Երևան
23 / Հուլիս / 2019

Ռուսական կործանիչները ճանապարհին. ԱՄՆ-ի նոր առաջարկը Երևանին

Lragir.am-ը գրում է․Ամերիկյան կողմը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունը, Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Լորա Քուպերը: Նա մասնակցել է ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի դեսպանատան կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված է եղել հայկական Բանակի օրվան:


Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ մոտ ապագայում կժամանի Երեւան՝ հայ-ամերիկյան ռազմական հարաբերության խորացման հեռանկարները քննարկելու համար:

Հայ-ամերիկյան ռազմական գործակցությունն ունի տարիների պատմություն: Դրա առանցքում եղել է գործակցությունը Կանզասի Գվարդիայի եւ հայկական զինված ուժերի միջեւ, որն ունի արդեն ավելի քան 15 տարիների պատմություն:

Հայաստան-ԱՄՆ ռազմական գործակցությունը նոր բնույթ ու որակ ստացավ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ առաջնագծի հայկական դիրքերը համալրվեցին տեսադիտարկման ամերիկյան սարքավորումներով, այդպիսով բարձրացնելով հայկական զինված ուժերի կանխարգելիչ հարվածի հնարավորությունը:

Դրա պրակտիկ ազդեցությունը եղավ 2017-ի փետրվարին, երբ կանխվեց ադրբեջանական դիվերսիայի փորձն, ու հակառակորդի հատուկջոկատայինները հինգ զոհ թողեցին չեզոք գոտում: Դրանից հետո Ադրբեջանը գործնականում հրաժարվել է դիվերսիոն ներթափանցման փորձերից:

Ռազմական նշանակությունից բացի, ամերիկյան տեսադիտարկման սարքերի տեղակայումը ունի նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական կարեւոր նշանակություն եւ իմաստ: Գործնականում դա Վիեննայի օրակարգով նախատեսված հետաքննությունների մեխանիզմի միակողմանի ներդրում է: Ադրբեջանը մերժեց մեխանիզմը, հայտարարելով, որ դա ստատուս-քվոյի ճանաչման մեխանիզմ է: Գործնական իմաստով մեխանիզմը փաստացի ներդրվեց հայկական առաջնագծում, դառնալով ռազմա-քաղաքական բալանսի կարեւորագույն բաղադրիչներից մեկը:

Խոշոր հաշվով, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում այդ բալանսը վերականգնելու հայկական բանակի ջանքին հաջորդել է ուժային կենտրոնների երկու կետային արձագանք՝ Իսկանդերի հեռահար բաղադրիչը Ռուսաստանից, եւ առաջնագծում կանխարգելիչ բաղադրիչը Միացյալ Նահանգներից:

Խոշոր հաշվով, այդ կետային բաղադրիչների առկայությունն է նաեւ այն կոնսենսուսը, որի մասին նախօրեին Երեւանում խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, հայտարարելով, որ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս ռազմական լուծում թույլ չտալու հարցում: Ռազմական լուծում թույլ չտալու մեխանիզմը ռազմա-քաղաքական բալանսի ապահովումն է, ինչի հարցում էլ յուրովի առաջնային նշանակություն ունեն Իսկանդերն ու խորքային տեսադիտարկման մեխանիզմները:

Միեւնույն ժամանակ, ակնառու է, որ իրավիճակն անընդհատ փոխվում է, զարգանում, աճում են մարտահրավերներն ու ռազմա-քաղաքական հավասարակշռության ապահովման համար անհրաժեշտ գործողությունները:

Այդ իմաստով, հատկանշական է արդեն նոր իրողություններում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի ռեգիոնալ այցը, որի ընթացքում նա Հայաստանում արեց աննախադեպ հայտարարություն: Ընդ որում ուշագրավ է, որ Բոլթոնը ռեգիոն այցելեց Մոսկվայից, հանդիպելով այնտեղ Պուտինի հետ: Երեւանում նա հայտարարեց, որ Հայաստանը կարող է ռուսականի փոխարեն ձեռք բերել ամերիկյան սպառազինություն, հատկապես որ այն ավելի լավն է:

Այդ հայտարարությունը Հայաստանում առաջացրեց մեծ արձագանք, բայց առավելապես երկու առումով: Մի կողմից խուճապ, թե այդպիսով Բոլթոնը սրում է հայ-ռուսական հարաբերությունը, մյուս կողմից մանիպուլյացիա՝ Բոլթոնի հայտարարությունը դիտարկելով ոչ թե Հայաստանին արված քաղաքական ուղերձ, որը կտա արտաքին ինքնիշխան ավելի ճկուն քաղաքականության հնարավորություն, այլ իշխանությանը քննադատելու առիթ՝ դարձյալ հայ-ռուսական հարաբերությունները վտանգելու համատեքստում:

Պաշտոնական Երեւանն արձագանքեց, որ կդիտարկի հնարավորությունը, եթե լինի կոնկրետ առաջարկ: Ընդ որում, հետաքրքիր է այն, որ զուգահեռ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում էր երկու գործարքի հարց՝ մեկը դեռեւս նախորդ իշխանությունից սկսած 100 միլիոն դոլարի վարկով սպառազինության ձեռքբերումը, մյուսը նոր սերնդի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը: Ընդ որում, պաշտպանության նախարարն օրերս հայտարարեց, որ կործանիչների ձեռքբերման գործարքը ստորագրված է:

Արդյոք առաջիկայում Երեւան ժամանելու մասին ազդարարած Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան կբերի արդեն հայ-ամերիկյան ռազմական հարաբերության խորացման ավելի կոնկրետ առաջարկներ, դիտարկելով դրանք Երեւանում՝ ռեգիոնալ ռազմա-քաղաքական հավասարակշռությունն ապահովող այն «զուգահեռի» տրամաբանությամբ, որով Մոսկվան ու Վաշինգտոնը սպասարկում են այն կոնսենսուսը, որի մասին Երեւանում հայտարարել էր Կարասինը:

դիտվել է 73878 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է