Երևան
20 / Ապրիլ / 2019

Վարդենիսի համայնքապետի թեկնածուն ու նրա աջակիցները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը. պահանջում են մարզպետի հրաժարականը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեժ մթնոլորտ է։ Արդեն քանի ժամ է՝ առաջադրված թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն ու աջակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին՝ բողոքելով խտրական մոտեցումից ու անարդարությունից։

Tert.am-ի հետ զրույցում Գևորգ Սիմոնյանը նշեց. «Նույն ահավոր պատկերն է, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում էր:

Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող․ պահանջում ենք մարզպետի հրաժարականը։
Մեկ ամիս է՝ մարզպետն իր համակուրսեցուն նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար։ Նա խոչընդոտում է բոլոր թեկնածուներին, վախեցնում։ Իր հրամանով արգելել են ինձ հանդիպել հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Իսկ մյուս թեկնածուներն արդեն հանդիպել են։ Այդ պատճառով էլ փակել ենք ճանապարհը ու պահանջում ենք մարզպետի հրաժարականը»,- մանրամասնեց Գևորգ Սիմոնյանը։

Մինչդեռ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը վստահեցնում է՝ դրանք անհիմն մեղադրանքներ են։ «Իրենց պատճառաբանություններն անընդհատ փոխվում են։ Իրենք աշխատանքային ժամին են մտել հիվանդանոց, ու այն պահին, երբ ծանր դեպք կար, վթարի հետևանքով չորս հոգու լուրջ վնասվածքներով բերել էին հիվանդանոց։ Ո՞նց կարող էին աշխատողներն այդ պահին իրենց լսել, երբ որ լուրջ դեպք կար», -Tert.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց Արամ Մելքոնյանը։

Նրա պնդմամբ՝ նախկինում ինքը շատ լավ հարաբերություններ է ունեցել Գևորգ Սիմոնյանի ու նրա աջակիցների հետ, սակայն հիմա ամեն ինչ այլ կերպ է։ Ասում է՝ բոլորին էլ ճանաչում են, գիտեն՝ ով ինչի համար է ճանապարհ փակում․ «Վարդենիսում հիմա արդարություն կա, պարզ, մաքուր աշխատում ենք։ Այ դրա համար էլ նրանք չեն հարմարվում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մարզպետն ինձ աջակցում է, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ նման բան չկա, մենք անգամ նորմալ չենք էլ շփվում։ Ո՛չ ես, ո՛չ մարզպետը մեղավոր չենք, որ ընդամենը երկու տարի համակուրսեցիներ ենք եղել։ Իրեն վերջին անգամ մեկ ամիս առաջ եմ տեսել՝ մարզխորհրդի նիստի ժամանակ»,-ասաց նա։

Գնել Սանոսյանն իր հերթին Tert.am-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե իբր ինքն աջակցում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին․«Ես և իմ քաղաքական թիմը չենք խառնվում և ոչ ոքի չենք աջակցում։ Ես հենց նոր եմ Հայաստան վերադարձել, և իմ անունից որևէ աշխատողի հրահանգ չի եղել հիվանդանոց թողնել կամ չթողնել։ Եվ հետո իրականում հիվանդանոց մտնել չի կարելի, եթե մյուս թեկնածուները մտել են, սխալ են արել, խախտել են համապատասխան ընթացակարգերը»,-հայտնեց նա։

Սանոսյանի վստահեցմամբ՝ այս ամբողջ աղմուկը բոլորովին այլ երանգներ ու պատմություն ունի։ Ըստ նրա՝ Գևորգ Սիմոնյանի եղբայրը, ով Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենն էր, օրեր առաջ չի վերանշանակվել պաշտոնին։ Սանոսյանը կարծում է, որ այս ամենն ավելի շատ դրա հետ է կապված։

դիտվել է 15139 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արփինե Հովհաննիսյանը փոխել է ապրելակերպը. նախկին պատգամավորը նոր զբաղմունք է գտել

Ինչպիսին էին հայ հայտնիները «Հայ Սուպերսթար» նախագծում և ինչպիսին են այսօր

Տեսանյութ. Երբ գեղեցկության մրցույթի հաղթողը հենց բեմում մաքրեց դիմահարդարումը, ժյուրին շոկի ենթարկվ...

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով