Երևան
20 / Ապրիլ / 2019

Ռոբերտ Քոչարյանը քանդում է պալատը. նրան խաբել են

Lragir.am-ը գրում է. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, նախօրեին պատասխանելով լրագրողների հարցին՝ ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու Ռոբերտ Քոչարյանի որոշման անօրինականության վերաբերյալ, տվել է հետաքրքիր պատասխան:

Նա ասել է, որ կարելի է պատկերացնել նախագահի աշխատանքային ծանրաբեռնվածության շրջանակը եւ Ռոբերտ Քոչարյանն անձամբ չէր կարող ճշտել Միքայել Հարությունյանի քաղաքացիությունը:

Հայկ Ալումյանն իրավացի է: Նախագահը չի կարող անձամբ անել ամեն ինչ, տիրապետել ամբողջ տեղեկատվությանը, ստուգել բոլորի անձնագրերը, քաղաքացիությունը եւ այլն: Ի վերջո, դրա համար կա աշխատակազմ, կան տարբեր ստորաբաժանումներ, այլ գերատեսչություններ, որոնք պատրաստում են նախագահի որոշումները:

Բայց, փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանին խաբել են, նրանից առնվազն թաքցրել են ճշմարտությունը եւ այդպիսով՝ 2002 թվականից ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականին նշանակել է պաշտպանության նախարար, այն դեպքում, երբ օտարերկրյա քաղաքացին չէր կարող նշանակվել այդպիսի պաշտոնում, չուներ դրա իրավունքը: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանին մղել են անօրինականության:

Եթե նրան խաբել են, ճշմարտությունը նրանից թաքցրել են այդ հարցում, ապա ի՞նչ երաշխիք կա, որ նրան չեն խաբել շարունակաբար, ոչ պակաս կարեւոր, գուցե ավելի կարեւոր հարցերում: Չկա ոչ մի երաշխիք: Եթե նրան խաբել են մի հարցում, ապա, այլ առիթներով ու առումներով, ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին լիովին այլ առիթով՝ հնարավոր էր խաբել Ռոբերտ Քոչարյանին:

Համենայն դեպս, ստացվում է այդպես: Միաժամանակ, դրանով հանդերձ ստացվում է նաեւ բավական հակասական պատկեր: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ իր քաղաքական լեգենդը կառուցել է իրեն խաբելու կամ ճշմարտությունը թաքցնելու անհնարինության վրա: Ավելին, Ռոբերտ Քոչարյանն անգամ մի ամբողջ կենսագրական գիրք է գրել փաստացի նաեւ այդ մասին: Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանն իր նախագահական տասնամյակի ընթացքում կառուցել է լիակատար կառավարելիությամբ թագավորական պալատի մի լեգենդ, որը սակայն այժմ փլում է իր իսկ ձեռքով, կամ իր փաստաբանի ձեռքով:

Ստացվում է, որ նրան կարելի էր խաբել, թաքցնել ճշմարտությունը: Եթե մինչ թավշյա հեղափոխությունը երկրորդ նախագահն իր քաղաքական պաշտպանությունը կառուցում էր լեգենդար պալատի սկզբունքով, ապա նոր իրավիճակում նա տեսնում է, որ պալատն արդեն պաշտպանություն չէ, այլ վտանգ, ուղիղ պատասխանատվություն: Նա գրեթե բոլոր առանցքային դրվագներով հայտարարում է կապ չունենալու, պոստֆակտում տեղեկանալու մասին:

Մյուս կողմից, սակայն, Ռոբերտ Քոչարյանը փորձում է պահել իր այն շրջապատը, համակիրներին այն շրջանակը, կամ գոնե կորիզը, որը ձեւավորվել է՝ տուրք տալով հենց պալատի լեգենդին: Շատերն իհարկե հետնախագահական տասնամյակում սկսեցին կասկածել, չվստահել, բայց Ռոբերտ Քոչարյանը շարունակեց անել դա, եւ թերեւս կասկածները ցրելու, վստահությունը վերականգնելու համար էլ սկսել էր աշխատել կենսագրական գրքի վրա: Բայց շաբաթը եկավ ուրբաթից շուտ, ստեղծելով երկատված վիճակ:

Մի կողմից պետք է շտապ համախմբել որոշակի շրջանակ՝ ինչի համար գուցե պետք կգա գիրքը, մյուս կողմից պետք է իրականում անել գրքին հակասող հայտարարություններ, ցույց տալով, որ ամենակարող գործիչը իրականում բոլոր առանցքային հարցերին տեղեկացել է պոստֆակտում, եւ հնարավոր էր նրան խաբել, թաքցնել ճշմարտությունը:

Երկրորդ նախագահը մի կողմից հայտարարություն է անում կալանավայրից եւ իր համակիրներին ու զինակիցներին կոչ անում չհուսահատվել, պահել ոգին ու պայքարը, մյուս կողմից ստիպված է իր իսկ ձեռքով փլուզել պալատը, որտեղ թագավոր էր:

Կոնսոլիդացիան պահելու շաղախը մնացել է «ոսկե միջինը»՝ բառի բուն իմաստով, կամ պատկերավոր ասած՝ միջինի ոսկին:

դիտվել է 57083 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին եթերի մասին

Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով