ հանդիպումներում: Այդ ամենը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ, եթե կա արդեն իսկ նշմարվող ճանապարհային քարտեզ, ապա այն պետք է դառնա հասարակական լայն քննարկման առարկա:

Լինելով իրավամբ ժողովրդի ընտրյալ և ունենալով նման բարձր վարկանիշ՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր նախորդներից շատ ավելի էֆեկտիվ և մեզ համար շահեկան կերպով առաջ տանել Արցախյան հիմնախնդրի լուծումը:

Մտահոգիչ և վտանգավոր եմ համարում վերջին շրջանում «տարածք կարգավիճակ» թեզի՝ «տարածք խաղաղության դիմաց» թեզով փոխարինումը, ինչը վերջերս հաճախ է արծարծվում իշխանական կուլիսներում: Խաղաղության կոչերը պետք է անել այն ժամանակ, երբ թշնամին նույնպես պատրաստվում է խաղաղության: Ադրբեջանի պարագայում մենք դա չենք տեսնում: Մենք բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն, բայց այն չի կարող լինել սակարկման առարկա: Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը հակառակ, Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս արտահայտել են ազատագրված շրջանների վերադարձի մասին թեզը, իսկ Փաշինյանն իր հանդիպումներում, ցավոք սրտի, որևէ համարժեք պատասխան դեռևս չի տվել:

- Խոսում ենք Փաշինյանի լեգիտիմության, նաև ընտրություններում հաստատված բարձր վարկանիշի մասին: Պահպանվե՞լ է այն արդյոք, թե՞, ամեն դեպքում, վարկանիշն արդեն անկում է ապրում:

- Մեր արդեն իսկ նախկին ընդդիմադիրների և այսօր իշխանություն դարձած մարդկանց մոտ նկատվում է անձի երկվություն: Իրենց ընդդիմադիր եղած ժամանակ ագրեսիվ կերպով դեմ էին արտահայտվում շքեղությանը, թայֆաբազությանը, բյուջեի անարդյունավետ բաշխմանը, ոչ կոմպետենտ կադրերի նշանակմանը, այնինչ՝ հիմա անում են այդ նույնը՝ ավելի մեծ թափով: Տպավորություն է՝ ՔՊ-ական շատ ու շատ երիտասարդներ` պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ՝ մանկուց երազել էին մեծանալ և դառնալ «Հանրապետական»: Նրանք ոչ միայն չեն կատարում ժողովրդին տված խոստումների գերակշիռ մասը, այլև նոր հոգսեր և խնդիրներ են առաջացնում այն հասարակ, աղքատության շեմին գտնվող մարդկանց համար, ովքեր հավատալով իրենց՝ ոտքի կանգնեցին և մերժեցին Սերժ Սարգսյանի լճացած ու կոռուպմացված համակարգը: Ես ցավում եմ, որ այս թիմն ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը: ՔՊ-ականները չեն գիտակցում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելության պլատֆորմի վրա ստեղծված էյֆորիան արագորեն նահանջում է՝ առաջ բերելով ՀՀ քաղաքացու՝ խնդիրներով և դժվարություններով լի առօրյայի գիտակցումը: Հակառակ տրված խոստումներին, այս պահին մենք ունենք գործազրկության բարձրացող ցուցանիշ, սահմանի վրա գազի գնի թանկացում, պետական հիմնարկների լուծարում, սննդամթերքի թանկացում, տնտեսական և ներդրումային ցածր ցուցանիշ, ոչ պրոֆեսիոնալ կադրերի արհեստականորեն առաջխաղացում և այլն:

- Դուք ուզում եք ասել, որ ժողովուրդն իրեն խաբվա՞ծ է զգում:

Կարծում եմ՝ ժողովուրդը դեռ հույս ունի, որ իր կյանքում կլինեն դրական փոփոխություններ, սակայն փաստ է, որ 25- ամյա քնից արթնացած և իր ուժերին վստահ հայ հասարակությունը երկար չի սպասելու իր կյանքի բարելավմանը և պահանջատեր է լինելու Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի յուրաքանչյուր խոստման կատարման հարցում:

Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հեղափոխության գաղափարը. պարգևավճարներ, շքեղ մեքենաներ, թիկնապահներ, դիլետանտ, բայց անպայման ՔՊ-ական պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարելի է փաստել, որ ՀՀՇ-ի կողմից ներդրված «լավագույն ավանդույթները» շարունակվում են (այստեղ ևս տարվում է ՀՀՇ-ական` «պոլի փետ» լինի՝ ՀՀՇ-ից լինի հայտնի մոտեցումը):

Մեր վարչապետը երևի թե մոռացել է, որ հեղափոխությունը ոչ թե անձերի, այլ արժեքների փոփոխություն է, և մենք ոտքի ենք կանգնել փոխելու ոչ միայն Սերժ Սարգսյանին ու նրա կոռումպացված թիմին, այլ այն արատավոր բարքերը, որով լցված էր մեր երկիրը: Իսկ այդ բարքերը, տարօրինակ կերպով, կան առ այսօր, միգուցե՝ մի փոքր այլ մասշտաբներով:

դիտվել է 4624 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին եթերի մասին

Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով