Երևան
24 / Ապրիլ / 2019

Եթե պատերազմը խելագար է, պիտի լավ խելագարվես, որպեսզի հաղթես

«Որ էս երկիրը երկիր դառնա»
(հարցազրույց Հրանտ Մաթևոսյանի հետ)

«...ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽԵԼԱԳԱՐ Է, ՊԻՏԻ ԼԱՎ ԽԵԼԱԳԱՐՎԵՍ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՂԹԵՍ...»
Մաս ութերորդ (բաղկացած է 16 մասից)

Վ. Շ. - Եվ մնալու համար մեզ նորից ու նորից պետական կառուցվածք է պետք, եւ ոչ թե այսպես, ամբոխավարի, թալանչիական հոգեբանությամբ, գողանալու, խփելու, սպանելու մտայնությամբ շարունակենք դոփել տեղում։ Եթե երեկ ձեր ասած «ռուս սալդաթից» վախենում էինք, ապա այսօր մեր իսկ ոստիկաններին կարող ենք խփել, պաշտոնյաների վրա հարձակվել, կրակ բացել։

Հ. Մ. - Մինչեւ հիմա ոչ մեկը մատ չի բարձրացրել էս երկիրը ոտք դրած ռուս չինովնիկի, որեւէ պարսիկ պաշտոնյայի վրա... մինչեւ հիմա մեծարում ենք Աղասուն, որից հետո 150 տարի է անցել, նրան աստվածների շարքն ենք դասում, որ համարձակվել է իր հորաքրոջ աղջկան առեւանգող ֆարրաշին սպանել։ Այստեղ Աբովյանի տաղանդն է, նրա հանճարը՝ ետին թվով։

Վ. Շ.- Իսկ դրա փոխարեն պատրաստ ենք իրար կոկորդ պատռել, միմյանց փորոտիք թափել (եւ ցավոք, խորհրդարանն էլ արդեն ետին թատերաբեմի է վերածվել)...

Հ. Մ. - Իմ ու քո սիրելի Վանոն (ես արդեն քիչ առաջ նրա մասին ասացի) պարտվում է փողոցում, քաղաքում սանձարձակություն է, եւ Վանոյի պարտությունը իր բարությունից է գալիս։ Հիշում եմ, երկրաշարժից հետո էր։ Ես ու Ռազմիկ Դավոյանը Մեծ Պարնիում էինք, լսեցինք, որ Երեւանում դեպքեր են տեղի ունեցել, ընդհարումներ, որոնք ավարտվել են պետավտոտեսչության աշխատողների պարտությամբ։ Շատ ցավալի էր։ Խուժանը հաղթել էր պետական կառույցներին։ Կառո՜ւյցը պարտվել էր խուժանին, սա սարսափելի էր, շատ... Այդ ժամանակ դեռ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետություն էր, իր համար կիսաանկախ պետություն էր, ինչեւէ, ինչ որ էր, ինչպես դա կարելի էր անել։ Երբ պետությունը կուժեղանա, կտեսնենք, որ իշխանությունները զորեղանում են, արագ, արագ ժողովրդի կապերը կբացենք եւ կթողնենք ժողովրդին, որ պետությանը խփի, չթողնի, որ իշխանությունները լկտիանան։

Վ. Շ. - Եվ եթե որեւէ քայլ է կատարվում կամ գործողություն է սպասվում ոստիկանների կողմից, ապա որեւէ կուսակցություն իր անդամներին դուրս է թափում եւ իշխանության հրաժարականն է պահանջում։ Հիմա ի՞նչ պիտի անենք։ Կամ պիտի թվացյալ դեմոկրատիա լինի, այսինքն՝ ամբոխն ինչ ուզենա անի, կամ պետությունը կայանալու համար պիտի վերադառնանք ուժեղ ձեռքին։ Մեր անելանելի վիճակն այսօր դա է թելադրում։

Հ. Մ. - Քուվեյթի պատերազմի ժամանակ էր, Իրաքը ռմբակոծվում էր։ ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ժողովրդական նախաձեռնությամբ հարձակվել էին արաբների թաղամասի վրա, ջարդուփշուր արել ամեն ինչ... Եվ պրեզիդենտական գվարդիան, անմիջապես, շատ արագ պարաշյուտով դեսանտ իջեցրեց դեպքի վայր ու կարգուկանոն հաստատեց։ Ահա այդպիսի արագ կողմնորոշում է պետք, կողմնորոշման այդպիսի արագություն է պետք եւ ոչ թե բռնությունից պետք է վախենալ։

Վ. Շ. - Նման դեպքեր եղել են, բայց տարբերություն մինչեւ հիմա նախկին ու այսօրվա պետությունների միջեւ չենք կարողացել դնել։ Շահարկողներն են միայն շատացել, եւ նորից պետության մասին մտածող չկա։ Ներքին թշնամուն հաղթելու դեղատոմսի մասին պետք է մտածել։ Չնայած այս դեպքում էլ երկմտում ես, թե ներսի թշնամին էլ դրսից բերովի է ու պատվերով թշնամանք է առա-ջացնում։

Հ. Մ. - Այո, կարող է։ Ուրեմն աշխատել են մեզ վրա, լավ էլ աշխատել են, կոդավորել, գցել են մեքենայի վրա, եւ ընդունակներս պարծենում ենք, թե որքան բան գիտենք։ Ամեն անգամ, ամեն ֆրազից հետո ետ նայելով, ակամա նաեւ զարմանում ենք, թե ինչքան ճիշտ խոսեցինք...

Մաս իններորդ

Վ. Շ. - Որերորդ օրն է Թատերական (Ազատության) հրապարակում ընդդիմության, այսպես կոչված, «Ազգային դաշինքի» միտինգներն են տեղի ունենում։ Եթե այնտեղ լինեիք, եթե խոսափողի մոտ լինեիք, ի՞նչ կասեիք մեր ժողովրդին։ Իհարկե, ես դրա հարկը չեմ տեսնում, որ Հրանտ Մաթեւոսյանը հանրահավաքին պիտի խոսի, չեմ տեսնում եւ կոչի հարկը, որովհետեւ վերջին մի քանի տարում շատ սրբություններ ջնջվեցին, մեր ունեցած քիչ թե շատ հեղինակությունները վարկաբեկվեցին, եւ այսօր չկա այն այրը, ով կարող է իսկապես խելացի ճանապարհ ցույց տալ, ճշմարիտը ցույց տալ, որովհետեւ ճշմարիտը միայն մեկն է լինում (իսկ մենք այնքան ճշմարտություն ունենք, որքան կուսակցություն կամ թե որքան բնակիչ կա Հայաստանում), բայց, համենայն դեպս՝ Ձեր խոսքը գոնե նրանց, ովքեր կարող են, ովքեր ունկ ունեն լսելու։

Հ. Մ. - Սա չպիտի լիներ։ Սա Աթիլլայի կերպարն է հրապարակում, սա Աթիլլայի կերպարն է բարձրացրած, կործանումը, կործանումի կերպարը... Սա չպիտի լիներ... Լավ-վատ չպիտի խառնվեին։ Գլխավորը՝ քանդելը չպիտի լիներ, լավը վատին խառնելը։ Էստեղ գուցե իրենց որդուն էլ, իրենց ծնողին էլ, մեծին-փոքրին չհարգելն էլ է, ոտի տակ թշնամու հետ կորցնելը, բայց չպիտի լիներ, բայց լինելուց էլ հարկ է լավ խելագարվել։ Դ. Դեմիրճյանի խոսքը տեղին է չէ՞՝ «Խելագարությունը խելագարվեց», կամ «Կռիվը կռվում է»։ Այդ տեսակ արտահայտություն ունի։ Պիտի խելագարվես, եթե պատերազմը խելագար է, պիտի լավ խելագարվես, որպեսզի հաղթես...

Վ. Շ. - Բայց այսօր էլի մեր պատմությունն է ջրի երես դուրս գալիս, եւ եթե մինչեւ հիմա դասեր քաղած լինեինք, այս օրին չէինք հասնի. ահա սրա տխրահռչակ օրինակը՝ ինչպես հունիս-հուլիսյան, այնպես էլ վերջին օրերի քաղաքական իրավիճակը։

Հ. Մ. - Ցավով պիտի համաձայնեմ։ Մի երկու անգամ խորհրդարանում այդ մասին կոչ է եղել՝ խոսքի պես, համոզիչ ու տպավորիչ կոչ, բայց ուղղակի կոչ է եղել, որովհետեւ այդ անողները լինելիքի առջեւ պատասխանատվությունից խուսափելու համար են կոչն արել։ Բայց իսկապես, այդ անկեղծ խոսքի կարիքը, կլոր սեղանի եւ անկախ խոսքի կարիքը կար. ես շատ եմ զգացել։ Հրապարակում կարող եւ պետական դատողության տեր մարդիկ մի կլոր սեղանի շուրջ նստեն եւ առարկան, խնդիրը ներկայացնեն։ Յուրաքանչյուրն ունի իր վերաբերմունքը, իր միտքը, իր տպավորությունը, եւ բոլորի խոսքից կամբողջանա առարկայի նկարագրությունը, եւ դրանից կարելի կլինի ելնել ու գործել ըստ նկարագրված առարկայի պատկերի։ Ահա գործողությունների օբյեկտիվ ընթացքին համաքայլ գնալու ձեւն է սա, կերպը եւ ոչ թե երեկվա որդիների պես դարձյալ մեր սուբյեկտիվ կարծիքները, մեր միակողմանի տպավորությունները որպես առարկայի ամբողջական նկարագրություն ընկալելով՝ հարձակվել այլ կարծիքների վրա, չհանդուրժելով այլ կարծիքներ։ Իսկապես ոչ պետական այրերի վարք է դա։ Եթե կարճ ասեմ, ուղղակի մեր Աստծուն մեզ հայհոյել են տվել, մեր կուռքերը խլել են, եւ այս արանքում որոշ թշնամանքով Լենինի արձանը կփլեինք, բայց այդ արձանը դեմոնտաժելու, քանդման հետ քանդելու կերպարն է հրապարակ ներխուժում։ Արդեն գործող ուժ է դառնում քանդելը, եւ դրանից հետո Լենինից մինչեւ Շահումյան, Շահումյանից էլ մինչեւ Անդրանիկ ուղղակի մեկ քայլ է։ Անդրանիկին արձան չկանգնեցնելը, մեկ ուրիշին քանդելը դրան է տանում ու մինչեւ դա է գնում։ Եվ տես, թե ոնց սկսեցին դիկտատորին հայհոյել ու դամբարանից հանելով թքեցին ու վերջ։ Մենք ուրախությամբ դրան ընդառաջ գնացինք՝ նախկին Միության բոլոր ժողովրդավարների հետ։ Դրանից հետո էլ ահա գնաց-գնաց ու սահման չդրվեց եւ դեռ գնում ու գնալու է... Եվ էս արանքում կգնան քո Ավետիք Իսահակյանն ու մյուս կենդանի հեղինակությունները, որոնցից կպահանջեն այն, ինչ որ նրանք ի զորու չեն։ Համո Սահյանից դու ոնց ես ուզում, որ նա սուրը ձեռքին կողքիդ կանգնած լինի։ Չի կարող Համոն, որովհետեւ 75 տարեկան մարդ է։

Մաս տասերորդ

Վ. Շ. - Բայց կարծեմ համաձայնեցիք այն դահլիճին կամ կլոր սեղանին, որն այսօր հացից ու օդից առավել պարտադիր է։ Կուզենայի թվարկեք այդ մարդկանց, ինքս իմ մեջ չուզենալով, որ նրանք լինեին որեւէ կուսակցության ղեկավար կամ որեւէ կուսակցության հարող մարդիկ, որովհետեւ կուսակցությունները խորհրդարանում այսօր շահարկում են կուսակցական շահը եւ անձնական ամբիցիաները։

Հ. Մ՚ - Չհամաձայնելով քեզ հետ, պիտի թվարկեմ առաջին հերթին հենց կուսակցության լիդերներին եւ հանրապետության նախագահին՝ որպես մեկ այլ կուսակցության լիդեր։ Եվ պարտավոր էին ու են կլոր սեղանի շուրջ նստել ու իրենք իրենց մեջ խոսել, հնարավորինս անկեղծ՝ վեր մնալով կուսակցական շահերից։

Վ. Շ. - Լավ, այդ դեպքում համաձայնեք, որ Ձեզ նման մարդիկ պիտի լինեին նրանց կողքին։

Հ. Մ. - Փաստ է, շատ էլ ճնշիչ փաստ է, որ թեկուզեւ նույն Հովհաննես Թումանյանն էլ խորհրդարանում լիներ, նա նույնպես վերածվելու էր ընդամենը մեկ կոճակի, նրա ետեւը կուսակցություն չէր լինելու։ Փաստորեն կուսակցությունները խորհրդարանական աշխատանքների ճշգրիտ ձեւեր են։ Մարդկությունը կառավարման ուրիշ ձեւ չի գտել, սրանից ելնելով, փրկարար կոչը ոչ թե ժողովրդին պետք է հղել, այլ կուսակցություններին, որպեսզի նրանք իսկապես կարողանան վեր մնալ իրենց նեղ շահերից։

Վ. Շ. - Անհեռանկար բան է։ Ոչինչ չի ազդի։ Իմ կարծիքով, խորհրդարանն իսկապես փակուղի է մտել ու ժամանակն է, որ կամ կուսակցությունները լուծարվեն, կամ խորհրդարանը ցրվի, որը մեր սահմանադրությամբ չի նախատեսվում։

Հ. Մ. - Դասական կապիտալիստական երկրներում, Եվրոպայում եւ առհասարակ քաղաքակիրթ երկրներում, որոնք որպես տերություններ կայացած են, օրինակ՝ Իսպանիայում, ոչ հեռավոր անցյալում քաղաքացիական կռիվների վերջը Ֆրանկոն դրեց, որն իր ժողովրդի պաշտամունքն է այսօր։ Այդպիսին Չիլիում Պինոչետն էր, Թուրքիայում Օզալը եղավ։ Այս մարդկանց դիկտատոր էին կոչում, բայց դա ընդամենը ռազմական ուժ է, որը գալիս է հաստատելու իշխանություն։ Ցավալիորեն մենք այդ բանակը չունենք, որի գեներալը գար, բոլորի լեզուներին կապ դներ, ժամանակավոր լռություն պահանջեր, ասենք՝ երեք տարվա։ Եվ գործող չինովնիկների համար ապահովեր նորմալ գործունեության վիճակ ու պայմաններ։

Շարունակելի

Զրույցը վարեց Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ «Հայաստանի Հանրապետություն»,
20-21.08.1992 թ.
«Չորրորդ իշխանություն» 2011թ

դիտվել է 5776 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել