Երևան
17 / Փետրվար / 2019

Ո՞րն էր Ինեսսա Գաբայանի ազատման հրամանի դրդապատճառը

168.am-ին հայտնի է դարձել պետական կառավարման համակարգում սկիզբ առած հրաժարականներից մեկի նախապատմությունը: Խոսքը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը լքած Ինեսսա Գաբայանի մասին է, ում փետրվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ի. Գաբայանը տեղյակ չի եղել Կառավարությունում իր դեմ հասունացած տրամադրությունների մասին: Պաշտոնյա տիկնոջը վերջին շրջանում անուղղակիորեն արվել են ակնարկներ, նախարարություններ ուղարկված գրությունները մերժվել են՝ անհարկի պատճառաբանություններով կամ անարձագանք են մնացել, տապալվել է տոներից հետո նրա ձեռնարկած միջգերատեսչական հանդիպում-քննարկումը:

Իսկ ազատման մասին տհաճ անակնկալը ջրային ռեսուրսների գլխավոր կառավարչին մատուցել է ոչ թե իրեն նշանակող անձը՝ վարչապետը, այլ կառավարության երկրորդային դեմքերից մեկը: Աշխատասենյակ հրավիրված Ինեսսա Գաբայանին պաշտոնյան կարճ հայտնել է կառավարության ղեկավարի դիրքորոշման մասին՝ ասելով, որ չեն ցանկանում շարունակել աշխատանքն իր հետ: Իսկ հրապարակված ազատման հրամանի վերաբերյալ որոշակի պարզաբանում հարկ չեն համարել տալ: Հեռացող պաշտոնյան փորձ է արել գոնե մի քանի նախադասությամբ ներկայացնել իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացում կատարած աշխատանքը, սակայն այդ հնարավորությունը նրան չի տրվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի լսել իր նշանակած կադրին, ում 2018թ. հուլիսի 10-ին կառավարության կազմ էր բերել բիզնես միջավայրից և նրա պատասխանատվությանն էր հանձնել ամենակոռուպցիոն ոլորտներից մեկը: Իսկ Գաբայանի ծառայությունից հրաժարվելու պատճառը, ըստ մեր ունեցած աղբյուրների, եղել է ոռոգման ջրերի թերի հավաքագրված գումարները: Նրան ոչ մի կերպ կերպ չի հաջողվել գերազանցել իրեն նախորդած պաշտոնյաներին: Տիկին Գաբայանը ձախողել է հատկապես ոռոգման ջրերի պարտքերը հավաքագրելու գործում:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Ջրային կոմիտեի նախագահ նշանակված Արսեն Հարությունյանի կողմից 2017 թվականին հավաքագրման ծավալը կազմել էր 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը հավաքագրման առավելագույն չափն էր արձանագրել՝ կոմիտեի ողջ պատմության ընթացքում: Ջրային կոմիտեում հավաքագրումներից տարիներով կուտակված պարտքը, որ Արսեն Հարությունյանի օրոք նվազեցվել, հասցվել էր մինչև 2.5 միլիարդի, տխուր ցուցանիշով նորից աճել է Ինեսսա Գաբայանի կառավարման կարճ ժամանակահատվածում: Ի դեպ, տիկին Գաբայանը ձախողել է նաև ջրերի կորուստները կասեցնելու քաղաքականության և ջրամատակարարման աճ ապահովելու մակարդակում, մինչդեռ նախորդ պաշտոնյան ոռոգվող հողատարածքները 1հեկտարի մասով 5130 խմ-ից հասցրել էր 6001 խմ-ի: 2017-ին ջրամատակարարման հասույթը 2016-ի համեմատ ավելացել էր 1 մլրդ 420 մլն դրամով:

Ջրային՝ թվով 15 ջրօգտագործող ընկերությունների խոշորացման արդյունքում՝ Ի. Գաբայանի ղեկավարած կառույցը 2018 թվականի հարկահավաքը ձախողել է ՝ մուտք չանելով պետբյուջե սպասվածի մոտ 50 %-ից ավելին: Թվում է՝ Նոր Հայաստանում Կառավարությունն այլևս պիտի ունենար նոր մարտավարություն, հրապարակային հիմնավորեր և նշանակումները, և կադրերից ազատվելու դրդապատճառները, սակայն իրականությունն այն է, որ ոչ վաղ անցյալում պատգամավորի խոսափողից այս պահանջներն իշխանությանը պարտադրող Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկին ազատման հրամաններ է արձակում՝ խուսափելով հրապարակայնացնել իր նշանակած կադրերի թերի կողմերը:

Ի դեպ, Ինեսսա Գաբայանի զբաղեցրած պաշտոնում, հնարավոր է, նշանակվի մարզպետներից մեկը, որն իր պաշտոնում ձախողել է ավելի ցցուն դեպքերով: Ստացվում է՝ Ինեսսա Գաբայանի հարցում իրավիճակը չփրկեցին անգամ «Իմ քայլը» հիմնադրամին արած նրա նվիատվությունները: Հիշեցնենք, Ինեսսա Գաբայանը կառավարության միակ պաշտոնյան էր, ով բարձրաձայն խոստովանել էր, որ իր պարգևավճարը նվիրաբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ինեսսա Գաբայանը մինչ այդ էլ հիմնադրամին պարբերաբար տարբեր չափերի գումարներ է փոխանցել:

Հիշեցնենք, Ինեսսա Գաբայանը Ջրային կոմիտեի նախագահ նշանակվել էր 2018թ. հուլիսի 10-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր փոքր ՀԷԿ-երի նախագծմամբ և այդ ոլորտում խորհրդատվական ծառայություններ տրամադրող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ տնօրենի պաշտոնը: 1995 թվականից գործող կազմակերպությունն Ինեսսա Գաբայանի և ամուսնու համատեղ ընտանեկան բիզնեսն է համարվում:

դիտվել է 16143 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն