Երևան
20 / Ապրիլ / 2019

Հայկական բանակը կասեցրեց. Ռուսաստանի գայթակղությունը

Lragir.am-ը գրում է․Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը կարծիք է հայտնել, որ Հայաստանին մատակարարվող Սու 30ՍՄ ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչը Երեւանին կօգնի վերականգնել հավասարակշռությունն օդում եւ որակապես հակակշռել Ադրբեջանին: Նրա խոսքով, անգամ 4 օդամավը բավարար է, որպեսզի հայկական կողմը կարողանա հակակշռել մինչ այժմ եղած ադրբեջանական օդային առավելությունը: Ըստ նրա, Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներն իրենց հատկանիշներով տալիս են այդ հնարավորությունը:

Ռուսաստանցի փորձագետը դրանց մատակարարումը մեկ հարթության մեջ է դիտարկում Իսկանդերի հետ, ասելով, որ այդ մատակարարումներով Մոսկվան կատարում է իր դաշնակցային պարտավորությունն ու ապահովում ռազմա-քաղաքական բալանսը, որի խախտման հետեւանքով սկսվել էր ապրիլյան քառօրյան:

Փորձագետն անշուշտ իրավացի է, եւ բազմաթիվ առիթներ է եղել գրել նաեւ ապրիլյան քառօրյայից առաջ, կանխատեսելով, որ Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական միլիարդավոր դոլարների գործարքները խախտում են բալանսը թե ռազմական, թե քաղաքական իմաստով, ին9ը մեծացնում է պատերազմի վտանգը: Այդ ժամանակ դրա մասին գրում էին եզակի փորձագետներ, լրագրողներ ու լրատվամիջոցներ:

Միաժամանակ, Ռուսաստանի այդ քաղաքականությունը մեծ հավանականությամբ պայմանավորված էր կազանյան պլան կոչվածի ռազմական իրականացման հաշվարկով, ինչի վտանգի մասին եւս գրվել է:

Հասկանալի էր, որ իրատեսական չէր այդ պլանի քաղաքական իրագործումը, մի շարք պատճառներով: Այդ պատճառով զուգահեռ խախտվում էր ռազմական եւ քաղաքական բալանսը, Ադրբեջանի աջակցությամբ, իսկ Հայաստանի հանդեպ վերադասային կոշտ քաղաքականությամբ:

Ակնկալիքն այն էր, որ հավասարակշռության խախտումը կհանգեցնի այնպիսի իրավիճակի, երբ Ադրբեջանի գրոհի դեպքում Հայաստանը չի կարող պաշտպանվել եւ ստիպված կլինի դիմել Ռուսաստանի խաղաղարար օգնությանը:

Բայց, մի կողմից հայկական բանակն ու հանրությունը դիմադրեցին, մյուս կողմից Միացյալ Նահանգները հրադադարի մեխանիզմների հարցում ճնշում բանեցնելով Բաքվի վրա` արագացրին պատերազմի նախապատրաստումն ու փաստորեն ստիպեցին գնալ ֆալստարտի, թույլ չտալով նախապատրաստել այդ պատերազմը եւ դրա միջոցով կազանյան պլանի իրականացումը:

Հետեւանքը եղավ այն, որ Ադրբեջանը սպառեց իր ռազմական դիվանագիտությունը՝ մինչեւ վերջ չհասունացրած, իսկ Ռուսաստանն էլ բախվեց իր հակահայ քաղաքականությանը եւ ստիպված էր արդարանալ Իսկանդերով, որը Հայաստան մատակարարվեց միջազգային եւ ռեգիոնալ ուժային կենտրոնների կոնսենսուսով ու աջակցությամբ, այդպիսով ցույց տալով, որ Ռուսաստանը Կովկասում կարող է միջազգայնորեն լեգիտիմ քաղաքականություն վարել միայն Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունը կատարելու պարագայում, որ դա է Ռուսաստանի ռեգիոնալ դերի այն շրջանակը, որը պատրաստ է ճանաչել Արեւմուտքը:

Մոսկվայի համար այստեղ իհարկե կան մի շարք անհարմարություններ, սակայն խորքային իմաստով իհարկե Կրեմլը անշուշտ լավ է պատկերացնում, որ Կովկասում աշխարհաքաղաքական դիմակայության կոշտացումը կլինի արդեն վերջի սկիզբը:

Ավելին, այդ դիմակայությունը կա, պարզապես ոչ թե Արեւմուտքի, այլ թյուրքական գործոնի դեմ: Ընդ որում, դրա դեմ Ռուսաստանն ուղղակի անզոր է, որովհետեւ այդ գործոնը խոշոր հաշվով արդեն նաեւ ռուսական թիկունքում է: Եվ այստեղ կարող է օգնել միայն Արեւմուտքը, ընդ որում առաջին հայացքից պարադոքսալ դասավորությամբ՝ ՌԴ ներսում դիմակայությամբ, Կովկասում՝ կոնսենսուսով, ինչի մասին Երեւանում հայտարարեց Գրիգորի Կարասինը:

Հայաստանի խնդիրն է այդ կոնսենսուսը պահելը, ինչի համար անհրաժեշտ է ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից պատասխանատվության տակ պահել Ռուսաստանին: Այդ իմաստով դեռեւս նախորդ ամռանը վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող Ադրբեջանը դիմել ռազմական ագրեսիայի, եթե դա չցանկանա Ռուսաստանը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությանը հավատարիմ լինելու եւ հետեւողական խորացնելու մասին հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը դրել է դրանց հստակ գինը, ինչը սակայն միայն Հայաստանի անվտանգության գինը չէ, այլ նաեւ հենց Ռուսաստանի, պարզապես մասշտաբից բխող տարբեր չափումներով:

Այդ համատեքստում հատկանշական է ռազմական հարաբերությունը խորացնելու պատրաստակամության մասին Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի օգնականի տեղակալ Լորա Քոպերի հայտարարությունը, որը փաստորեն նախորդ տարի աշնանը Երեւանում Ջոն Բոլթոնի արած հայտարարության շարունակությունն էր: Պենտագոնի պաշտոնյան հայտարարել է Հայաստան այցի մասին, որպեսզի տեղում քննարկի ռազմական գործակցությունը խորացնելու հեռանկարը:

Դա հույժ կարեւոր գործընթաց է, Ռուսաստանին դաշնակցային, ու միջազգայնորեն լեգտիմի ռեգիոնալ քաղաքականության ռեժիմի հանդեպ պատասխանատու պահելու համար, որպեսզի Երեւանին Սու 30ՍՄ մատակարարելուց հետո, նույնիսկ դեռ պատվերի կատարման ընթացքում, Մոսկվան «սովորության» համաձայն չսկսի բանակցել Ադրբեջանի հետ ավելի նոր սերնդի օդանավերի վաճառքի համար: Հատկապես, որ նախորդ տարի ռուսական մեդիայում հնչեցին կարծիքներ, որ Երեւանի հետ օդանավային գործարքը սկսում են, Բաքվին «գայթակղելու» համար: Ռուսաստանի մոտ այդ քաղաքականության գայթակղությունը կպահպանվի դեռ շատ երկար՝ ի վերջո թյուրքական գործոնն արդեն թիկունքում է, նույնիսկ սրտի կամ արյան մեջ, ըստ այդմ պետք է անընդհատ համալիր քաղաքականություն պատասխանատվության հարցը մշտապես պահելու համար:

դիտվել է 24244 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին եթերի մասին

Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով