Երևան
24 / Ապրիլ / 2019

Պատրանքային խաղաղության ավարտը. կառավարությունը դրեց խնդիրը

Lragir.am-ը գրել է. Առաջիկա հինգ տարիներին կառավարության քաղաքականությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված բարձր մրցունակությամբ ներառական տնտեսության կառուցմանը, նշված է Հայաստանի հանրապետության նոր կառավարության հնգամյա ծրագրի առաջին կետով:

Ուշադրության է արժանի այն, թե կառավարությունն իր ծրագրի առաջին իսկ նախադասությամբ արձանագրված նպատակին հասնելու համար ինչն է համարում նշանակալի՝ Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումն ու շարունակվող ամրապնդումը:

Այդ խնդրի առաջնային թվարկումը պարունակում է մի կողմից նշանակալի ուղերձներ արտաքին քաղաքականության եւ անվտանգային հարցերի, մյուս կողմից ընդհանրապես Հայաստանի զարգացման պետական ռազմավարության խորքում ընկած պատկերացումների եւ փիլիսոփայության առումով:

Հայաստանը «դատապարտված» է զարգանալ չավարտվող կամ «սողացող» պատերազմի, ռազմա-քաղաքական հակամարտության պայմաններում, ունենալով ագրեսիվ հարեւան եւ հակառակորդ, որը չի թաքցնում իր ռազմավարական նկրտումները Հայաստանի հանրապետության հանդեպ՝ ներառյալ Արցախը:

Ադրբեջանի հետ որեւէ համաձայնության գալու պատրանքը, բացի հայկական պետականության գոյության ռիսկերի եւ սպառնալիքների շրջանակը ընդլայնելուց եւ անվտանգության միջավայրը թուլացնելուց, չի բերելու որեւէ այլ իրողության: Դա պատրանքային է նաեւ իբրեւ խաղաղության հասնելու բանաձեւ: Հայաստանի համար գործնական եւ արդյունավետ կարող է լինել խաղաղություն պարտադրելու կարողությունների անընդհատ աճով խաղաղություն ու կայունություն ապահովելու մոտեցումը:

Հայաստանն ու Արցախը իրենց անվտանգության մակարդակով կարող են երաշխավորել խաղաղություն ու կայունություն, թեկուզ որեւէ փաստաթղթով չամրագրված: Իսկ եթե Հայաստանն ու Արցախը չերաշխավորեն այդ կայունությունը, բավական բարդ կլինի զարգանալ անկայունության մշտական ռիսկի պայմաններում: Տնտեսական զարգացման կարեւոր գրավականներից մեկը կայունության առավելագույնս երաշխավորվածությունն է:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծն ու պետական ռազմավարությունը, Հայաստանը կարող է ապահովել կայունության մեկ երաշխիքի գոյություն՝ սեփական համոզիչ պաշտպանունակությունը, ռազմա-քաղաքական բալանսի պահպանման կարողունակությունը:

Այստեղ առերեւույթ կարող է ստացվել հակասական իրավիճակ: Ի վերջո, անվտանգության մակարդակը էապես կախված է տնտեսական զարգացման մակարդակից, հետեւաբար պետք է զարգանալ՝ անվտանգության պահանջները բավարարելու համար:

Սակայն, նախ դա ամենեւին աքսիոմատիկ պնդում լինել չի կարող, հետեւաբար՝ Հայաստանը պետք է անվտանգության մակարդակ ապահովի տնտեսապես զարգանալու համար: Եվ դա նաեւ հնարավոր է, որովհետեւ Հայաստանի անվտանգային ռեսուրսը կամ մեկնակետը զրոյական չէ, Հայաստանն Արցախի առաջին պատերազմի արդյունքում ձեւավորել է անվտանգային կարողությունների ռազմա-քաղաքական բավական համոզիչ պլաստ, որը չնայած հաջորդ քառորդ դարի սպառման, մսխման քաղաքականության, այդուհանդերձ պահպանել է իրեն բավարար չափով՝ առնվազն ապրիլյան գրոհը կասեցնելու ուժով:

Ըստ այդմ, Հայաստանը կանգնած է պահպանվող ռազմա-քաղաքական հենքը տնտեսական զարգացման կամքով համալրելու հրամայականի առաջ: Այլ Հայաստանը, մոդելային այլ պատկերացումով պետական քաղաքականությամբ Հայաստանը որպես սուբյեկտ չի հետաքրքրելու որեւէ մեկին: Այդ իմաստով, զարգացման նպատակի համար նշանակալի հանգամանքների հաջորդականությունը կառավարության ծրագրում սահմանված է առկա իրողություններին համարժեք:

Որքանո՞վ համարժեք կլինի ռազմա-քաղաքական հենքի եւ տնտեսական զարգացման կամքի փոխլրացման կոնկրետ իրագործումը:

դիտվել է 8884 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել