Երևան
17 / Փետրվար / 2019

Արցախի հարցում կարեւորն ասվել է. նոր մեկնարկ

Lragir.am-ը գրել է. Արցախի բանակցային կողմ լինելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեռեւս 2018-ի մայիսի 9-ից են աշխույժ քննարկման առարկա: Հենց այդ օրը նա վարչապետի կարգավիճակում առաջին օրն առաջին անգամ այցելելով Արցախ` հայտարարեց, որ չունի Արցախի անունից բանակցելու մանդատ:

Նիկոլ Փաշինյանը դա կրկնեց պարբերաբար, այդ թվում օրերս Մոսկվա կատարած այցի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, Փաշինյանը շեշտեց, որ Արցախի հանրությունը ձեւավորում է իր իշխանությունը, եւ այդ հանրությանը կարող է ներկայացնել այդ իշխանությունը:

Այդպիսով, Երեւանը շեշտում է կարգավիճակը, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» Բաքվի տեխնոլոգիան կանխարգելելու համար:

Հայաստանի վարչապետի հայտարարության աշխույժ դիտարկումներում քիչ չեն նենգափոխման փորձերը: Միաժամանակ, հարցի շուրջ հանրային ուշադրությունը կենտրոնացվում է հետեւյալ հանգամանքի վրա՝ իսկ իրատեսակա՞ն է, որ Արցախը վերադառնա բանակցության սեղան, դառնա կողմ, Ադրբեջանը կհամաձայնի՞ բանակցել Արցախի հետ:

Բնականաբար, այդօրինակ հարցադրումները ենթադրում են բացասական պատասխան: Բայց արդյոք ռացիոնալ է խնդիրը դիտարկել այդ հարցադրումների շրջանակում: Ռացիոնալ չէ, որովհետեւ այդ տրամաբանության շրջանակում ընդհանրապես անիմաստ է Ադրբեջանի առաջ որեւէ հարց դնելը, քանի որ Բաքուն չի համաձայնելու ամբողջից պակաս որեւէ բանի: Ըստ այդմ, եթե հարցը դիտարկում ենք այդ համատեքստում, ապա ոչ միայն Արցախի կողմ լինելու մասին խոսելն է դառնում անիմաստ, այլ ընդհանրապես Ադրբեջանի առաջ մեր որեւէ շահի մասին խոսելը՝ միեւնույն է, չեն համաձայնելու:

Հասկանալի է, որ այդ տրամաբանությունը ռացիոնալ չէ եւ որեւէ կապ չունի իրական քաղաքական վիճակի, խնդրի էության, Հայաստանի եւ Արցախի ռազմավարական խնդիրների եւ անելիքների համատեքստում:

Խնդիրն այն չէ՝ կհամաձայնի՞ Բաքուն բանակցել Արցախի հետ, կհամաձայնի՞ Արցախի վերադարձին, թե ոչ: Ընդհանրապես, Հայաստանի քայլերը պետք է մշակվեն, խոսքերը պետք է հնչեն ոչ այն ելակետից, թե որքան է դրանց Ադրբեջանի համաձայնության հավանականությունը:

Հայկական կողմի քայլերը պետք է կառուցվեն իր ռազմավարության համատեքստում, եւ այդ իմաստով վարչապետ Փաշինյանը կատարել է նոր իրավիճակ ձեւավորելու ուղղությամբ առանցքային քայլ, հայտարարելով, կամ այսպես ասած իրեն զրկելով Արցախի անունից բանակցության մանդատից եւ Բաքվին դրանով իսկ դնելով նոր իրողության առաջ:

Եվ այդ իրողության պայմաններում Ալիեւին հարց ունի տալու օրինակ Ադրբեջանի հանրությունը, թե այդ ի՞նչ է բանակցում Փաշինյանի հետ, եթե վերջինս մի քանի անգամ շատ հստակ եւ միարժեք ասել է, որ Արցախի անունից բանակցելու մանդատն Արցախի իշխանությանն է:

Այդպիսով, կընդունի, կհամաձայնի Ադրբեջանը, թե ոչ՝ դա արդեն Բաքվի խնդիրն է: Ընդ որում խնդիր, որի հետ համանախագահները նրան թողնում են մենակ, հայտարարելով, որ իրենք չեն Արցախին դուրս թողնողը, հետեւաբար՝ իրենք դեմ չեն, որ Արցախը վերադառնա:

Շուտ կվերադառնա Արցախը, թե ուշ, դա արդեն էական չէ: Հայկական կողմն այստեղ չունի շտապելու առիթ: Արցախի սուբյեկտությունը բանակցություն վերադառնալ-չվերադառնալուց չէ, որ կախված է: Ավելին, բանակցային սեղանին լիարժեք կողմի կարգավիճակով վերադարձն է կախված Արցախի սուբյեկտությունից: Իսկ Արցախի սուբյեկտությունը կախված է մի շարք ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներում ցուցաբերվող որակներից, բովանդակային նախաձեռնություններից, եւ բնականաբար դրանց ընդունակ հասարակական-քաղաքական շրջանակների առկայությունից:

դիտվել է 5814 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն